Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ 100 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՌՆԱՄ՝ ԽԱՅՏԱՌԱԿ ԼԻՆԵՄ»

Մայիս 07,2010 00:00

\"\"Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններն արդեն 4000-ից էլ քիչ են մնացել: Նրանցից մեկն էլ բնակվում է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում: 96-ամյա Վռամ Զաքարյանն է, ում համար Մեծ հայրենականի թեման միշտ արդիական է, հիշողությունները՝ անսպառ:

20 տարեկան է եղել, երբ սկսել է Մեծ կռիվը: Ինքն էլ՝ նոր-նոր ամուսնացած: Թողել է կնոջն ու մի քանի ամսական երեխային ու գնացել ռազմաճակատ: Երկու ամիս անց, հենց առաջին մարտի ժամանակ՝ ոտքից վիրավորվել է: Հոսպիտալում առաջին օգնություն ցույց տալուց, ոչ ամբողջապես բուժելուց հետո ուղարկել են տուն՝ տնային պայմաններում բուժումը շարունակելու: Երբ լիարժեք կազդուրվել է, գնացել է Երեւանի հավաքակայան եւ հենց տեղում էլ իմացել, որ տանկիստ դառնալու դասընթացներ են սկսվել: 6 ամիս սովորելուց հետո Վռամ Զաքարյանը կրկին ռազմաճակատում էր: Ուրալում տանկային ջոկատ են կազմում եւ ուղեւորվում Լենինգրադ՝ քաղաքը շրջափակումից ազատագրող զորամիավորումներին միանալու համար: «Մարտական բնութագրիս մեջ գրված է՝ Վռամ Զաքարյանը Լենինգրադում հարձակման ժամանակ 32 հոգանոց մի գերմանական ջոկատ տրորել է տանկի թրթուրների տակ»,- պատմում եւ բնութագիրն է ցույց տալիս 96-ամյա ծերունին: Մարտական այս սխրանքի համար նա արիության մեդալ է ստացել:

Վետերանի պիջակը զարդարում են տարբեր տարիների ու երկրների ղեկավարների շնորհած մեդալներն ու շքանշանները, որոնցից ոչ բոլորն է հնարավոր եղել տեղավորել պիջակի օձիքին:

Լենինգրադն ազատագրելուց հետո մերձբալթյան երկրները ոտքի տակ տալով՝ Վռամ Զաքարյանը հասնում է Ֆինլանդիա, որտեղ մասնակցում է ամենաթեժ մարտերից մեկին: «Գերմանացիներն ուժեղ ամրություն էին կառուցել, մենք պետք է կարողանայինք ճեղքել այդ պաշտպանությունն ու առաջ շարժվել: Իրագործվեց Հովհաննես Բաղրամյանի պլանը՝ ամեն մետրի վրա պայթյուն կազմակերպել. կլիներ դա տանկից, գնդացրից, հրանոթից, թե օդանավերից՝ պայթյունները պետք է հաջորդեին իրար: Այդպես էլ արեցինք եւ գերմանական պաշտպանությունը ճեղքելով առաջ անցանք»,- հիշում է Վռամ Զաքարյանը:

Վետերանի հիշողություններում միշտ թարմ է մի դեպք, որը տեղի է ունեցել Գերմանիայում: Պատմում է, որ քաղցը հագեցնելու համար գերմանական փոքրիկ մի քաղաքում ընտանի կենդանիներ են որսացել ու հանձնել տարեց գերմանուհիներին՝ իրենց համար կերակուր պատրաստելու համար. «Ընտրեցինք մի գեղեցիկ շենք, որ նստենք ու սնվենք: Մեծ դահլիճ ուներ՝ մեծավորների նկարները պատերին փակցրած: Շքեղ կահույք էլ կար՝ լիքը ոսկյա եւ արծաթյա սպասքով: Զինվորներից մեկը՝ Ժորա Պախովը, հանկարծ վազեց բազմոցի մոտ եւ ասաց, որ դրանք իրենն են, իր տան կահույքն ու սպասքն է: Որպեսզի հավատանք, առաջարկեց նայել բազմոցի ետնամասը, որտեղ իր խնդրանքով կահույքագործը Ժորա Պախով էր գրել: Նայեցինք ու մնացինք զարմացած. այդպես էլ կար: Ժորան մեզ դահլիճից դուրս հանեց ու այդ ամենն այրեց»:

Հաղթանակից 11 օր առաջ, Բեռլինի մատույցներում, Վռամ Զաքարյանը ծանր վիրավորվում է. այս անգամ թշնամու գնդակը վնասում է զինվորի թոքը. «Հոսպիտալում էի, երբ ռադիոն հայտարարեց հաղթանակի լուրը: Ցավերս մոռացած՝ պար էինք գալիս ուրախությունից: Հիշում եմ, թե ինչ կերուխում կազմակերպեցինք»: Վռամ Զաքարյանը շատ է ափսոսում, որ հնարավորություն չի ունեցել միանալու Բեռլինում քոչարի պարող հայ զինվորներին: Սակայն չի ափսոսում իր երիտասարդ տարիները հայրենիքի պաշտպանությանը նվիրելու համար: «Սովետական երկրի համար արժեր արյուն թափել»,- ասաց պատերազմի ամենաթեժ տարիներին՝ 1943-ին կոմունիստական կուսակցության շարքերն անցած Վռամ Զաքարյանը: Նույն եռանդով էլ պատրաստ է զենք վերցնել նաեւ հիմա, եթե «Աստված չանի՝ վտանգի մեջ հայտնվի Հայաստանը»:

3 երեխա, 11 թոռ, 23 ծոռ ու երկու թոռան թոռ ունի պատերազմի դաժան ճանապարհն անցած ծերունին: «Զարմանում եմ՝ էդքան բան տեսնելով ո՞նց եմ կենդանի մնացել: Հիվանդություն էլ չունեմ, վախենում եմ 100-ն էլ անցնեմ՝ ըլնեմ խայտառակ»,- կատակում է Վռամ Զաքարյանը եւ առողջ ու երկար ապրելու իր դեղատոմսն առաջարկում՝ օրվա ընթացքում կում-կում մեկ բաժակ օղի «դատարկել» եւ զբաղվել ֆիզկուլտուրայով:

Մասնագիտությամբ ֆինանսիստ Վռամ Զաքարյանը մի բանի համար է շատ ափսոսում. «Անկատար մնաց դերասան դառնալու երազանքս: Նույնիսկ քննություն տվեցի. քննական հանձնաժողովի անդամները՝ Գուրգեն Ջանիբեկյանը, Ավետ Ավետյանը, Արուս Ոսկանյանը, զարմացած էին մնացել իմ վարպետության վրա: Բոլորը բարձր գնահատեցին: Մի քանի օր հետո պատին փակցրած ցուցակում առաջինն իմ անունը կարդացի: Աշխարհով մեկ եղա, բայց հայրս թույլ չտվեց շարունակեմ: Ուզում էր ֆինանսիստ դառնայի, ես էլ դառա»:

Վռամ պապը խորհրդային տարիներին օգտվել է վետերաններին տրվող բոլոր արտոնություններից: «Դրանք փլուզվեցին ՍՍՀՄ փլուզման հետ: Հիմա Մեծ հայրենականի վետերաններս ոչ մի արտոնություն չունենք: Շատ վիրավորական է, երբ հարեւան երկրներում ինչ-ինչ զեղչեր են անում, մեզ մոտ դեռ նոր-նոր ինչ-որ բան են ուզում սկսել: Դա էլ նրա համար, որ մի քանի հազար վետերան ենք մնացել, մենք էլ 3-4 տարի հետո կլքենք էս մեղավոր աշխարհը»,- ասում է Վռամ պապը: Բայց գոհ է Գրիբոյեդով համայնքի ղեկավարից, ով ամեն տարի գյուղի վետերաններին 10 000 դրամ է տալիս եւ խնջույք կազմակերպում՝ «5000 դրամ էլ մարզպետն է տալիս»: Վիրավորվել է, երբ օրեր առաջ Հայաստանի վետերանների միությունում իրեն տեսնելով՝ զարմացել էին. «Մենք մտածել ենք՝ դու մեռել ես, դրա համար միջոցառումների հրավեր չենք ուղարկել»,- ասել էին:

Վռամ պապը մեծ ընտանիք ունի՝ ապրում են 8 հոգով: Ապրում են որդու աշխատավարձով եւ իր 57 000 դրամ թոշակով, որից 27 000-ը պատվո վճար է: Գրիբոյեդովի ամենատարեց բնակիչն է՝ գյուղի նահապետը: Գյուղում Հայրենականի եւ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան են կանգնեցրել: Բացման պատիվը վերապահել են Վռամ Զաքարյանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել