ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են աշնանն այցելել իրենց ասելով՝ «գրավյալ», մեր համոզմամբ՝ ազատագրված տարածքներ:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպումների արդյունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում ամփոփել են հուլիսի 5-ին հրապարակած հայտարարությամբ: Միակ ուշագրավ բանը, որ ասել են համանախագահները իրենց այս հայտարարությամբ, այն է, որ հայտնել են աշնանը «գրավյալ տարածքներ» առաքելություն ձեռնարկելու իրենց ծրագրի մասին: Մնացած ամեն ինչում համանախագահների հայտարարությունը այն հերթական «թռչնակն է», որը սովորաբար նկարում են համանախագահները՝ ամեն անգամ տարածաշրջան այցելելով եւ հակամարտության կողմերի ներկայացուցիչներին հանդիպելուց հետո։ Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս, կարծես, հատուկ իմաստ չեն դնում այս հերթական հայտարարության մեջ, եւ նրանց եւս ուշագրավ է թվացել ազատագրված տարածքներ համանախագահների այցելության մտադրության մասին հայտարարությունը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Համանախագահների հայտարարության փիլիսոփայությունը հարիր է իրենց երկրների նախագահների վերջին հայտարարությանը, ըստ էության՝ այս հայտարարությունը եւս որեւէ նոր էլեմենտ չի պարունակում: Բնական եմ համարում, որ համանախագահները ցանկանում են այցելել Ղարաբաղին հարակից տարածքներ, որովհետեւ կարգավորման գործընթացում այդ տարածքների խնդիրը շատ առանցքային դետալ է: Մանրամասներին մենք, իհարկե, տեղյակ չենք եւ տեղյակ չենք, թե ինչ մանդատով եւ առաքելությամբ են նրանք այցելելու այդ տարածքներ, բայց որ դա միանշանակ տեղավորվում է նրանց մանդատի մեջ՝ հաստատ է»:
Մեր դիտարկմանը, թե այս հայտարարությունը համանախագահների այն հերթական հայտարարությունների շարքից է, որը ոչինչ չի տալիս կարգավորմանը եւ կարծես արվում է զուտ հիշեցնելու համար, որ համանախագահները դեռ կան, պարոն Սուրենյանցը համամիտ էր. «Այո, ես կիսում եմ ձեր տեսակետը, բացատրեմ, թե ինչու: Անկախ նրանից, որ երեք նախագահները եւ երեկ նաեւ՝ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, առնվազն վերջին 15-20 օրվա ընթացքում ավելի բեւեռային են դառնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դիրքորոշումները: Այսինքն՝ ավելի ու ավելի զգալի է դառնում, որ հակամարտության երկու սուբյեկտներն ունեն տրամագծորեն տարբեր մոտեցումներ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս դեպքում կամ համանախագահ երկրները պետք է դիվանագիտական ճնշում գործադրեն հակամարտության կողմերի վրա, ինչը քիչ հավանական եմ համարում, կամ համաձայն եմ այն տեսակետին, որ հնչեցված հայտարարությունը շարքային մի հայտարարություն է: Չնայած նման հայտարարությունները, սովորաբար, նպաստում են պատերազմի կանխարգելմանը: Կարգավորման բուն գործընթացին օգնել չեն կարող, բայց կարող են զսպել պատերազմի վերսկսման ռիսկերը»,- վստահ է Սուրեն Սուրենյանցը:
Ըստ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչի, համանախագահների գլխավոր առաքելությունն այս պահին հնարավոր պատերազմի վերսկսման կանխումն է. «Իսկ կարգավորման գործընթացը մի քանի ամսվա խնդիր չէ»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կարծիքով եւս Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունը գրեթե չի տարբերվում վերջին տարիներին նրանց այլ հայտարարություններից: Կան, իհարկե, մի քանի մանրուքներ, որոնք ավելի հստակ են հնչում, բայց դրանք կրում են իրադարձային բնույթ՝ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, եւ դրան համանախագահները իբր արձագանքում են. «Համանախագահները ուղղակի մերժում են ադրբեջանցիների այդ մոտեցումները: Դա շատ կարեւոր եմ համարում մի քանի պատճառներով՝ քանի որ ադրբեջանցիների կողմից տեղի ունեցածը հատուկ պատրաստված եւ իրականացված սադրանք էր, իսկ համանախագահների հայտարարության մեջ ուղղակի հնչեցվում է հետեւյալը՝ այսօր համաշխարհային բոլոր ուժերը այդ հարցում համակարծիք են եւ չեն տեսնում այլընտրանք Մինսկի խմբին եւ հրադադարի այն ձեւին, որը կա»: Ըստ տիկին Ալավերդյանի, համանախագահների այս հայտարարությամբ չիրականացավ ադրբեջանցիների երազանքը՝ խաղաղապահ ուժերի մասին, որ հնարավոր էր ստեղծվեր միջազգային խաղաղապահ ուժեր այս տարածքում. «Չիրականացավ ադրբեջանցիների երազանքը՝ միջազգային խաղաղապահների մասով, եւ այս առումով, սա է այն մանրուքը կամ դետալ կոչվածը, որ ես տեսնում են հայտարարության մեջ»: Հարցրինք նաեւ, թե ի՞նչ կտա հարցի կարգավորմանը «գրավյալ տարածքներ» աշնանը համանախագահների հավանական այցելությունը, եւ թե ինչո՞ւ են համանախագահները ցանկանում այցելել այդ տարածքներ, ի՞նչ են այնտեղ կորցրել: Լարիսա Ալավերդյանը նախ հայտարարեց, թե չի ընդունում այդ բառակապակցությունը եւ այդ որակումը. «Նախ, այդ տերմինաբանությունն անընդունելի է («գրավյալ տարածք»- Մ. Ե.), եւ արդեն պետք է հիշեցնել մեր այսքան տարիների պնդումն այն մասին, որ որեւէ մեկը իրավունք չունի այդ տարածքները «գրավյալ» կոչել, բացի մեկ ատյանից՝ միջազգային դատարանից՝ տրիբունալից, քանի որ միայն այս ատյանը կարող է տալ որեւէ որակում: Իսկ մյուսները, ովքեր դա ասում են, ասում են որպես ածական, եւ որեւէ մեկը չի կարող լուրջ ընդունել եւ համարել, որ այս տարածքներն ունեն այդպիսի գրավյալ կարգավիճակ:
Հակառակը, այդ կարգավիճակը ավելի քան վիճելի է: Իսկ միջազգային նորմերին համապատասխան այդ տարածքները կարելի է անվանել նախկինում վիճելի տարածքներ, որոնք վեճի, այն է՝ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի ընթացքում վերադարձվել եւ վերամիավորվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այսինքն՝ ես այդ տերմինը մերժում եմ ոչ թե այն պատճառով, որ արցախցի եմ կամ՝ որովհետեւ այս հարցով զբաղվում եմ, այլ որովհետեւ միջազգային իրավունքին համապատասխան այս կամ այն կարգավիճակը այս կամ այն տարածքներին տալը բացարձակապես քաղաքական որեւէ խմբի իրավունքը կամ լիազորությունը չէ: Իսկ Մինսկի խումբը հենց քաղաքական խումբ է»:
Ըստ մեր զրուցակցի՝ համանախագահների այս հայտարարության վերջին մասը, որով հայտարարում են, թե մտադիր են աշնանն այցելել «գրավյալ տարածքներ», նշանակում է մի բան, որ իրենք քաղաքական հայտարարություններով պնդում են, որ այդ տարածքները «գրավյալ են»: Եվ հենց սա է, որ համանախագահներն անելու իրավունք չունեն:


















































