Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան այս նախաձեռնությանը ադրբեջանական կողմն արձագանքել է հերթական բողոքով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիեւ այցին ընդառաջ՝ Ուկրաինայում հեղինակավոր «Ima
ge.ua» միջազգային բիզնես ամսագիրը լույս է ընծայել հատուկ համար, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին եւ Ղարաբաղին: Համարը, ինչպես նշված է ամսագրում՝ հրատարակվել է «Ուկրաինայում Հայաստանի դեսպանության եւ անձամբ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի աջակցությամբ»: Երկլեզու՝ ռուսերեն եւ անգլերեն հրատարակված «Image.ua»-ի այս համարի շապիկին Հայաստանն ու ԼՂՀ-ն են, ընդ որում՝ յուրաքանչյուրը ներկված է իր դրոշի գույներով (լուսանկարում): Համարը մի փոքրիկ հանրագիտարան է Հայաստանի մասին՝ ներառված են ոչ միայն ընդհանուր տեղեկություններ մեր երկրի, նրա տնտեսության, պատմության, կրոնի եւ մշակույթի մասին, այլ նաեւ առանձին անդրադարձներ կան Հայոց ցեղասպանությանն ու Սփյուռքին, վերջինիս առավել հանրահայտ ներկայացուցիչներին: Բացի այդ՝ ամսագրի 8 էջ էլ նվիրված է ԼՂՀ-ին, որի ընդամենն իբրեւ հարեւան է նշված Ադրբեջանը, եւ մանրամասն ներկայացված են ԼՂՀ կարգավիճակին վերաբերող հարցերը:
Ենթադրելի է, որ նման հրապարակումը չէր կարող չհարուցել Ուկրաինայի գործընկերոջ՝ Ադրբեջանի դժգոհությունը: Եվ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե արդեն եղե՞լ է արձագանք ամսագրի այս հատուկ համարին: Ի պատասխան նա նախ հիշեցրեց, որ Ուկրաինան Ադրբեջանի հետ միասին ՎՈՒԱՄ անդամ է. «Եվ ադրբեջանցիներին թվում էր, թե իրենք Ուկրաինայում կարող են ամեն տեսակ հակահայկական քարոզչություն իրականացնել, ու իրենց դիմակայելը շատ դժվար կլիներ: Բայց մեկ տարուց ավելի է, ինչ Ուկրաինայում եմ եւ կատարել եմ մի քանի խոշոր քայլեր՝ հակադարձել նրանց տարածած այն տեղեկատվությանը, որով ցանկանում են ուկրաինացիներին ներկայացնել, թե Ղարաբաղն իրենցն է եղել, իրենք ավելի հին ազգ են, քան հայերը եւ այլն»: Շարադրելով ամսագրի այս համարի նախաձեռնության պատմությունը՝ պրն Մանուկյանն ասաց. «Գլխավոր խմբագիրն ինձ խնդրում էր, որ հենց առաջին էջի վրա չտեղադրվեն ՀՀ եւ ԼՂՀ քարտեզները՝ միասին: Բայց ես ավելի շատ խնդրեցի, որ անպայման այդպես լինի, ու նրանք համաձայնեցին»: Եվ հավելեց. «Պարզ է, որ ադրբեջանցիներին դուր չի եկել այս մասը, թուրքերին էլ դուր չի գա Ցեղասպանության մասը: Ինձ արդեն տարբեր աղբյուրներից հասել է տեղեկատվություն, որ նրանք բողոքի նոտաներ են հղում Ուկրաինայի ԱԳՆ»:
Դեսպանը պատմեց, որ համանման արձագանք էր եղել նաեւ այնժամ, երբ 2010-ի սեպտեմբերին կազմակերպել էր ուկրաինացի լրագրողների մի մեծ խմբի այցելությունը Հայաստան եւ ԼՂՀ. «Այդ ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Ուկրաինայի ԱԳՆ-ին: Եվ երբ ինձ հրավիրեցին Ուկրաինայի արտաքին գերատեսչություն՝ բացատրեցի, թե ճիշտ եմ արել, քանի որ ուկրաինացիները որեւէ տեղեկություն չունեն Ղարաբաղում ապրող շուրջ 140 հազար խաղաղ բնակիչների մասին»: Հիշատակեց, որ Ուկրաինայում հրատարակվող խոշորագույն «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցները ոչ միայն Ղարաբաղի մասին էին գրել, այլեւ հավասարակշռությունը պահպանելու համար՝ նաեւ հարցազրույց վերցրել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանից, եւ նա ասել էր, թե սպասում են գլխավոր հրամանատարի հրահանգին, որ պատերազմով հետ վերցնեն Ղարաբաղը: Մինչդեռ հրապարակման մեջ ներկայացված էր ԼՂՀ-ում ապրողների ցանկությունը, որ երկիրը խաղաղ լինի, նրանց հիշողությունները, թե ինչպես էին ադրբեջանցիները Շուշիից ռմբակոծում Ստեփանակերտը եւ այլն:
«Ես խոստացել եմ, որ եթե 2010 թվականին կազմակերպել էի 12 լրագրողների այցելությունը, ապա 2011-ին Հայաստան եւ ԼՂՀ կհրավիրեմ ուկրաինական 36 լրագրողի,- անտեսելով նման քայլերից ձեռնպահ մնալու եւ ուկրաինական լրագրողներով Ադրբեջանի «persona non grata» անձանց ցուցակը դարձյալ չհամալրելու հորդորները՝ ասաց Անդրանիկ Մանուկյանը:- Ես ցանկանում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը ճիշտ տեղեկատվություն ստանա Հայաստանի մասին: Եվ դրա համար ձեռնարկելու ենք այլ լուրջ քայլեր եւս»:


















































