
Ես հնարավոր չեմ համարում, որ որեւէ հանձնաժողով, որքան էլ այն ներկայացուցչական ու արհեստավարժ կազմ ունենա, կկարողանա անդրադառնալ ու անսխալ գնահատել այդ անձանց ծառայությունները:
Անշուշտ, այդ անձանց շարքում եղել են ե՛ւ հերոսներ, ե՛ւ ստահակներ: Եթե անգամ այդ հանձնաժողովը հազար ստահակի է բացահայտելու՝ մեկ հերոսի անունը վարկաբեկելու գնով, ապա ես դա անթույլատրելի եմ համարում:
Միաժամանակ խորապես հավատացած եմ, որ հերոսներն անհամեմատ շատ ավելին են եղել, քան ստահակները: Հետեւաբար այս օրինագիծը ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ ներկայացված է միայն ու միայն քաղաքական կոնյունկտուրայի նպատակով: Այս կերպ փորձ է արվում ամրագրել, իբր, հանուն ժողովրդավարության պայքարի մի նոր կռվան, որը, սակայն, ընդամենը նախընտրական քարոզչական հնարք է:
Ոչ միայն նախընտրական շրջանում, այլեւ ընդհանրապես նման օրինագծերի նկատմամբ պետք է լինի շատ կոշտ դիրքորոշում: Մենք իրավունք չունենք պառակտել մեր հասարակությունը: Պետք չէ որեւէ մեկին հնարավորություն ընձեռել, որ նա նախորդ որեւէ պետական կարգ հայտարարի ազգադավ ռեժիմ եւ այսօրվա խորհրդարանում լյուստրացիայի պահանջ դնի:
Ի դեպ, թեեւ այս օրինագծի համահեղինակներից Ստյոպա Սաֆարյանը շատ ճիշտ նշում է լատիներեն այս բառի իմաստը՝ ինքնամաքրում, բայց չի շարունակում, որ կրոնական այս երեւույթը ինքնամաքրումը պատկերացնում է զոհողության գնով»:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»


















































