Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վիճակը կարող է դառնալ «գերբեռնված»

Մայիս 05,2012 12:31 Share

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը՝ Հայաստանի արտաքին սպառնալիքների մասին

Դեռ մեկ ամիս առաջ քաղաքական ուժերի ներկայացուցիչները ահազանգում էին արտաքին քաղաքական խնդիրների մասին, որոնք դամոկլյան սրի նման կախված են Հայաստանի գլխին: Այդ համատեքստում մեր երկրի համար օրախնդիր էին համարվում հատկապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների զարգացումը, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները: Նախընտրական գործընթացները կարծես ստվերեցին արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները: Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ զրույցում «Առավոտը» փորձեց հասկանալ՝ ինչ իրական սպառնալիքներ կան Հայաստանի համար: Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի վիճակը «գերբեռնված» կարող է դարձնել այն, եթե Վրաստանը ստանա ՆԱՏՕ-ի ասոցացված անդամի կարգավիճակ, ինչը հնարավոր է՝ տեղի ունենա շուտով. «Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում ՀՀ անվտանգությունն ապահովող ռուսական ռազմաբազաներին: Սրան գումարվում են նաեւ ամերիկաիրանական խնդիրները, որոնք ոչ միայն իրենց չեն սպառել, այլեւ գնալով վիճակն անկառավարելի է դառնում»: Մեր զրուցակիցը ՀՀ-ի համար պակաս կարեւոր չի համարում սիրիա-թուրքական խնդիրները, որոնք լուրջ սպառնալիք կարող են լինել Մերձավոր Արեւելքի հայկական սփյուռքի համար: Տարածաշրջանային անվտանգության այս խնդիրները, Արամ Կարապետյանի կարծիքով, միակը չեն: Նա կարեւոր է համարում նաեւ տնտեսական անվտանգության խնդիրները, որոնք, մեր զրուցակցի համոզմամբ, գնալով ավելի կարեւոր են դառնում. «Հայաստանը վերջապես պետք է հստակեցնի, թե իր տնտեսական զարգացումն ինչ հարթության մեջ է տեսնում՝ ներդրումնե՞րը, ապրանքային ծառայությունները արտաքին աշխարհի հետ կապե՞լը… ի՞նչը»: ՆԺԿ նախագահն այս համատեքստում հատկապես կարեւորում է Եվրախորհրդարանի ընդունած վերջին որոշումները, որոնք կայացվեցին հայաստանյան նախընտրական թոհուբոհում, եւ գլխավոր հարցերը դարձյալ կապում են ԼՂՀ խնդրի լուծման հետ: Հիշեցնենք, որ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ երկու բանաձեւ է ընդունվել: Դրանցից մեկը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, իսկ մյուսը ԵՄ-ի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ասոցացման մասին համաձայնագրերի իրականացմանը: «ԵՄ-ի եւ Հայաստանի, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ ասոցացման համաձայնագրերը պետք է իրենց լուման ներդնեն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործում, որը խոչընդոտում է Եվրոպական հարեւանության քաղաքականության լիարժեք զարգացմանը»,- նշված է փաստաթղթում: ԵԽ անդամների համոզմամբ՝ այդ բանաձեւերը պետք է բարելավեն մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման մակարդակը երկու երկրներում: Մեր զրուցակիցը արտագաղթը նույնպես համարում է արտաքին քաղաքական սպառնալիք. «Մենք պետք է հասկանանք այդ երկրների հետ փոխկապակցվածությունը, իշխանությունների հետ փոխհարաբերությունները, սանկցիաների կիրառման հնարավորությունները, նոր գնացողների համադրումը արդեն առկա սփյուռքի հետ: Թեկուզ զուտ կազմակերպչական խնդիրներ: Պետք է հասկանանք, թե ինչպես այս ամենը կարելի է մեր օգտին ծառայեցնել»:

Ըստ մեր զրուցակցի՝ ինչպես միշտ, այնպես էլ այս պահին, աշխարհը արտաքին քաղաքական զարգացումներում Հայաստանից սպասում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, իբրեւ արդյունք՝ սահմանի բացումը եւ ԼՂՀ հարցի ինչ-որ հանգուցալուծումը: Սակայն, ՆԺԿ նախագահի վերլուծություններով, մոտ ապագայում այս խնդիրներից եւ որեւէ մեկը մեր պետության համար օրախնդիր չի դառնա, քանի որ խորհրդարանական ընտրություններից ոչ այդքան շատ ժամանակ անց ՀՀ-ին սպասվում են նախագահական ընտրություններ, իհարկե, եթե տարածաշրջանում ռազմական «ֆորս-մաժորներ» չլինեն: «Միակ հետաքրքրությունն առայժմ իր մեջ ներառում են Եվրասիական միության հետ կապված խնդիրները, այն էլ՝ շատ թույլ: Ուրիշ որեւէ ձեւով դեռ աշխարհին մենք հետաքրքիր չենք»,- կարծում է Արամ Կարապետյանը:

«Առավոտի» խնդրանքով սահմանելով իր տեսանկյունից ՀՀ-ի համար արտաքին քաղաքական ոլորտի ամենակարեւոր խնդիրները, որոնք պետք է լինեն Հայաստանի հաջորդ իշխանությունների ուշադրության կենտրոնում, Արամ Կարապետյանն ասաց. «Ուզենք, թե ոչ, Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը մնում է ԼՂՀ հարցի չկարգավորվածությունը: Երկրորդ կարեւոր խնդիրը ես չէի կապի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Չեմ կարծում, որ այս պահին դա շատ մեծ ապագա ունեցող խնդիր է: Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի համար այս պահին շատ կարեւոր է, այսպես ասած, ճեղքում ունենալ: Առանց այդ ճեղքման Հայաստանի ապագան շատ մշուշոտ է, որովհետեւ 21-ամյա անկախությունից հետո վերջապես պետք է հասկանալ, որ այսպես, այս վիճակում, խեղդված՝ այնպես, ինչպես հիմա է, առանց համաշխարհային գործընթացներին ինտեգրվելու, առանց ինվեստիցիոն գործընթացների՝ Հայաստանն աղքատ երկիր կմնա, որքան էլ երկրի ներսում փոփոխություններ անենք: Անհնար է լինելու Հայաստանում տնտեսական իրավիճակն առանց արտաքին շփումների, այնպես շտկել, որ մարդիկ վերադառնան Հայաստան: Եթե անգամ բոլոր օլիգարխներին կուլակաթափ անենք, բոլոր գողացած փողերը ետ բերենք, միեւնույն է՝ մեզ պահանջվելու է աշխարհաքաղաքական ճեղքում՝ տնտեսական ոլորտում: Դա կարող է դառնալ Եվրասիական միության շրջանակներում համագործակցությունը, եթե այնտեղ համաձայնեն ֆինանսավորել Հայաստանին»: Ամեն դեպքում, Արամ Կարապետյանը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունն էլ պետք է լրջորեն մտահոգվի հայաստանյան ներկայիս իրավիճակով, եթե չի ցանկանում կորցնել իր տարածքների մի մասը, քանի որ տարածաշրջանային զարգացումները երկու միլիոնանոց Հայաստանին մղում են դեպի 150 միլիոնանոց մահմեդական աշխարհ:

Մյուս կարեւոր հարցը մեր զրուցակիցը համարում է Հայաստանի եւ սփյուռքի իրական կոնսոլիդացիան, համաշխարհային հայկական ռեսուրսի կարգավորումը, ոչ թե սփյուռքի նախարարության եւ «արի-գնա» ծրագրերի մակարդակով, այլ լուրջ, ստրատեգիական ծրագրերով՝ սփյուռքը Հայաստանի առանցքի շուրջ հավաքելով, ուղղորդելով հայաստանյան, համահայկական խնդիրների լուծմանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031