Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի անցյալ տարվա մարտի 14-ին կայացրած դատավճռով Համլետ Վիրաբյանը դատապարտվել է 4,6 տարվա ազատազրկման:
Հ. Վիրաբյանի վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել էր երեկ՝ ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում՝ Մասիս Ռեհանյանի նախագահությամբ: Կալանավորը խնդրել է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Հ. Վիրաբյանը ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում՝ որպես ականանետային մարտկոցի 1-ին կրակային դասակի հրամանատար, մարտկոցի ավագ սպա: Ավագ լեյտենանտը ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Համլետ Վիրաբյանը կալանավորվել է անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, անզգուշությամբ ծանր հետեւանքներ պատճառելու համար, հոդվածով։ Մեղադրանքը պաշտպանել է դատախազ Վարդիթեր Ղարախանյանը: Ըստ գործի նյութերի, 5-րդ բանակային կորպուսի 2011թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում, հրետանային ստորաբաժանումները ճամբարային հավաքներ են անցկացրել «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում։ Հավաքներին մասնակցել է նաեւ ավագ լեյտենանտ Համլետ Վիրաբյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Խաչատրյանի հրամանի համաձայն, ճամբարային հավաքների մեկնած հրետանային ստորաբաժանումներին զորամասից տրամադրվել է թվով 6 հատ վառարան եւ անհրաժեշտ քանակի փայտակոճղ՝ վրանները տաքացնելու համար։ Գ. Խաչատրյանի հրամանը եղել է բանավոր:
Կարդացեք նաև
Վառելափայտ ստանալու նպատակով զորամասի հրամանատար Գ. Խաչատրյանը դիմել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Քոչունցին: Վերջինից ստացվել է թույլտվություն:
Հանձնարարվել է նախապատրաստել խումբ եւ կազմակերպել զորամասից վառելափայտ բերելու հարցը։
«Սադկո» ՊՆ 5923Շ ավտոմեքենայի ավագ է նշանակվել ավագ սպա, ավագ լեյտենանտ Համլետ Վիրաբյանը, վարորդ՝ նույն զորամասի ականանետային մարտկոցի վարորդ, շարքային Արման Փահլեւանյանը, իսկ որպես բարձողներ՝ կոչումով ավագ Հայկ Դավթյանը եւ շարքայիններ Շիրազ Հայրապետյանը, Նիկոլայ Սարգսյանը, Գեւորգ Սարուխանյանը, Գրիգոր Կարապետյանը, Մենուա Մարտիրոսյանը։
Ըստ մեղադրանքի կողմի, անձնակազմը հոկտեմբերի 3-ին վառելափայտ բերելու նպատակով դուրս է եկել զորամասից ու վրանային ավանից մոտ 100 մետր երթեւեկելուց հետո. «Հ. Վիրաբյանը չարաշահելով իր՝ որպես «ԳԱԶ 33081Շ» ավտոմեքենայի ավագի եւ վարորդ Ա. Փահլեւանյանի նկատմամբ պետի իր դիրքը, բանավոր հրաման է տվել վերջինիս, որպեսզի Ա. Փահլեւանյանն իջնի մեքենայի ղեկից, քանի որ իր մոտ մեքենա վարելու ցանկություն է առաջացել։ Ա. Փահլեւանյանը կատարել է Հ. Վիրաբյանի բանավոր հրամանը եւ ղեկը հանձնել է նրան։ Հ. Վիրաբյանը 30-40 կմ/ժ արագությամբ երթեւեկելիս, ձախ շրջադարձ չկատարելու հետեւանքով, դուրս է եկել գլխավոր ճանապարհից, մի քանի մետր անցել է հողածածկ բլուրների վրայով, բախվել մեկ այլ հողածածկ բլրակի եւ կանգ առել։ Վթարի հետեւանքով մեքենայում գտնվող թվով 6 զինծառայողներից կոչումով ավագ Հայկ Դավթյանին անզգուշությամբ պատճառվել է մահ, շարքային Գրիգոր Կարապետյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով, Ն. Սարգսյանի առողջությանը թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, իսկ շարքայիններ Մենուա Մարտիրոսյանի, Շիրազ Կարապետյանի եւ Գեւորգ Սարուխանյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»։
Հ. Վիրաբյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել եւ ինքնախոստովանական ցուցմունք էր տվել: Ի դեպ, ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը ցուցմունք էր տվել, թե՝ «Ճանապարհին, ձախ շրջադարձի ժամանակ, նորմալ հաշվարկ չի արել, դուրս է եկել ճանապարհից, մեքենան թափ է տվել, ինքը չի սպասել, որ նման բան կլինի։ Բորտը բացել է եւ տեսել, որ վատ իրավիճակ է։ Հայկին եւ մյուսին փորձել է ուշքի բերել, զանգել է հրամանատարի տեղակալին, որ օգնության հասնեն։ Հայկին փորձել է արհեստական շնչառություն տալ, ապա նրան եւ մյուսներին տեղափոխել են հիվանդանոց։ Ինքը վթարից հետո անմիջապես օգնություն է ցուցաբերել տուժածներին։ Ինքը խմած չի եղել, այն ստուգվել է, քննիչին պատմել է եղելությունը։ Պատրաստ է հատուցել տուժողի իրավահաջորդին, թեեւ ինչքան էլ հատուցի, քիչ է, ավելի լավ է իր հետ պատահեր այդ, քան երեխաների»։
Տուժող Գրիգոր Կարապետյանը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե ընկերների հետ տարված է եղել խոսակցությամբ, ուշադրություն չեն էլ դարձրել, թե ինչի համար է մեքենան կանգնել։ Չանցած մոտ 5 րոպե, զգացել է կտրուկ շրջադարձ. «Մեքենան սկսեց սրընթաց իջնել՝ բախվելով ճանապարհին հանդիպած մի շարք արգելքների, որից հետո մեքենան կանգ առավ։ Մեքենայի կանգնելուց հետո թափքում գտնվող ընկերներից մի քանիսը դուրս եկան եւ շտապեցին օգնության հետեւից։ Օգնության հասած սպաները եւ զինծառայողներն իրեն իջեցրին թափքից։ Տեսա, թե ինչպես է մի անծանոթ սպա փորձում արհեստական շնչառություն տալ Հ. Դավթյանին։ Րոպեներ անց իրենց բոլորին տեղափոխել են ԿԿԶՀ-ի վերակենդանացման բաժանմունք։ Մի քանի օր անց կայազորային կենտրոնական հոսպիտալում իմացա, որ վթարի ժամանակ ղեկին գտնվել է ոչ թե Փահլեւանյանը, այլ Հ. Վիրաբյանը։ Դեպքի օրը եղանակը պարզ էր, ասֆալտը՝ չոր, լուսավորությունը՝ բնական»։ Դատական քննությանը տուժող Գ. Կարապետյանը չի ներկայացել:
Տուժող Հայկ Դավթյանի իրավահաջորդ Վարդիթեր Ղարախանյանը ասել էր, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, իրեն զանգահարել են զորամասից եւ հայտնել, որ որդին վթարի է ենթարկվել ու տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։ Երկու զինվորական համազգեստով անձանց ուղեկցությամբ գնացել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ իմացել է որդու մահվան լուրը։ Տուժողի իրավահաջորդը պնդել է, որ Հ. Վիրաբյանը պետք է պատժվի օրենքի խստագույն պատժով, քանի որ նրա արարքի հետեւանքով մահացել է իր միակ երեխան։ Տուժողի իրավահաջորդ Վարդիթեր Ղարախանյանը 3. 000. 000 մլն ՀՀ դրամ գումարի պահանջ է ներկայացրել դատարան:
Գրիգոր Կարապետյանի վերին կոպն էր վնասվել, Շիրազ Հայրապետյանի ողնաշարի գոտկային շրջանը՝ սալջարդի ձեւով, Գեւորգ Սարուխանյանի աջ աչքի կոպը՝ արյունազեղման, ձախ հոնքը՝ քերծվածքների ձեւով, Նիկոլայ Սարգսյանի քիթը, գլխի ճակատային եւ ծոծրակային շրջանները՝ սալջարդ վերքերի, գլխուղեղը՝ ցնցման ձեւով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































