Հայ եւ ադրբեջանցի մտավորականների, տվյալ դեպքում՝ լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումն անցավ Տավուշում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողության ֆոնի վրա: Ռազմական մեծ փորձագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ սա այն դեպքը չէ, երբ հակամարտող կողմերի շփման գծում գտնվող զինվորի կամ հրամանատարի նյարդերը տեղի են տալիս, չնայած հայտնի է, որ այդպես էլ է լինում: Սա մտածված ու մշակված ռազմական գործողություն էր: Երկուշաբթի առավոտյան, երբ մենք իմացանք ցավալի լուրը, հայ լրագրողներից մեկը ադրբեջանցիների հետ առաջին իսկ հանդիպմանն անդրադարձավ մեր դիրքերի վրա հարձակմանը եւ այն, կարծում եմ, շատ ճիշտ բնութագրեց՝ որպես «քաղաքական դեմարշ»: Իհարկե, այդ դեմարշը ուղղված չէր մեզ նման համեստ մարդկանց երկխոսության դեմ, «մեսիջի» հասցեատերն էր ԱՄՆ պետքարտուղարը՝ տեսեք, տիկին Քլինթոն, թե ինչ պայթյունավտանգ իրավիճակ է տարածաշրջանում: Բայց եթե մենք՝ հայ եւ ադրբեջանցի լրագրողներս, սկսեինք մանրամասն քննարկել այդ միջադեպը, ապա մեր հանդիպումը կվերածվեր քաղաքական կամ պետական գործիչների բանակցությունների, ընդ որում՝ «գործիչների», որոնք օժտված չեն իրենց պետությունները ներկայացնելու իրավասություններով: Ինձ, համենայնդեպս, նման լիազորություններով ոչ ոք չի օժտել:
Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին «Գոլոս Արմենի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը, Panorama.am-ի խմբագիր Արմեն Մինասյանը, ArmRadio-ի գլխավոր խմբագիր Արման Սաղաթելյանը, Open Armenia ինտերնետ-ֆորումի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը եւ ես: Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցում էին 1news.az-ի գլխավոր խմբագիր Ռահման Հաջիեւը, News.az-ի գլխավոր խմբագիր Էլնուր Բաիմովը, Baku Post թերթի գլխավոր խմբագիր Թոֆիգ Աբասովը, «Թրենդ» գործակալության փոխտնօրեն Իլգար Հուսեյնովը եւ լրագրող Ազեր Հեսրեթը: Այս շփումների «կնքահայրը» ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն է, իսկ անմիջական կազմակերպիչները՝ նախկին եւ ներկա դեսպաններ Արմեն Սմբատյանը, Փոլադ Բյուլ-Բյուլ-օղլին եւ Օլեգ Եսայանը:
Ես միշտ սիրով եմ մասնակցել այդ «ֆորմատին» ոչ թե այն պատճառով, որ ինձ թվում է, թե այս շփումներով մենք խաղաղություն կհաստատենք՝ այդքան միամիտ չեմ: Պարզապես վստահ եմ՝ երբ անհատը կամ ազգը ժամանակ եւ էներգիա է ծախսում ատելության վրա, դա նրան տկարացնում է: Մենք չենք կարող սիրել, չենք կարող առայժմ բարեկամություն անել ադրբեջանցիների եւ թուրքերի հետ, բայց մենք պարտավոր ենք նրանց հարգել եւ փորձել հասկանալ: Իսկ լրագրողները եւ, ավելի լայն իմաստով՝ մտավորականները կարող են լինել «կանալը», որով այդ փոխըմբռնման ազդանշանները փոխանցվում են:
Բայց դրանք պետք է լինեն հենց լրագրողներ, մարդիկ, որոնք իրենց հասարակություններին լուր, տեղեկատվություն են հաղորդում: Ոչ թե քարոզիչներ, որոնց գործառույթը մարդկանց ուղեղները լվանալն է: Ցավոք, Հայաստանում եւ Ադրբեջանում այդ երկու մասնագիտությունները թե ներքին եւ թե արտաքին «ճակատներում» խառնված են: Լրագրողները կարող են պայմանավորվել խաղի որոշակի կանոնների մասին: Քարոզիչները՝ դժվար թե:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































