Երիտասարդ գիտնականի «դեղատոմսը» կամ massage-ը
Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) ի սկզբանե նպատակ է դրել մրցակցային դրամաշնորհների միջոցով խթանել Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական ներուժի զարգացումը։
Հիմնադրման օրվանից այն համագործակցում է մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամի (US CRDF) հետ:
Կարդացեք նաև
ԵՊՀ աշխատակից, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդան Գեւորգյանը ԳԱՏԱՀ-ի շահառուներից մեկն է: «Առավոտի» հետ զրույցում երիտասարդ գիտնականը պատմեց, որ մի խումբ երիտասարդներով հիմնադրել են PSI ընկերությունը, որը զբաղվում է գիտական արդյունքների, տեխնոլոգիաների, նորարարությունների առեւտրայնացմամբ: Ասում է՝ փորձում են գիտական արդյունքները հանել շուկա եւ որոշ հաջողություններ ունեն: Պատմում է, որ ի թիվս այլոց, ինքն էլ է մասնակցել վերջերս ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի կողմից կազմակերպված ծրագրին, որի նպատակն էր Հայաստանի եւ Վրաստանի մասնագետներին խորհրդատվություն մատուցել՝ գիտական արդյունքների նորարարությունների առեւտրայնացման ոլորտում:
«Լինելով կրթությամբ ֆիզիկոս՝ դեռ ասպիրանտուրայի տարիներին հասկացա, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելը՝ հաջողությունների ձգտում ունեցող երիտասարդ գիտաշխատողի համար, անշնորհակալ գործ է: Հասկացա, որ պետությունից առաջիկա տարիներին չպետք է սպասելիքներ ունենալ: Լա՛վ, ասենք որեւէ ինստիտուտում 50000 դրամ աշխատավարձդ մի քանի տարուց դարձավ 100000 դրամ, մի՞թե դա ինչ-որ բան է փոխում: Եթե երիտասարդ գիտաշխատողն ուզում է մնալ Հայաստանում եւ զբաղվել գիտությամբ ու ստանալ նորմալ աշխատավարձ, ապա դրա համար մեկ ճանապարհ կա՝ գիտական արդյունքների առեւտրայնացումը, ինչը նշանակում է, որ պետք է փորձել գիտական այնպիսի հետազոտություններով զբաղվել, որոնք հետաքրքրություն են ներկայացնում շուկայում»,- կարծում է Վարդան Գեւորգյանը:
Մեր հարցին՝ օրինակ, ինչքա՞ն պետք է լինի երիտասարդ գիտնականի նվազագույն աշխատավարձը, որպեսզի նա չուզենա հեռանալ Հայաստանից եւ իր ապագան հայրենիքում պատկերացնի: Վարդանի կարծիքով, այդ գումարը գոնե պետք է համարժեք լինի ամենաքիչը 1000 դոլարին: «Խոսքս ձգտում ունեցողի մասին է, թե չէ՝ երիտասարդ գիտնականներ կան, որ աշխատում են այդ 50000 դրամով, ինչը գիտնականին հարիր աշխատավարձ չէ: ԳԱՏԱՀ-ը CRDF-ի հետ համագործակցության արդյունքում, 4-5 տարի առաջ բռնել է այս ուղղությունը, եւ առաջին անգամ Հայաստանում փորձ արել՝ գիտական խմբերի, ինստիտուտների միջեւ մրցույթ կազմակերպել, փորձել գտնել Հայաստանում եղած այն նորարարությունները, որոք կարող են շուկա դուրս գալ: Ծրագրի արդյունքում ընտրված խմբերից մեկն էլ մենք էինք, որը կոնսուլտացիոն ծրագրերից հետո որոշում կայացրեց հիմնել մասնավոր ընկերություն: Ինչո՞ւ մասնավոր ընկերություն, որովհետեւ Հայաստանում ինստիտուտներում ու բուհական կառույցներում հնարավորություն չկա զբաղվել կոմերցիայով: Օրինակ, Երեւանի պետական համալսարանը ոչ առեւտրային կազմակերպություն է, չնայած նրան, որ ավելի շատ հարկ է մուծում: Եթե իրական նայենք, ԵՊՀ-ն ոչ էլ պետական է, որովհետեւ այն ինքնաֆինանսավորվող կառույց է: Մի խոսքով, մենք ստիպված եղանք մասնավոր ընկերություն բացել, ու ես ինչ-որ տեղ կտրվելով ֆիզիկայից՝ ստիպված եղա մասնագիտանալ գիտական արդյունքների առեւտրայնացման ուղղությամբ: Այժմ մեր ընկերությունը պայմանագրեր ունի, արտադրանք, ճիշտ է՝ դանդաղ քայլերով, բայց առաջ ենք գնում: Սա զուտ գիտության խնդիր չէ, այն Հայաստանի համար պետք է լինի ազգային անվտանգության եւ ռազմավարության խնդիր, որովհետեւ Հայաստանն այսօր, իմ կարծիքով, ունի մի ճանապարհ՝ տնտեսական զարգացման: Դա գիտական նորարարությունների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների վրա հիմնվելով՝ տնտեսության զարգացումն է»,- նշում է երիտասարդ գիտնականը: Ըստ նրա, 21-րդ դարում ծիծաղելի են այն պնդումները, թե Հայաստանը տնտեսապես լավ չի զարգանում, որովհետեւ սահմանները փակ են. «21-րդ դարում այդկերպ մտածելը ապուշություն եմ համարում, որովհետեւ 21-րդ դարում տնտեսությունը չի զարգանում միայն սահմաններով: Եթե այսօր «Ֆորբս» ամսագիրը բացեք, կտեսնեք, որ աշխարհի ամենաառաջատար բիզնեսները նավթը եւ գազը չեն, ինֆորմացիոն տեխնոլոգիաներն են, գիտության վրա հիմնված ընկերությունները: Սրան պետք է հասնել ոչ թե խոսակցությունների մակարդակով, այլ պետական մակարդակով զբաղվել: Պետությունը պետք է համապատասխան մասնագետներ ունենա, մինչդեռ Հայաստանում գիտության առետրայնացման ոլորտի հատուկենտ մասնագետներ կան: Պետք է կրթական համակարգում որդեգրել ինովացիաներից, նորարարություններից դեպի առեւտրայնացում ճանապարհը: Պետությունը պետք է ստեղծի հատուկ կառույց, հատուկ ֆոնդ: Օրինակ՝ ԱՄՆ-ում մենք տեսանք, որ պետությունն իր ձեռքն է վերցրել ոլորտը եւ ինքն էլ նպաստում է, որ համալսարաններում զարգանան մասնավոր ընկերություններ, որպեսզի ուսանողները ավարտելուց հետո կարողանան սեփական ընկերությունները ստեղծել գիտական արդյունքների հիման վրա: Այդ ամենի արտահայտությունն է, օրինակ, Facebook ընկերությունը, google-ը, apple ընկերությունը: Ինչու չխթանել, որ մեզ մոտ էլ Ցուկերբերգ ծնվի»:
Վարդան Գեւորգյանը հայտարարում է. «Կամ սա պետք է ասօրվանից սկսենք անել, կամ ամբողջ կյանքում կմնանք որպես ծիրան արտահանող երկիր»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































