
Պարոն Մեհրաբյանն ի պատասխան նշեց. «Ռուսաստանում կա տխուր պատկեր` կապված մարդու իրավունքների հետ, բացի այդ Ռուսաստանը Եվրոպայի հետ տարվող քաղաքականության մեջ շարունակում է գազային գերակայության քաղաքականությունը, որն ուղղված է նրան, որ արևելքից եկող գազը լինի միայն ռուսական, կամ գա Ռուսաստանի միջոցով: Մյուս հանգամանքն այն է, որ հետխորհրդային երկրներում ընդհանրապես Ռուսաստանը վարում է գազային շանտաժի քաղաքականություն, որը խոչընդոտում է գազային դիվերսիկացմանը, որը ուզում է կատարել ԵՄ-ն»:
Դառնալով այն հարցին, թե այս համատեքստում պե՞տք է հաշվի առնել նաև Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները, պարոն Մեհրաբյանը նկատեց. «Վրաստանի հարցն էլ կա, բայց ինչպես տեսնում եք իմ նշած խնդիրների ֆոնի վրա սա այդքան էլ մեծ խնդիր չէ: Դա այն խնդիրներից է, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև կոմպրոմիս չկա»:
ԵԽԽՎ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կոշտ բանաձևի ընդունման մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու առումով էլ մեր զրուցակիցն ասաց. «ՌԴ-ում մարդու իրավունքների խայտառակ վիճակի մասին զեկույցը, որը ընդունվել է ԵԽԽՎ-ում, դա պարզապես օբյեկտիվ իրականության արտացոլումն է: Այստեղ քաղաքական ենթատեքստ փնտրելուց առաջ պետք է նայել օբյեկտիվ իրականությանը: Այդ դեպքում կարելի է նկատել, որ բանաձևը դեռ մի բան էլ մեղմախոսություն է»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ Վրաստանի նոր կառավարության և խորհրդարանի գործունեության պարագայում սպասելի՞ է Վրաստան-Ռուսաստան քաղաքական կուրսի փոփոխություն: Ռ. Մեհրաբյանը պատասխանեց. «Կուրսի փոփոխություններ` ոչ, բայց գոնե հարաբերությունների հռետորաբանության աստիճանը, կամ ինչպես ասում են՝ գրադուսը, իհարկե կնվազի, քանի որ եթե մինչ այժմ խնդիրներին գումարվում էր իշխանությունների անձնական ատելությունը, ապա այս գործոնն այժմ դուրս է գալիս: Ռուս-վրացական հարաբերությունների ներկայիս վիճակը հետևանքն է այն պրոբլեմների, որ գոյություն ուներ այդ երկրների միջև»: Ներկայումս խոսվում է նաև այն մասին, թե միգուցե Հայաստանը կարողանա ռուս-վրացական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնել: Այս առիթով պարոն Մեհրաբյանն ասաց. «Դա լուրջ խոսակցություն չէ, Հայաստանն այստեղ միջնորդելու որևէ բան չունի, դա սեփական խոսակցություն է, ՀՀ-ն չունի համապատասխան քաշային քաղաքականություն դա անելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































