Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀԱԿ-ը փորձի միավորվել ԲՀԿ-ի հետ, ապա, նախ, երկուսն էլ հարկադրված կլինեն դիմագրավել ներքին լուրջ հոսանքների

Հոկտեմբեր 24,2012 10:33

Օրերս Լ.Զուրաբյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում այսպիսի հայտարարություն է արել, «Երբ կան այս երկու ուժերը, հատկապես՝ եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ: …Եվ տեսնում եմ, որ հնարավոր է քաղաքական երկու խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»:

   Նման հայտարարությունը բնականաբար չէր կարող վրիպել Նիկոլ Փաշինյանի հարազատ լրատվամիջոցի ուշադրությունից, որն էլ փորձել էր մեկնաբանություններ ստանալ թե՛ մի շարք ԲՀԿ-ականներից, թե՛ հենց Լ.Զուրաբյանից: Թե՛ մեկերը, թե՛ մյուսը այս հարցում էլ համերաշխություն դրսեւորելով, ասել էին՝ «No comment!»:
Մինչդեռ «քոմենթի» այնքա՜ն բան կա:
Սկսենք նրանից, որ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն, որ այդ ժամանակ, թեկուզ ձեւականորեն, բայց ամեն դեպքում իշխանական կոալիցիայի անդամ կազմակերպություն էր, ՀԱԿ-ի հետ այսպես կոչված «միասնական շտաբում» միավորվելով, կարողացավ որոշ չափով դիրքավորվել ու ներկայանալ որպես ընդդիմադիր ուժ:
Ու չնայած իշխանության մեջ լինելու տարիներին, չնայած նույն իշխանության գործունեության համար ունեցած պատասխանատվության չափաբաժնին, գերազանցապես հենց ՀԱԿ-ի հետ «նստել-ելնելու» շնորհիվ կարողացավ «տանել» բողոքավոր ընտրազանգվածի ձայների մի մասը: Իսկ «տարավ» այդ ձայները նաեւ ՀԱԿ-ի տակից:
Ընտրություններից հետո ՀԱԿ-ին անդամակցող մի շարք ուժերի ներկայացուցիչներ իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնեցին թե՛ նման իրադրության, թե՛ Տեր-Պետրոսյանի հայտնի «վերլուծության» հիմնական դրույթների առնչությամբ: Բանը նրան հասավ, որ ՀԱԿ-ից հեռացան մի քանի էական դերակատարներ, ինչպես, օրինակ, Արամ Զ.Սարգսյանը՝ «Հանրապետությունով» հանդերձ:
Հիմա մոտավորապես նույն իրավիճակն է ստեղծվել, մանավանդ որ Լ.Տեր-Պետրոսյանն ինչ-որ չի շտապում հերթական «քաղաքագիտական վերլուծությունն» անելու հարցում: Փոխարենը, ինչպես նշվեց, Նիկոլ Փաշինյանն առաջանցիկ հայտարարում է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, ըստ էության, անհամատեղելիության մասին: Ու նա ամենեւին միայնակ չէ. նույնաբնույթ, քիչ ավելի խիստ, քիչ ավելի մեղմ դիրքորոշում են արտահայտել նմանապես կոնգրեսի կազմի մեջ մտնող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ու «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:
Սկզբունքորեն Նիկոլ Փաշինյանի, Պետրոս Մակեյանի ու նրանց համախոհների մոտեցումը քաղաքական տեսանկյունից առավել հստակ է, պարզ ու ընկալելի: Տեսեք. թեեւ ՀԱԿ-ը չունի այն աջակցությունն ու թափը, ինչ տարիներ առաջ, միեւնույն է, նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով առանձին մասնակցությունը նրան թույլ է տալիս շարունակել ինքնուրույն գոյությունը որպես քաղաքական ուժ, որն ունի իր դիմագիծն ու տեղը:
Այնինչ եթե ՀԱԿ-ը փորձի միավորվել ԲՀԿ-ի հետ, ապա, նախ, երկուսն էլ հարկադրված կլինեն դիմագրավել ներքին լուրջ հոսանքների: Ամենից առաջ ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ «Բարգավաճ Հայաստանի» շարքերում քիչ չեն մարդիկ, որ ուղղակի կլքեն նույն այդ շարքերը: ՀԱԿ-ում, հասկանալի պատճառներով, շատերը չեն ցանկանա համագործակցել կամ աշխատել Գագիկ Ծառուկյանի ու նրա գլխավորած կազմակերպության հետ:
Նույնը՝ ԲՀԿ-ում էլ կգտնվեն բազմաթիվ մարդիկ, որ ուղղակի չեն հասկանա Լ.Տեր-Պետրոսյանի հետ գրկախառնվելն ու, առավել եւս, չեն ցանկանա աշխատել նրա համար:
Երկրորդ. եթե ՀԱԿ-ը գնա ԲՀԿ-ի հետ համագործակցության կամ, ինչպես Լ.Զուրաբյանն է ասում՝ համադրման, ապա մեծ հարց է, թե հատկապես ուժերից ո՛ր մեկն է թեկնածության առաջնահերթություն ունենալու: Եվ հետո, ՀԱԿ-ը կարող է վերածվել մոխրադարչնամորեգույն մի զանգվածի: Այդ զանգվածի առանձին ներկայացուցիչներ «համադրման» շնորհիվ կարող են անգամ «բարգավաճել» անձնապես, բայց միաժամանակ դա կնշանակի ՀԱԿ-ի վերջը, ավելի ճիշտ՝ անփառունակ վախճանն ընդհանրապես:
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031