Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Պարույր Հայրիկյանին այս դեպքը կարող է ինչ-որ տեղ օգուտ էլ բերի»

Փետրվար 02,2013 00:02 Share
Sos Gimishyan

Սոս Գիմիշյանը՝ թեկնածուների օգուտների ու վնասների մասին՝ Հայրիկյանի դեմ մահափորձից հետո

 

«Շատ վատ բան է տեղի ունեցել: Ում է դա ձեռնտու շատ դժվար է այդպես միանշանակ ասել: Սա շատ լուրջ քաղաքական խնդիր է: Իմ համոզմամբ՝ ինչ որ տեղի է ունեցել՝ քաղաքական ենթատեքստ ունի, դրա համար գուշակություններով չարժի զբաղվել: Դա իրավապահ մարմինների գործն է: Բայց ակնհայտ է, որ խախտվել է բնականոն պրոցեսը քարոզարշավի: Սահմանադրությունը պարտադիր, իմպերատիվ կերպով պարտադրում է 2 շաբաթով հետաձգում: Սա գուցե նաեւ վնասակար է մեր թեկնածուին, այն թեկնածուին, ում որ ես պաշտպանում եմ, որովհետեւ ինքը բավական հաջող ալիքաձեւ վերելք էր ապրում՝ իր նախընտրական քարոզարշավով: Բայց մեր օգուտների ու վնասների մասին չպիտի խոսենք: Պիտի խոսենք օրենքից »,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը:

Ըստ նրա, շատ կարեւոր է, որ ընտրված նախագահը լեգիտիմ լինի: Իրավական որեւէ շահարկման առիթ չպիտի տրվի. «Ինչքան էլ մեզ ձեռնտու է կամ ձեռնտու չի, Հրանտ Բագրատյանի լավ նախընտրական ընթացքը ինչքան էլ վտանգվում է,  բայց շատ կարեւոր է, որ ով ընտրվի, լինի իրավական իմաստով անթերի: Սահմանադրությունը պարտադրում է՝ եթե կա խոչընդոտ, պետք է ընտրությունները 2 շաբաթով հետաձգվեն: Օրինակ, Պարույր Հայրիկյանին այս դեպքը ե՛ւ վնաս է, ե՛ւ կարող է ինչ-որ տեղ օգուտ էլ բերի: Եթե մեկը վնաս է ստանում կամ օգուտ, ուրեմն մյուս թեկնածուները համամասնաբար կամ օգտվում են կամ վնասվում: Հայրիկյանի դեպքը վնասել է բոլոր թեկնածուներին: Նրանք բոլորը կաշկանդված կարող են լինել: Հանդիպումների գնալիս ավելի զգուշավոր կլինեն: Սա ամբողջ պետության նկատմամբ ահաբեկում էր: Դա ընդունում են բոլորը: Յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա արդեն վատ է զգում, կաշկանդվում է: Ես կարող եմ որպես ընտրող չգնալ հանդիպման, մտածեմ, որ կարող են ինձ այնտեղ կրակել: Հասկանո՞ւմ եք: Սահմանադրական պահանջը հստակ է՝ եթե կա խոչընդոտ, այստեղ հեչ նշանակություն չունի, թե ինչ կասի Պարույր Հայրիկյանը: Սահմանադրությունը չի ասում, թե ինչ կասի թեկնածուն իր հայտարարությամբ: Եթե չհետաձգվի, ուրեմն Սահմանադրական դրույթ է խախտվում, իսկ դա արդեն խոսակցության թեմա է եւ ազդում է նախագահի լեգիտիմության վրա»:

Մենք հիշեցրինք նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այն տեսակետը, որ ում ձեռնտու է ընտրությունների հետաձգումը, հնարավոր է նրան էլ պետք էր այս մահափորձը: Սոս Գիմիշյանը  պատասխանեց. «Դե, դա չի կարելի: Ուրեմն ինքը օրենքը չի հարգում, ինքը խոսում է այս կամ այն թեկնածուի կամ անձի շահերից: Մենք պետք է նախեւառաջ օրենքով ճշգրիտ գործենք, իսկ Սահմանադրությունը սրբություն է: Թե ինչը Րաֆֆի Հոսվհաննիսյանին ձեռնտու չէ, նշանակություն չունի: Մեր երկրի համար շատ կարեւոր է նախագահի լեգիտիմությունը՝ ով ուզում է լինի, որովհետեւ դա երկրի ուժն է: Եթե մենք երկրի մասին ենք մտածում, ոչ թե անձնական շահերի, ուրեմն դրա համար կա Սահմանադրություն: Վերջապես այս կրակոցները ազդել են բոլորի վրա: Կա խոչընդոտ: Պարույր Հայրիկյանը, ուզի թե չուզի, չի կարող հավասար պայմաններում մրցակցի: Եթե հավասարությունը խախտվում է, դա արդեն ընտրություն չի»:

Մեր հարցին՝ Պարույր Հայրիկյանն իսկապե՞ս լուրջ վտանգ ներկայացնող թեկնածուն էր, որից փորձեցին ազատվել, որովհետեւ նրա համախոհները հայտարարել են, որ 80 տոկոս ձայն ունեցող թեկնածու է եղել, դրա համար նրան են կրակել, Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Այդ առումով չպիտի նայվի: Նա թեկնածու է, որը կարող էր դառնալ երկրի նախագահ: Դե հիմա գիտեք, նշանակություն չունի՝ 80 ուներ, 20 ուներ, 1 տոկոս ուներ, չուներ…Մարդ է, քաղաքացի է, որը օրենքով սահմանված կարգով  առաջադրվել էր: Նրա նկատմամբ մեր պետության մեջ կիրառվել է այսպիսի քայլ: Կրակել են, կարող էին սպանել: Սա լուրջ բան է: Պետք է ընդմիջել, հանդարտեցնել իրավիճակը: Տա Աստված, այդ ընթացքում ի հայտ բերվի կրակողը: Եթե չբերվի, գոնե խստացված ինչ-որ ռեժիմ լինի, մարդիկ վստահ լինեն, որ գոնե փախել է, երկրից չեն գտնում, որ այս լարված մթնոլորտը վերանա, հանդիպումներ անեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    …80 տոկոս ձայն ունեցող թեկնածու է եղել, դրա համար նրան են կրակել…

    Մարդուն չեն կրակում, այլ նրա վրա կամ նրա ուղղությամբ են կրակում:

  2. Եթե Հայրիկյանը 80 -տոկոսանոց թեկնածու է , ուրեմն պարզից էլ պարզ է, ուրեմն Սեռժի կողմնակիցներն են կրակել:

Պատասխանել Արա

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728