Հայաստանում 2008 թվականից ի վեր ոչ միայն չի հաջողվում ձևավորել իշխանություն, այլ ըստ էության` նաև ընդդիմություն չի ձևավորվել: Թվում էր, որ այդ խնդիրը լուծում է ՀԱԿ-ը, սակայն հետագա իրադարձությունները զարգացան այնպես, որ ՀԱԿ-ը հայտնվեց մարգինալ վիճակում, իսկ ընդդիմադիր դաշտն էլ լղոզվեց իր դերակատարներով ու չափանիշներով հանդերձ, նաև ՀԱԿ-ի մեծ լումայի շնորհիվ:
Արդյունքում այսօր կա մի դաշտ, որտեղ բոլորը մեղադրում են բոլորին, բոլորը կասկածում են բոլորին և ըստ էության` ոչ մեկն էլ համոզիչ չէ հասարակության համար: Եվ այդ հանգամանքը նպաստում է, որ Հայաստանում չկայացած, չձևավորված իշխանական համակարգը իրեն վստահ զգա, կարողանա պահպանել իր դիրքերը և լուծել հարցեր, որոնք այդ իշխանական համակարգի ներկայիս վիճակում, նաև երկրի սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական առկա իրավիճակում, ըստ էության, անլուծելի կլինեին կայացած ընդդիմության առկայության պարագայում:
Քանի դեռ Հայաստանում ընդդիմության խնդիրը լուծված չէ, քանի դեռ Հայաստանում ընդդիմադիր դաշտն առավել պղտոր է, քան իշխանականը, այդ դաշտում ավելի շատ, այսպես ասած, իշխանություններն են ձուկ որսալու, քան ընդդիմությունը կամ ընդդիմությունները` իշխանական դաշտում: Եվ դատելով ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող կամ հավակնություններ ցուցաբերող սուբյեկտների պահվածքից` կարելի է գրեթե վստահաբար ասել, որ այս խմորը կարող է դեռ շատ ջուր քաշել, քանի որ ավելի շատ նկատելի է նման իրավիճակի հետագա ծավալմանը նպաստող պոտենցիալ, քան հակառակը:
Խնդիրը կարող է հանգուցալուծել հասարակությունն իր ակտիվ դիրքորոշմամբ, սակայն սա էլ բավականին նուրբ հարց է, որովհետև հասարակության ակտիվությունը քաղաքական իմաստով հարաբերական հասկացություն է, և, ըստ էության, առայժմ դժվար է պատկերացնել, որ հասարակությունը զուտ ակտիվության ճանապարհով կկարողանա հանգուցալուծել ընդդիմության ձևավորման խնդիրը Հայաստանում:
Ի վերջո, հասարակությունը ունի նաև հստակ քաղաքական համակրանք և հակակրանք ունեցող հատվածներ, որոնք բավական ազդեցիկ հատվածներ են՝ տարբեր պատճառներից ելնելով, և քաղաքական ուժերը նաև այս հատվածների միջոցով հակազդում են որևէ նոր իրականություն ձևավորելու ցանկացած հասարակական փորձի: Այստեղ ավելի շուտ իրավիճակը հիշեցնում է փակուղի, որից կա՛մ բոլորը դուրս կգան, կա՛մ դուրս չի գա ոչ ոք՝ անկախ դուրս գալու ջանքերից և անկեղծ մղումներից:
Կարդացեք նաև
Իշխանությունների համար սա իսկապես գրեթե երանելի վիճակ է առնվազն այս ժամանակահատվածում, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունները լուծում չունեն Հայաստանի համար, հասարակության համար որևէ կենսական խնդրի առումով, որևէ համակարգային խնդրի առումով, և միակ բանը, որ նրանց մնում է անել, ընդդիմադիր դաշտում առկա այս փակուղին հնարավորինս խորացնելը և երկարաձգելն է, ինչն էլ կարծեք թե կարողանում են անել:
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»


















































