Պետրոս Սեմերջյան. «Եթե նա քաղաքացիական կյանքում թմրամիջոցի դեմ ստացել է բուժում, պետք է կալանավայրում շարունակեին»
Ամիսներ առաջ քրեակատարողական հիմնարկի մի դատապարտյալ կարել էր բերանը` պահանջելով թմրանյութ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն արձագանքելով միջադեպին, հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում բավարարել դատապարտյալի պահանջը:
Սրան ի պատասխան, ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի համակարգող Հովհաննես Մադոյանն ասել էր. «Թմրամոլությունը հիվանդություն է, եւ առողջապահության նախարարությունն այն ճանաչում է որպես հիվանդություն եւ դա բուժում է: Հիվանդ մարդը կարիք ունի այդ նյութի, ինչպես որ դիաբետիկը կարիք ունի ինսուլինի, որովհետեւ իր օրգանիզմը բավարար ինսուլին չի արտադրում: Թմրամոլ օգտագործողի օրգանիզմն էլ բավարար էնդոֆին չի արտադրում, նրան դրսից պետք է տալ, այդ մարդն իր դեղն է պահանջում, ի՞նչ է, նրան պետք է խարանե՞լ»:
Այսօր Aravot.am-ը Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանից հետաքրքրվեց, թե բերանը կարած դատապարտյալի պահանջը չկատարելով արդյոք Հրայր Թովմասյանը խախտել է դատապարտյալի բուժման իրավունքը:
«Ես կոնկրետ չգիտեմ դա ինչ դեպք է, բայց, եթե մարդը ստացել է մետազոնային փոխարինող բուժում քաղաքացիական հիվանդանոցում եւ դատապարտվել է, պարտավոր են մարդուն շարունակական տրամադրել մետազոն տեսակի թմրամիջոցը, եթե մարդը չի ստացել ոչ մի տիպի բուժում եւ հայտնվել է կալանավայրում եւ պարզվել է, որ նա թմրամոլ է, կալանավայրի բժշկական ծառայությունը, որն ունի առանձնացված նարկոլոգիական ծառայություն, դիտարկում է հիվանդին եւ որոշում է նրա բուժման մեթոդը, բուժման մեթոդներից կա, որ թմրամիջոց են կիրառում բուժման ընթացքում եւ սանդղակաձեւ իջեցնում են եւ վերջացնում են, կա որ չի կիրառվում: Եթե նա քաղաքացիական կյանքում ստացել է, պետք է շարունակեին, եթե չի ստացել արդեն բժշկական ծառայությունը պետք է հետազոտի եւ որոշի բուժման ձեւը, մարդը չի կարող թմրամիջոց պահանջել, դա իր իրավունքը չէ, ճիշտ չեն ասում, մարդու իրավունքն է պահանջել բուժում եւ պետության պարտականությունն է իրականացնել այդ բուժումը»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































