Լրահոս
Օրվա լրահոսը

«5-7 տարի հետո Հայաստանի վրա Քրիստոսի խաչը կդրվի»

Հունիս 06,2013 13:55 Share

pochambarՄիջազգային մաֆիայի ջանքերով, ըստ Հակոբ Սանասարյանի, Հայաստանը մի քանի տարի հետո դագաղի կվերածվի

Երեկ շրջակա միջավայրի համաշխարհային օրն էր, եւ մինչ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Բուսաբանական այգում կազմակերպված միջոցառմանը հեծանիվ էր քշում, բնապահպանները Հայաստանին սպառնացող բնապահպանական աղետալի խնդիրների մասին էին ահազանգում: Մինչ նախարարը խոսում էր բնապահպանական ծրագրերից, որ ասենք՝ ինչպես անվնաս կառավարել բնական ռեսուրսները եւ այլն, այդ նույն պահին բնապահպան Հակոբ Սանասարյանն արդեն կանխատեսեց մեր ապագան. «Եթե հանքարդյունաբերությունն այս տեմպերով 5-7 տարի էլ շահագործվի, Հայաստանի վրա Քրիստոսի խաչը կդրվի որպես դագաղ»:

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը հատ-հատ ներկայացրեց, թե ինչ աղետի առջեւ է կանգնած Հայաստանը՝ հենց հանքարդյունաբերության պատճառով: Նախ, ըստ բնապահպանի, հանքարդյունաբերական ընկերությունների համար նախատեսված բնապահպանական վճարները շատ ցածր են, իսկ շահույթները՝ հսկայական. «Ըստ այդ օրենքի՝ առաջին կարգի 1 տոննա թափոնների համար 48 հազար դրամ է վճարը. սա շատ ցածր թիվ է: Քաջարանի պղնձամոլիբդենայինը միջին հաշվով տարեկան 20 միլիոն տոննա հանքաքար է վերամշակում՝ 2007 թվի տվյալներով, հանքաքարը վերամշակելուց 20 միլիոն տոննա էլ պոչանք է առաջանում»: Պարոն Սանասարանի վստահեցմամբ՝ մետաղների ինքնարժեքն արհեստականորեն նվազեցրել են, եւ բնական համակարգերն ավերում են. «Օրինակ՝ 1 տոննա հանքաքար վերամշակելու համար անհրաժեշտ է 4-5 տոննա ջուր, այս 5 տոննա ջուրը, գետերի ջուրը ծանր մետաղներով են աղտոտվում»: Ըստ բնապահպանի՝ եթե հանքարդյունաբերությունը բարձր հարկվող ոլորտ դառնա, ապա գոնե ցածր պարունակության հանքավայրերը չեն շահագործվի, մինչդեռ մեր երկրում նույնիսկ շա՜տ քիչ պարունակությամբ ոսկու հանքեր են բացում: Բնապահպանի պատմելով՝ մի քանի տարի առաջ ՀՀ վարչապետին առաջարկվել է այս ոլորտի հարկերը բարձրացնել, սակայն մերժվել է. «Չմտավ ԱԺ ու չի մտնի, քանի որ գործում է համաշխարհային մաֆիա»:

«Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զառաֆյանն էլ նշեց, որ շահագործվում են նույնիսկ այն հանքավայրերը, որոնք 1 տոննա հանքաքարում 0.9 գրամ ոսկի են պարունակում, ու այսպիսի փոքր պարունակությամբ կորզելու համար ավելի շատ թափոններ են լինում. «Եվ քանի որ թափոնների համար, կարելի է ասել, ոչինչ չեն վճարում, քիչ քանակությամբ ոսկին էլ շահավետ է: Մեզ մոտ ընդհանրապես ոսկի, մոլիբդեն ու ոչ մի գրամ օգտակար հանածոներ չեն թողնում սերունդներին: Ամեն ինչ ուզում են հիմա հանել, սերունդներին թողնելու են պոչամբարներ, ռադիոակտիվ թափոններ: Օրինակ՝ 25 տարի հետո որոշ հանքավայրերի տեղում լինելու են ընդամենը կցակույտեր»: Տիկին Զառաֆյանն ահազանգեց բնապահպանության ոլորտում վերջերս արձանագրված մեկ այլ լուրջ խնդրի մասին. «Հիմա կան նաեւ նախագծեր, որտեղ պոչանքի մասին ոչինչ գրված չէ, ընդամենը գրված է՝ արտադրական թափոններ, բայց չեն ներկայացնում՝ տոկսիկ նյութ կա՞, թե՞ ոչ»:

Բավական չէ, որ Հայաստանում կայծակնային արագությամբ հանքեր են բացվում, իրար կողք կողքի էլ պոչամբարներ են բացվում, ընդ որում՝ առանց համապատասխան չափորոշիչների: Ըստ Հակոբ Սանասարյանի՝ միայն վերջին տարիներին 112 մետաղական հանքերի ուսումնասիրության եւ շահագործման մասին փաստաթղթեր կան. «Սյունիքի մարզում 39 նոր բազմամետաղական հանքավայր պետք է բացվի, Վայոց ձորում՝ 13, ու այսպես նաեւ Արագածոտնում, Կոտայքում եւ այլուր: Իսկ բազմամետաղական հանքավայրերում ինչ ասես կա՝ ցրված ուրան, սնդիկ եւ այլն: Մեղրաձորի ոսկու հանքի ուրանը արդյունաբերական նշանակություն չունի, բայց այն ցրված է. եթե հանում են ոսկին, արծաթը, կապարը եւ այլ մետաղներ, ուրանի եւ սնդիկի մասին ոչ մի տեղ խոսք չկա, որ կորզում են»: Բնապահպանների խոսքերով՝ թեեւ պոչանքների համար հարկ չի վճարվում, բնապահպանության նախարարությունը ընկերություններից չի էլ պահանջում ներկայացնել թունավոր նյութերի առկայությունն այդ պոչանքներում: Իսկ թունավոր նյութերի մասին բնապահպանները տեղեկանում են գիտական հոդվածներից:

Այն, որ մեր բնական ռեսուրսները անխնա ու ագահաբար օգտագործում են ու շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը անդառնալի վնասներ են հասցնում՝ նույնիսկ օրենք խախտելով ու պատասխանատվության չենթարկվելով, բնապահպանները օրինակ բերեցին Ախթալայի կոմբինատի օրինակը. «Սերոբը (գործարանի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյան-Ն.Բ.) որ տիրացավ Ախթալային, այնտեղ պոչամբարը համարյա լցվում էր, նա պոչամբարից 16-17 հազար տոննա պոչանքը հանեց տարավ լցրեց Ախթալա գետի հունը: Իսկ Նորաշենիկ լեռնային գետի կողքին մի պոչամբար կա, եւ որպեսզի պոչանքը չլցվի գետը, չորացած պոչանքը գետի եզրով լցրել են, իսկ պոչամբարի համար բետոնե հատուկ պատնեշ պիտի լինի ու այլ միջոցներով մեկուսացված բնություն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարներում` Հեծանվորդ նախարարն ու վտանգավոր պոչամբարը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930