Լրահոս
Օրվա լրահոսը

Հեպատիտից մահացածի գործով բերված բողոքը հետաձգվել է

Հուլիս 30,2013 12:28

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին էր բողոքով դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա հանդիսանում էր Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչը: Սուսաննա Անտոնյանի որդին՝ Արման Անտոնյանը, մահացել է 2010թ. ապրիլի 5-ին, սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով (կայծակնային չարորակ), ինչպես նաեւ վիրուսային հեպատիտ B-ից: Արման Անտոնյանը մինչ իր մահը անպտղության գանգատով բուժման կուրս է անցել սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնում: 

Ըստ բողոքաբերի՝ 2010թ. հունիսի 23-ին բժշկական օգնությունը, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առիթով հարուցվել էր քրգործ, սակայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ա. Պողոսյանի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճել քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Ի դեպ, քրեական գործի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն, կենդանության օրոք Արման Անտոնյանը որեւէ մեկի հետ արտաամուսնական կապեր չի ունեցել, մտերիմ ընկերներ չի ունեցել, շփվել է միայն իր ընտանիքի անդամների հետ, թմրանյութեր օգտագործելու հակումներ չի ունեցել եւ հաշվառված չի եղել:
Քննիչի այդ որոշումը բողոքարկվել էր վերադասությամբ, ապա դատական կարգով:
Այս տարվա ապրիլի 23-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բավարարել Սուսաննա Անտոնյանի բողոքը եւ գործը նոր քննության էր ուղարկել: Դատարան չէր ներկայացել քննիչը, սակայն դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ քննիչը բանավոր հայտնել է, որ գործի նյութերը արխիվում են, չեն ստացվել, ուստի չի կարող մասնակցել դատական նիստին: Բողոքի քննությունը նշանակվեց օգոստոսի 14-ին:
Նշենք նաեւ , որ Վճռաբեկ դատարանը իր որոշման մեջ արձանագրել էր, որ Ա. Անտոնյանի մահվան փաստի առթիվ իրականացված քննությունն անարդյունավետ է եղել, որ տվյալ քննությունը հասանելի չի եղել տուժողի ընտանիքին: Aravot.am-ը բազմիցս անդրադարձել է վանաձորցի Սուսաննա Անտոնյանի որդու պատմությանը: Մայրն արդեն 3 տարի փորձում է պարզել իր որդու վարակման պատճառը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031