Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը տարեցների օրվա կապակցությամբ

Հոկտեմբեր 01,2013 10:46

Սիրելի տատիկներ և պապիկներ,

1991 թվականից, Միավորված Ազգերի Կազմակերպության որոշմամբ, հոկտեմբերի 1-ը աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր, պարզ ասած որպես ձեր տոն: Կասկածից վեր է, որ տարեց մարդկանց նկատմամբ ունեցած  հարգանքով ու պատկառանքով մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում միշտ է առանձնացել: Ու հենց այդ վերաբերմունքով էլ ապացուցել է, որ մեր տատիկներին ու պապիկներին մեծարելու և գնահատելու համար մեզ բնավ պարտադիր չէ ունենալ առանձնահատուկ օր: Դուք միշտ էլ եղել ու լինելու եք մեր առանձնակի ուշադրության ու հարգանքի կրողը: Տանը թե դրսում, ընտանիքում թե որևէ այլ միջավայրում ձեր խոսքը միշտ էլ կարևոր ու վճռորոշ է եղել մեզանում: Առանձնահատուկ այդ հարգանքն ու մեծարանքը տարիների ձեր վաստակն է,  տարիներ, որոնց ընթացքում հավաքվել, ի մի են  բերվել համամարդկային իմաստնությունն ու արժեքները ու,  բյուրեղանալով, փոխանցվել սերնդե սերունդ:

Այսօր, տարիքային առանձնահատկություններից  ելնելով, դուք, սիրելիներս, ունեք սոցիալական և հոգեբանական բազմաթիվ կարիքներ ու, այս առումով, կրկնապատկվում է ձեր հանդեպ ուշադրության և հոգածության կարիքը: Ու հատկապես մեր՝ երիտասարդներիս առաջնահերթ խնդիրներից է, ձեր նկատմամբ բավարար հոգածության ապահովումը, քանզի յուրաքանչյուր նոր սերունդ, իր ձեռքբերումներով ու հաջողություններով, խոշոր հաշվով հենց ձեզ՝ մեր ավագ սերնդին է պարտական, ձեր տված դաստիարակությանն ու իմաստուն խորհուրդներին:

Իմ շատ սիրելի տատիկներ և պապիկներ, առիթն օգտագործելով ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ դուք մշտապես Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում եք և մենք անում ու այսուհետ էլ անելու ենք հնարավորը, որ ձեզ համար ապահովենք անհոգ ծերություն:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ, ուզում եմ արևշատություն և հոգատար ու բարի վերաբերմունքով լեցուն երկար տարիների առողջ կյանք մաղթել ձեզ:

Համոզված եղեք, որ դուք՝ ձեր իմաստուն խորհուրդներով ու բարի խոսքով,  մեզ անչափ շատ եք հարկավոր:

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ
 Երևանի քաղաքապետ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031