Ազգային ժողովի նախագահը խորհուրդ տվեց, որ բոլորը սկսեն իրենցից:
Ես էլ խորհուրդ եմ տալիս, որ ինքն օրինակ ցույց տա
Անցյալ ամբողջ շաբաթ հայաստանյան մամուլի ամենաաղմկահարույց թեման, իհարկե, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Զարուհի Փոստանջյանի հարցն էր Սերժ Սարգսյանին: Քննարկումների ու կարծիքների պակաս չկար: Սակայն բոլոր տեսակի արձագանքներից ձեր խոնարհ ծառային ամենից շատ զարմացրեց Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանինը: Չէ, խոսքն այն մասին չէ, որ պարոն Աբրահամյանը որոշել է ամեն գնով, թեկուզ պատվիրակության կազմավորման կարգը փոխելով, Փոստանջյանին հանել այդ կազմից: Խոսքն այն մասին է, որ Հովիկ Աբրահամյանն ինքն իրեն վերին ատյանի դատարանի տեղ է դրել: Ապացո՞ւյց: Խնդրեմ. հոկտեմբերի 3-ի նրա հայտարարությունից մի հատված. «Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ …» (մեջբերված է ըստ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի): Այնուհետեւ ԱԺ նախագահը հայտարարում է, թե խորհրդակցել է Ազգային ժողովի խմբակցությունների հետ եւ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում: Այո, ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածում ասված է. «Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում»: Սակայն, պարոնայք, թե ինչն է զրպարտություն կամ վիրավորանք, կարող է որոշել միայն ԴԱՏԱՐԱՆԸ: Կրկնում եմ՝ միայն ԴԱ-ՏԱ-ՐԱ՛ՆԸ: Այդ երբվանի՞ց է Հովիկ Աբրահամյանն ինքն իրենով դատարան ներկայացնում, որ որոշի՝ Զարուհին զրպարտե՞լ է, թե՞ վիրավորել:
Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է՝ առանց խելք ունենալու պատգամավոր լինելու իր տեսությունը գործնականում ապացուցելու համար, սակայն ստիպված ենք նաեւ ասել. հասկանո՞ւմ եք, պարոն Աբրահամյան, եթե Դուք ինտուիտիվ կարծում եք, թե Փոստանջյանի ասածը զրպարտություն կամ վիրավորանք է, ապա դա բավարար չէ նրան հետապնդելու համար (իսկ այն, ինչ Դուք որոշել եք անել, այլ բան չէ, քան պատգամավորին իր կարծիքի համար հետապնդելը): Հատուկ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մնացած ինտելեկտուալ պատգամավորների (որոնք, իմ հաշվարկներով, մոտ 86,7 տոկոս են կազմում) համար երրորդում եմ. որեւէ փաստ զրպարտություն եւ որեւէ արտահայտություն վիրավորանք կարող է որակել միայն ԴԱՏԱՐԱՆԸ: Եվ եթե Սերժ Սարգսյանը (ոչ թե Դուք՝ պարոն Աբրահամյան, եւ ոչ թե մի այլ պատգամավոր կամ քաղաքացի) համարում է, որ Փոստանջյանն իրեն վիրավորել կամ զրպարտել է, թող դիմի դատարան: Եվ միայն դատարանի որոշումից հետո Դուք կարող եք անել ձեր քայլերը:
Կարդացեք նաև
Անցյալ շաբաթվա երկրորդ՝ ոչ պակաս աղմկահարույց թեման ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի նշանակումն էր: Չէ, այս պահին ինձ բնավ չեն հետաքրքրում ոչ քվեարկության արդյունքները, ոչ Կոստանյանի անձը: Ինձ մտահոգողը, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, մեր սիրելի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վարկանիշն է: Ահա, Կոստանյանի թեկնածության քվեարկությունից առաջ ելույթ ունենալով՝ նա բերում է Սինգապուրի նախկին նախագահի օրինակն ու ասում. «Երբ նրան հարցրեցին, թե ինչպես այդպես եղավ, նա պատասխանեց, որ ամեն ինչ ինձնից եմ սկսել: Ես էլ խորհուրդ եմ տալիս, որ բոլորն իրենցից սկսեն»: Հրաշալի, հրաշալի խոսքեր են: Կարծում եմ՝ այդ ելույթը լսողների 13,3 տոկոսը հուզմունքից լաց եղավ (մնացած 86,7 տոկոսը, որ ինչպես արդեն հասկացաք, ՀՀ ԱԺ խիստ ինտելեկտուալ մասն է, առանց այդ էլ հուզված էր…): Այ, հենց էսպիսին պիտի լինի իսկական ԱԺ նախագահը:
Շախմատում ասում են՝ «ձեռք ես տվել՝ խաղա՛»: Այս դեպքում՝ «ասել ես՝ արա՛»: Եվ հիմա պրն Աբրահամյանին մնում է անել մի պստլիկ բան. օրինա՛կ ցույց տալ բոլորին: Եվ ես հավատում եմ, որ Հովիկ Աբրահամյանը, որպես իսկական հայրենասեր մարդ, ում խոսքը գործից չի տարբերվում, կանի այդ պստլիկ քայլը: Հուշեմ՝ իբրեւ ինքն իրենից սկսելու խոսքի ու գործի միասնության օրինակ նա հենց վաղը Զեյթունում գտնվող իր շքեղ, ԱԺ շենքի պատկերով ու նմանությամբ կառուցված առանձնատունը կնվիրաբերի համայնքին կամ նոր տերմինով ասած՝ վարչական շրջանին, թող երեխաների համար էնտեղ մանկապարտեզ բացվի… Արտաքինից տեսել եմ՝ հրաշալի պայմաններ են՝ իսկական մանկապարտեզի համար: Դե, իսկ եթե պարոն Աբրահամյանը հանկարծ չանի այդ պստլիկ քայլը (ինչին ես անձամբ չեմ հավատում եւ վստահ եմ, որ կանի, չէ՞ որ նրա խոսքը գործից չի տարբերվում), մի խոսքով՝ եթե հանկարծ աներեւակայելի մի բան կատարվի, եւ պարոն Աբրահամյանը չանի այդ նվիրատվությունը, ապա, ցավոք, կստացվի՝ «Ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ», կամ՝ «…Ես էլ խորհուրդ եմ տալիս, որ բոլորն իրենցից սկսեն»-ը վերաբերում է բոլորին՝ բացի իրենից:
Չէի ցանկանա, որ այսպես լիներ: Չէ՞ որ ես շատ եմ սիրում մեր հայրենի ղեկավարներին եւ միշտ ցանկանում եմ, որ նրանք հասարակությանը երեւան դրական կերպարով:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































Եթե ես ձեզ անվանեմ հիմար, միթե պետք է դատարանի որոշում, որպեսզի հասկանաք որ դա վիրավորանք է:
Եթե ես ձեզ ասնեմ որ դուք մարմնավաճառ էք, միթե պետք է դատարանի որոշում, որպեսզի հասկանաք որ դա եւ վիրավորանք է, եւ զրպարտություն:
Հարգելի Լեւոն, մեկ նախադասությամբ ձեզ արդեն ըստ էության պատասխանել են, ես էլ մանրամասնեմ. Եթե մենք ուզում ենք ապրել իրավական պետության մեջ, ապա ձեր արտահայտությունների համար, ինչքան էլ դրանք ես վիրավորական համարեմ, ձեզ պատասխանատվության ենթարկելու նպատակով պետք է դիմեմ դատարան: Ավելին, եթե մենք ուզում ենք ապրել իրավական պետության մեջ, ապա որեւէ երրորդ անձ չի կարող իմ փոխարեն դա վիրավորևանք համարել եւ պատժել կամ պատասխանատվության ենթարկել ձեզ: Արդ, ինչքան էլ ԱԺ նախագահը Ս. Սարգսյանի հասցեին Զարուհու ասածները վիրավորական կամ զրպարտաչական համարի, վերջինիս պատասխանատվության ենթարկելու համար պետք է լինի դատարանի վճիռ, ընդ որում՝ վիրավորվածի հայցով: Կամ ծայրահեղ դեպքում պատգամավորի վարքի վերաբերյալ էթիկակայի հանձնաժողովի եզրակացություն: Սա է իմ գրածի եւ ձեր ընկալածի տարբերությունը:
Ինչի մասին է խոսքը՛ պ–ն Աբրահամյանը ոչ միայն իր տունը կնվիրի մանկապարտեզին, այլ իր ողջ ունրցվածքը, որը ի դեպ ձերք է բերել աղի քրտինք թափելու արդյունքում՛ կնվիրաբերի անօթեւանների համար կացարաններ կառուցելու, սոված երեխաներին կերակրելու եւ էլի այլ բարեգործական ծրագրերի համար։ Մի թէ կարող է այլ կերպ վարվել մի մարդ, որի ծառայողական ժիգուլի մաքենան ՍՍՀՄ–ի տարիքին է, մի մարդ՛ որ անգամ գործուղումների ժամանակ երթեւեկում է էկոնոմ կլասս–ով, օգտվում երկու աստղանի հյուրանոցի ծառայությունից եւ օրեկան սնունդը երկու հատ չամիչով բուլկին է։ Այս ամենով նա խնայում է պետական միջոցները։ Այսքանից հետո որոշ մարդիկ ( նկատի ունեմ հոդվածի հեղինակին) մազաչափ անգամ կասկածում են նրա մարդասիրության վրա։ Ինչան գիտեմ այսօր առավետից նատարյուսի մոտ նվիրատվությունն է ձեւակերպում։
Հարգելի Մեսրոպ
Պատասխանատվության ենթարկելու մասին խոսք չկա:
Զարուհուն պատվիրակության կազմից հանելը դեռ չի նշանակում նրան պատասխանատվության ենթարկել:
Իսկ եթե Զարուհին գտնում է, որ իր խոսքերում վիրավորանք եւ զրպարտություն չկա եւ իրեն պատվիրակության կազմից հանելու իրավունք ԱԺ նախագահը չուներ, ապա Զարուհին ինքը կարող է դիմել դատարան:
իրավական ուժ ունենալու համար , այո
Այ մանկապարտեզի պահը հրաշալի էր, ու ինքն էլ իր ընտանիքով շարքային հայաստանցու նման բազմաբնակարան շենքում ապրի, վերելակը անսարք լինի, աղբի հոտը շնչեն, երթուղայինում կզած երթևեկեն, թոռների աչքերի տակը թերսնումից մանուշակագույն լինեն, լնդերը անտանելի բորբոքված` վիտամինի պակասից, էսքանը հերիքա:
…Եվ այդքանից հետո նոր միայն երկանիշ թվերի բազմապատկումով հպարտանա: