Հիվանդանոցների գործունեությունը թափանցիկ կդառնա
Հայաստանում բժշկական ծառայությունների որակի բարելավման, առողջապահության համակարգում ստվերային գումարների շրջանառությունը բացառելու, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունը քաղաքակիրթ մակարդակի հասցնելու եւ երկկողմանի վստահություն ձեռք բերելու եւ մի շարք այլ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ եւ անմիջական հսկողությամբ նախաձեռնվել եւ իրականացվում են համակարգված ու լայնածավալ միջոցառումներ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Ըստ նրա՝ հատուկ ստեղծված հանձնաժողովը մանրակրկիտ քննարկել է բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված 40 միջոցառումներից յուրաքանչյուրը, ապա դրանց իրականացման կոնկրետ մեխանիզմներ առաջարկել։ Նախարարությունը, թիմային աշխատանքով, մինչեւ դեկտեմբերի 20-ը կյանքի է կոչում հինգ տարբեր ուղղություններով նախանշված միջոցառումները։ Վ. Պողոսյանի ներկայացմամբ՝ այդպիսով իրավական անհրաժեշտ հող է նախապատրաստվում 2014 թվականից բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրային, համակարգված փոփոխություններ իրականացնելու համար։ Այդ ենթատեքստում կազմակերպական շատ հարցեր արդեն լուծված են, մի շարք աշխատանքներ կատարելու համար համապատասխան հրամանները ստորագրված են։ Ըստ մեր զրուցակցի՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ կնքվող պետական պատվերի տեղադրման վերաբերյալ պայմանագրում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա պայմանները խստացվել եւ ընդլայնվում են։ Բոլոր այդ բուժհիմնարկները պետք է ունենան հեռանկարային հստակ զարգացման ծրագրեր, որի իրականացմանը հետեւելու է նախարարությունը: Նա կարեւորեց հիվանդանոցներում որակի հանձնաժողովների ստեղծման, բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրման, ինչպես նաեւ պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող հիվանդի իրավունքների եւ պարտականությունների մասին իրազեկման թերթիկի ներդրումը։
Բուժհիմնարկների աշխատանքի թափանցիկության ու վերահսկելիության ապահովման նպատակով նրանց համար պայմանագրային պարտադիր պայման է դարձվում կայքերի առկայությունը, որոնցում որոշ ցուցանիշների ամենօրյա թարմացումը կարեւոր տեղեկատվություն կապահովի։ Այդպիսով հանրությունը եւս հստակ տեղեկատվություն կունենա այս կամ այն բուժհիմնարկում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Փոխնախարարը, անդրադառնալով լաբորատոր ծառայությանը, ասաց, որ ստեղծվելու է գլխադասային (ռեֆերենս) լաբորատորիա, որը վերահսկողություն է իրականացնելու մյուս լաբորատորիաների աշխատանքի, նյութերի, իրականացված հետազոտությունների, դրանց առթիվ տրված պատասխանների նկատմամբ:
Կարդացեք նաև
Բուժհիմնարկների միջեւ առողջ մրցակցություն սահմանելու համար նախարարությունը մտադիր է նրանց վարկանիշավորման համակարգ ներդնել. «Այն բուժհիմնարկները, որոնք կարող են որակյալ բուժում կազմակերպել, հիվանդների նկատմամբ հարգալից վերաբերվել, չունենան բուժման բարդացումներ, կրկնակի բուժումներ, գներն էլ մատչելի լինեն, իհարկե, կհայտնվեն լավագույն հիմնարկների ցանկում, եւ նրանց հետ աշխատելու նոր մոտեցումներ կորդեգրենք։ Ինչպես բուժհիմնարկների վարկանիշավորման, այնպես էլ մասնագետների որակավորման հստակ չափորոշիչներ կմշակվեն»,- ասաց Վ. Պողոսյանը:
Բարեփոխումների շարքում մեկ նորամուծություն եւս կա. Դ. Դումանյանի հրամանով բուժհիմնարկներում իրականացվում է մշտադիտարկում։ Պատասխանատուները հետեւում են հիվանդների ընդունելության, բուժման, ախտորոշման, դուրս գրման ընթացքին, հիվանդանոցում տիրող կարգուկանոնին եւ այդ մասին ամենօրյա հաշվետվություն տալիս նախարարին: Բուժհիմնարկներում նաեւ տեղադրվելու են առողջապահության նախարարին ուղղված հարցերի արկղեր, որոնց միջոցով նախարարությունը կտեղեկացվի, թե հասարակությունն ինչ կարծիք ունի տվյալ բուժհիմնարկի եւ ընդհանրապես՝ առողջապահական համակարգի մասին:
2014 թվականից սկսած, ինչպես պարոն Պողոսյանն է ասում, հստակ սահմանվելու են բուժաշխատողների աշխատանքային ծանրաբեռնվածության նորմատիվները, տարեկան աշխատանքային նվազագույն ծավալները։ Սա նշանակում է, որ նրանց աշխատավարձերի չափը կախված չի լինելու տվյալ բուժհիմնարկի տնօրենի, հաշվապահի կամքից. «Սա կոռուպցիոն ռիսկերը վերացնելուն ուղղված լայնածավալ միջոցառումներից մեկն է լինելու»:
Վ. Պողոսյանը նշում է, որ նախարարությունը մտադիր է վերանայել նաեւ բուժհիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունների դիմաց վճարի գանձման մեխանիզմները։
«Մտադիր ենք հասնել նրան, որ գումարի փոխանցումը կատարվի բանկային քարտերով կամ բանկերի միջոցով։ Խնդրելու ենք բանկերին հիվանդանոցներում տեղադրել բանկոմատներ, իսկ մեծ հիվանդանոցներում հնարավոր է նույնիսկ բանկի մասնաճյուղ, որպեսզի մարդիկ կարողանան վճարումներ կատարել: Սա նաեւ նրանց շահերից է բխում»,- վստահեցրեց փոխնախարարը: Ըստ նրա՝ դատաբժշկական, անաշխատունակության, զինծառայողների առողջապահական փորձաքննությունների նկատմամբ առկա անվստահությունն ու դժգոհությունները բացառելու նպատակով նախարարությունն ուսումնասիրում է միջազգային փորձը. «Այստեղ եւս օբյեկտիվություն, հստակություն եւ թափանցիկություն ապահովելու նպատակով մեխանիզմներ ենք մշակում»:
Պետբյուջեի գումարներն արդյունավետ ծախսելու նպատակով ներկայումս քննարկման փուլում է պետության ներդրած սոցիալական փաթեթը ապահովագրական ընկերություններից նախարարությանը հանձնելու հարցը: Ըստ Վ. Պողոսյանի՝ նախարարությունը կլինի այդ գործընթացի թե՛ պատասխանատու մարմինը, թե՛ իրականացնողը: Բարեփոխումների շրջանակներում զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ փրկարար ծառայության աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումն արդեն իսկ հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
Ըստ Վ. Պողոսյանի՝ «Բոլոր այս միջոցառումների իրականացմանը կհետեւի Բժշկական օգնության որակի վերահսկողության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ ստվերային դրամաշրջանառության կանխարգելման նպատակով ստեղծվող հասարակական անկախ խորհուրդը, որը միաժամանակ մշտապես կքննարկի առկա խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

















































