Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ով, սոցիալական արդարություն

Մայիս 02,2014 13:55

Թող որ թքնեմ քո ճակատին

ԵՍ չգիտեմ՝ մոտակա 3-4 տարում փոխվելո՞ւ է արդյոք Հայաստանի Սահմանադրությունը, եւ կա՞ արդյոք դրա անհետաձգելի անհրաժեշտությունը: Մեր քաղաքական վերնախավում վերաբերմունքն այդ հարցին հակասական է. քաղաքական ուժերը, որոնք ցույցեր էին անում Սահմանադրությունը փոխելու, կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու, 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ անցկացնելու եւ այլ բաների համար, հիմա ասում են, որ ոչ մի փոփոխություն էլ պետք չէ: Տվեք մեզ իշխանություն եւ՝ վերջ: Իսկ մարդիկ, որոնց կյանքն ու գործունեությունը ոտքից մինչեւ գլուխ Սահմանադրության խախտում է, հիմա ասում են, որ Գլխավոր օրենքը պետք է ապահովի մարդկանց իրավունքներն ու ազատությունները:

Բայց եթե ինձ մնար, ես կփոխեի Սահմանադրության այն հոդվածը, որն օրենքով չի կարելի փոխել՝ առաջինը. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Խնդիրն այն չէ, որ մեր պետությունը Սահմանադրության ընդունումից ի վեր գրեթե 19 տարվա ընթացքում ձեռք չի բերել թվարկած 4 հատկանիշներից որեւէ մեկը: Մենք կարող ենք երբեւէ դառնալ, եւ վստահ եմ՝ կդառնանք ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետություն: Բայց սոցիալական պետություն մենք, նույնիսկ տեսականորեն, երբեք չենք դառնա: Որովհետեւ դա, իմ կարծիքով, անիմաստ եւ դատարկ բառակապակցություն է:

19-րդ դարի գերմանացի փիլիսոփա Լորենց ֆոն Շտայնի այդ գաղափարը բուռն զարգացում գտավ նախորդ դարի եվրոպացի սոցիալ-դեմոկրատների մոտ: Հիմնական սկբունքն այն է, որ պետությունը վերացնում է սոցիալական անհավասարությունը՝ միջոցների վերաբաշխման ճանապարհով: Սկանդինավյան պետություններում այդ մոդելը հաջողությամբ կիրառվեց մինչեւ 70-ական թվականները, որից հետո, սակայն, Արեւմուտքը դրա ձեռքը կրակն ընկավ: Որովհետեւ այդ մոդելի տրամաբանական շարունակությունն է ձրիակերությունը, պորտաբուծությունը, երբ չաշխատելը դառնում է ավելի ձեռնտու, քան աշխատելը:

Իհարկե, պետությունը պետք է լուրջ ծրագրեր իրականացնի` սոցիալապես անապահով խավերին սատարելու, գործազրկությունը կրճատելու եւ բարեգործությունը խրախուսելու ուղղությամբ: Բայց դրա հիմքում պետք է լինի գործունյա, նախաձեռնող, աշխատող, ստեղծող մարդը, ոչ թե օգնության սպասող եւ խրոնիկապես բողոքող պորտաբույծը: Դա ճիշտ է թե՛ հայկական, թե՛ շվեդական եւ թե՛ հարավաֆրիկյան մենթալիտետի համար:
«Սոցիալական» բառի գործածումը հասարակական, քաղաքական, տնտեսական պրակտիկայում որպես դրական բնութագրիչ («լավ», «քաղցր», «արդար») երբեմն խիստ կասկածելի է: «Սոցիալապես պատասխանատու բիզնես» եզրը, օրինակ, միանգամայն հասկանալի է՝ գործարարը իր կամքով պատասխանատվություն է կրում ոչ միայն իր աշխատողների, այլեւ այն համայնքի համար, որտեղ նա ապրում է: Երբ «սոցիալական արդարության» տակ հասկանում են բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ, դա նույնպես հասկանալի է՝ միայն թե պարզ չէ, թե ինչու է դա կոչվում «սոցիալական»:

Բայց սովորաբար, երբ «սոցիալականը» կցվում է «արդարությանը», այսինքն՝ փիլիսոփայական, բարոյագիտական հասկացությանը, առաջանում է շփոթմունք: Նկատի է առնվում, որ ինչ-որ մեկը վերաբաշխում է մարդկանց եկամուտները ոչ թե հանուն պետության բնականոն աշխատանքի (որի մեջ, բնականաբար, մտնում են պետական ծառայողների աշխատավարձերը, թոշակները, նպաստները եւ այլն), այլ հանուն «արդարության»: Այսինքն՝ ենթադրվում է, որ ինչ-որ տեղ նստած են «արդար մարդիկ», որոնք գիտեն, թե ինչպես է պետք վերաբաշխել մարդկանց եկամուտները բարոյական սկզբունքների համաձայն:

Այստեղ մենք մտնում ենք մի ոլորտ, որտեղ չափանիշները բավականին հեղհեղուկ են, որովհետեւ «բարոյական սկզբունքները» եւ ինքը՝ «արդարությունը» տարբեր անհատներ, մարդկանց տարբեր խմբեր խիստ տարբեր են հասկանում. սա մի դաշտ է, որը քաղաքական գործիչների համար լայն հնարավորություն է տալիս փարիսեցիության եւ երեսպաշտության համար: Ո՞վ է այդ «արդար բաշխողը»: Գուցե Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շա՞րիկովը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Շատ ծանր թեմա եք քննարկում սոցիալական նպաստներ և արդարություն դա մեր պետությանը դեռ չի վերաբերվում: Ամեն բան տրամաբանակն է արևմուտքում,միայնակ կինը ինչ-ինչ պատճառներով երեխա է ` ունեցել,մինչև այդ երբեք չի աշխատել,իսկ իր և երեխայի գոյատևման համար անհրաժեշտ է գումար,բնակարան անվճար բժշկություն և այլն:Հարց է առաջանում արդար է արդյոք 15-16 տարի այդ կնոջը ամսեկան 3000-4000 դոլար գումար տրամադրել? Իհարկե արդար է,հաշվի առնելով,որ կինը իրավունք ունի լինել միայնակ մայր,իրավունք ունի այդ երեխային միայնակ մեծացնելու,հնարավորություն չունի համ երեխա պահել համ աշխատել եթե նույնիսկ ունի այդ հնարավորությունը ապա չունի նման ցանկություն,իսկ դա չի կարող պատճառ հանդիսանալ,որպեսզի զրկեն նրան ծնողական իրավունքներից,կամ սովամահ անեն այդ կնոջն ու երեխային:Այսինքն ամեն տեսակետից շատ արդար է երբ ամեն մի կին կարող հարկատուների հաշվին ստանալ 3000-4000 դոլար ամսեկան գումար:Իհարկե դա հարկատուների դուրը չի գալիս,քանի որ միայնակ մայրերը գնալով շատանում են,իսկ պետությունը ստեղծված իրավիճակից ելք չի կարողանում գտնել: Ինչ վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին,ապա իմ կարծիքով Սերժ Սարգսյանը պարզապես ուզում է,մեծացնել խորհրդարանի լիազորությունները, որպեսզի չկորցնի իշխանությունը 2018 թ նախագահական ընտրություններից հետո,այսինք ՀՀԿ ով 2017 ի ազգային ժողովի ընտրություններին կվերցնի մի 60 տոկոս, և ևս 5 տարի կկառավարի:

  2. Armen says:

    Զավեն , որտեղից քեզ այդ ինֆորմացիան,որ միայնակ մայրը ստանում է 3000-4000$?????

  3. Արմեն says:

    3000-4000$ նպաստ գոյություն չունի ոչ Ամերիկայում, ոչ`Եվրոպայում. ոչ միայնակ մոր, ոչ ել որևէ մեկի համար:

  4. Զավեն says:

    Ես ապրում եմ Եվրոպայում և գիտեմ: նրան հասնում է երկուսենյականող բնակաևան մեկ երեխայի դեպքում,(դա մեր երեքսենյականոց բնակարանն է)պետությունը վճարում է նրա փոխարեն մոտ 700-800 Ֆունտ բնակարանի սեփականատիրոջը,100 ֆունտ վճարում է կանսլ տակս,շաբաթական 70 ֆունտ մորը և 50 ֆունտի չափով երեխային,մոտ 100 ֆունտ հատկացնում է տրանսպորտի համար,փոխհատուցում է համարյա բոլոր բժշկական ծառայությունները,ներառյան ատամնաբուժական,երեխայի ուսման և դպրոցի նախաճաշի վարձը նույնպես հոգում է պետությունը,եթե այս ամենը գումարես իրար և բազմապատկես 1.65 կստանաս իմ ասած մոտավոր թիվը:Այսինքն եթե կինը նպաստ չստանար և օգտվեր այս ամենից նա կծախսեր 3000 -4000 դոլար:իհարկե խոսում եմ Անգլիայի մասին,Ռումինիայում նման բաներ չկա:ՃՃՃՃ

  5. Զավեն says:

    Ոչ միշտ,բայց երբեմն նաև հոգում է,կոմունալ վճարները լույս ջուր գազ:Այսինքն քանի որ այս բոլոր ծառայությունները պետական կառույցներ չեն,պետությունը պարզապես փոխանցում է կատարումմայնընկերություններին որոնցից տվյալ ընտանիքը օգտվում է:

  6. Զավեն says:

    Միայնակ մայրերը ամենախոցելի խավը չեն,կան սոցիալական խմբեր որոնք ավելի թանկ են նստում պետության վրա, քան թե միայնակ մայրերը,բայց նրանք այդքան շատ չեն: Օրինակ, անդամալույծը ստանում է այն ամենը ինչ հասնում է միայնակ մորը դրան գումարած երկու աշխատող,որոնք իրեն տանում են ման տալու,հաց են պատրաստում, շորերն են լվանում,այսինքն մոտ 2500 դոլարով ավել են ստանում քան թե միայնակ մայրերը,էլ չեմ ասում եթե տվյալ մարդուն դեղորայքներ են պետք:

  7. Արսեն says:

    Կոմունիստական կլիշեներով մտածող մարդու ինչպիսի հոյակապ քննադատություն..)))…
    Այդ «արդար բաշխողը» ոչ թե ինչ-որ տեղ նստած է, այլ ընտրվում է չկեղղծված ընտրություններով, և կոռուպցիայի կասկածների դեպքում անմիջապես փոխվում է։ Բաշխման ընթացքում կատարում է բացառապես պառլամենտի կողմից ընդունված օրենքները (որի անդամները ընտրվել են չկեղծված ընտրություններով)։ Սոցիալական «վերաբաշխումը» ապահովվում է մարդու մինիմալ անհրաժեշտությունները։ (Որոնք իհարկե շատ ավելի բարձր են, քան ունի Հայաստանում «աշխատող» մարդը, Աբրահամյանն էլ նայում է, և «ըննդիմանում»… Ինչու է «Եվրոպաներում» չաշխատողը ավելի լավ ապրում քան «աշխատողը» Հայաստանում?..))).. Մտքով էլ չի անցնում, որ ոչ թե չաշխատողն է լավ ապրում Եվրոպայում, այլ աշխատողը չի ապրում Հայաստանում)։
    Հոդված գրելուց առաջ նախ հարկավոր է պատկերացնել, որ բնության մեջ կարող են լինել չկեղծված ընտրություններ։ Լարվեք, պարոն Աբրահամյան, դուք դա կարող եք պատկերացնել… գոնե՝ տեսականորեն…)))..
    Թե չէ՝ «ինչ-որ տեղ նստած բաշխող»… Ստալինի և Госснаб-ի հոտը փչեց ձեր մտքից։
    Բաշխվում է այն, ինչ հարկերի տեսքով հավաքվում է աշխատող բնակչությունից, որը ոչ մի դեպքում չի կարող ավել լինել աշխատողի եկամուտից։ (Եթե, ինչ-որ տեղ հեքիաթներ եք լսել, որ չաշխատողը աշխատողից լավ է ապրում… շարունակեք հավատալ..))))..)։
    Իսկ եթե, հասարակության մեջ կլինեն մարդիկ, որ կբավարարվեն նրանով ինչ ստանում են որպես սոցիալական նպաստ, աստված իրենց հետ, այդքանը կտանք, դրանք տնտեսության փշրանքներն են, որը մեծ արագությամբ ետ է վերադառնում տնտեսություն՝ խթանելով հիմնականում գյուղատնտեսությունը (գործազուրկները, չաշխատողները և խրոնիկ ծույլերը իրենց տրված փողի մեծ մասով սննդամթերք են գնում)։
    Այսպիսով, մի «բողոքեք» թե ինչու այլ երկրներում բաշխելու բան կա և բաշխվում է։ Մտածեք, ավելի շուտ՝ ինչու ձեր երկրում բախշելու բան չկա?..)))…
    Կարճ ասած. «Քո աչքի գերանը թողած…» …))))…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031