«Ստվերները դրախտում» ֆիլմի հեղինակները շնորհանդեսից առաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ ֆիլմը նկարահանվել է թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում եւ բնօրինակը անգլերեն է:
Պրոդյուսեր, ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Գոռ Վարդանյանը հավելեց, որ իրենց հիմնական նպատակը միջազգային շուկա մտնելն է: Այն պետք է վաճառվի Ամերիկայում, դուրս գա ամերիկյան էկրան, այնուհետեւ տարածվի աշխարհում: Բայց ծրագիր կա այն ներկայացնել նաեւ մի քանի փառատոներում, որոնց հայտերն արդեն ներկայացվել են: Ֆիլմի բացումներ պետք է կազմակերպվեն մի քանի երկրներում: Ստեղծագործական կազմը որոշել է առաջին բացումն անել Երեւանում: Ցանկանում են շնորհանդես կազմակերպել նաեւ Ստեփանակերտում:
Aravot.am-ի հարցին, թե Գոռ Վարդանյանի նախորդ եւ այս ֆիլմերում իրադարձությունները կատարվում են Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Հետաքրքիր է` ամերիկացիները դրանք դիտո՞ւմ են, Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Այս ֆիլմը նկարահանվել է ամերիկյան մարկետի համար: Ֆիլմերը, որոնք նկարահանվում են Հայաստանում, հայերից բացի ոչ ոք չի նայում, քանի որ, դրանք նկարահանվում են այն չափանիշներով, որոնք միայն հայն է հասկանում: Ես ձեզ սա ասում եմ ամենայն ճշմարտացիությամբ: Հայկական կինոարտադրության մեջ չկա մի ֆիլմ, որը վաճառվել է արտասահմանյան որեւէ ընկերության: Չկա: Բերեք մի նմուշ եւ ասեք, որ այս ֆիլմը վաճառվել է այսինչ ընկերությանը: Նրանց չի հետաքրքրում: Եթե գնեն, պետք է ավելի թանկ գնով վաճառեն: Եթե չեն կարող, ուրեմն այդ բիզնեսը չի աշխատի: Միջազգային շուկա մտնելու համար պետք է իրենց չափանիշներով ֆիլմ նկարահանել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































Գոռ, միայն ասելով, գլուխ գովելով չի, կարևորը որակն է ու բարձր արվեստը: