Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն արեց ամեն ինչ, որ ոստիկաններ վիրավորվեն

Հունվար 16,2015 10:55

Ինչպես հայտնի է, երեկ Գյումրիում Շիրակի մարզի դատախազության մոտ մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ հավաք: Հավաքի մասնակիցների մի մասը բողոքի խոսքի արտահայտման նպատակով որոշեց երթով գնալ դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն:

Սակայն, հյուպատոսությունից շուրջ 200 մետր առաջ Ոստիկանությունը «շղթա» կազմեց և խոչընդոտեց այդ պահին դեռևս խաղաղ երթի ընթացքը` կոպտորեն խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, քանի որ վերջինս որևէ սահմանափակում չի ներառում դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի վերաբերյալ:

Հավաքի մասնակիցների մեջ իրոք կային ագրեսիվ տրամադրված քաղաքացիներ, որոնց վրդովեցրել էր Ոստիկանության կողմից երթի կասեցումը: Ոստիկանությունը, իր հերթին, ագրեսիվ քաղաքացիների մեկուսացնելու փոխարեն սկսեց հավաքը ուժով դադարեցնելու ուղղված գործողություններ, որոնց ընթացքում կիրառվեցին հատուկ միջոցներ (լուսաձայնային նռնակներ, մահակներ):

Ոստիկանության այդ անիրավաչափ գործողությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ստացան մարմնական վնասվածքներ, ինչը, անշուշտ, էլ ավելի կատաղեցրեց հավաքի մասնակիցներին և դրդեց վերջիններիս ուժ կիրառել ոստիկանության դեմ:

Այդ ամենն իմանալով և նախկինում բազմաթիվ անգամներ հավաքներ ցրելու վարժանքներ անց կացնելով հանդերձ ոստիկանության շղթայի ձախ ֆլանգում կանգնած ծառայողները պաշտպանված չէին վահաններով և սաղավարտներով:

Ակնհայտ է, որ նման բախման ժամանակ այն ոստիկանները, ում հրահանգված էր առանց սաղավարտերի և վահանների կանգնել առաջին գծում, չէին կարող չտուժել… Ինչը և տեղի ունեցավ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանությունը պետք է պատասխանի հետևյալ հարցերին`

1. Ինչու ի հեճուկս «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ խոչընդոտվեց քաղաքացիների երթը դեպի ՌԴ հյուպատոսություն,

2. Ինչու ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը և ոչ դրա ագրեսիվ մասնակիցների մեկուսացումը,

3. Ինչու՞ շուրջ 20 ոստիկանների հրահանգվեց առանց սաղավարտների և վահանների կանգնել առաջին գծում (արևելյան ֆլանգում):

Նշենք, որ ոստիկանների գործողությունները համակարգում էր ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանական զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ով, ի տարբերություն առաջին գծում (ձախ ֆլանգում) կանգնեցված ոստիկանների, կրում էր սաղավարտ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031