Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում ընդդիմությունը նույն բաներով է տառապում, ինչ իշխանությունը»

Փետրվար 06,2015 14:00

Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի կարծիքով, վաղուց ժամանակն է, որ բոլորը նույն օրենքներով ապրեն

 Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը մտահոգ է Հայաստանի ներկայիս իրավիճակով, ասում է՝ որեւէ մեկն իրավունք չունի ծանր ժամանակներում անկայունացնել երկիրը: Խոսելով Հիմնադիր խորհրդարանի՝ հայտնի ավտոերթի մասին, արվեստագետն ասաց, որ բռնությունը դատապարտելի է, բայց նրա խոսքով. «Եթե խոսքը վերաբերում է այս երկրի նախագահին, ի՞նչ կապ ունի Ղարաբաղը, ինչի՞ էին հասնում Ղարաբաղ»:

Մեր դիտարկմանը, որ դա իրավունք չի տալիս դաժանորեն ծեծել մարդկանց, բռնությամբ կասեցնել ավտոերթը, թող մարդիկ ազատորեն տեղաշարժվեին, ինչի իրավունքն ունեն Սահմանադրությամբ, ճարտարապետը պատասխանեց. «Դուք վտանգ չե՞ք տեսնում Ղարաբաղ գնալու մեջ, իսկ եթե սարսափելի մի բան կատարվեր, ի՞նչ էր ասելու աշխարհի մամուլը: Լավ, էլի՛ փոխենք նախագահին, բայց փոխենք Սահմանադրությամբ, կանոններով, բանով…Մյուս կողմից էլ՝ ով գալիս է, ասում են սրան չենք ուզում, ավանդույթ է դարձել բողոքելը: Միեւնույն է, ով էլ դառնա նախագահ, գտնվելու է մարդկանց խումբ, որը պահանջելու է նախագահի հրաժարականը: Ախր այսպես պետություն չեն կառուցում, առանց այն էլ պետությունը խարխլված վիճակում է: Եթե ամեն մարդ գա, սարքածը քանդի, նոր բան դնի, մեր պետության վերջը ո՞նց կլինի»:

Ֆերդինանտ Առաքելյանի ձեւակերպմամբ, ընդդիմությունը պետք է ավելի լավը լինի, քան իշխանությունը. «Դա՛ է ընդդիմության կարեւոր առաքելությունը, մինչդեռ մեր երկրում ընդդիմությունը նույն բաներով է տառապում, ինչ իշխանությունը: Էլ փոխելու իմաստը որն է: Մի բան ասեմ, օրինակ, ինձ վրա շատ էր ազդել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծը, չի՛ կարելի, բայց ինքն էլ իրավունք չունի երկրի նախագահին բոլորի մոտ հայհոյի: Էլ չենք խոսում այն մասին, որ երբ ժամանակին իրենք էին իշխանություն, չէին ծեծում, գնդակահարում էին: Յուզբաշյանը իրենց օրոք սպանվեց, Ղանդիլյանը … 1500 գործարան քանդվեց, հողին հավասարեցվեց»:

Մեր զրուցակցի համոզմամբ, այսօր երկրի բոլոր ոլորտներում բարեփոխումներ են անհրաժեշտ, սկսած կրթական ու առողջապահականից, վերջացրած մյուսներով. «Ոչ միայն տնտեսությունն է քարուքանդ, այլեւ կրթական եւ առողջապահական ոլորտները, մեկ-մեկ հեռուստացույցով նայում եմ՝ երեխաները Թումանյանին ու Չարենցին չեն ճանաչում, ի՞նչ կրթության մասին է խոսքը»:

Քանդակագործն ասում է, որ կան ուժեր, որոնք ամեն ողբերգությունից ու միջադեպից միավորներ են ուզում կորզել: Ըստ նրա, «նման բան պատահել է նաեւ Գյումրիի ողբերգության ժամանակ, բայց, օրինակ, ռազմական ուսումնարանում կախված երեխայի դեպքի մասին շատերը չեն խոսում, որովհետեւ շահ չունեն…»: Մտավորականներին սեւացնելու միտումից էլ խոսք գնաց: Ֆերդինանտ Առաքելյանի խոսքով. «Մտավորականը մի շահ պետք է ունենա՝ ազգային, պետական շահը, իսկ եթե այլ շահ ունի, դուրս է այդ հասկացությունից: Օլիգարխը չի կարող մտավորականի պես մտածել, ասենք՝ Թումանյանի պես, որը «Հառաչանքն» է գրել»:

Պարոն Առաքելյանին հարցրինք՝ իր խոսքից կարծես դուրս է գալիս, որ իշխանությունները միշտ իրավացի են, իսկ ով դեմ է ռեժիմին, փոփոխություններ է ցանկանում, վա՞տն է: «Իշխանություններն էլ, այո, որոշ խորը սխալների մեջ են, նրանք եւս պետք է հաշվի նստեն Սահմանադրության, օրենքների հետ: Եթե ոմանք թերություններ են տեսնում, թող քննադատեն իշխանությանը, ո՛չ թե ժողովրդին տանեն սպանդի: Թե չէ այնպես ստացվեց, որ մեկը ժողովրդին տարավ սպանդի, մյուսն էլ սնայպերով կրակեց: Աշխարհի ոչ մի երկրում դժգոհողների վրա սնայպերով չեն կրակում: Հեղափոխությունն էլ պետք է խելամիտ իրականացնել: Պետք է իշխանություններին ստիպել, որ աշխատատեղեր բացեն, թե չէ գործարանը թողած՝ եկեղեցի են կառուցում: Կրկնում եմ՝ նույն օրենքով պետք է բոլորը ապրեն, թե չէ իշխանություններն ուրիշ օրենքով են ապրում, սովորական մարդիկ՝ այլ: Մեկը միլիոններ է գողանում, չեն դատում, մյուսը՝ երկու կիլո լոլիկ է թռցնում, տանում նստեցնում են…»,-պատասխանեց նա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05. 02. 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728