Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հըմի ի՞նչ, փակե՞նք էդ պոչամբարները, չբացե՞նք պոչամբարներ»

Մարտ 20,2015 15:30

Ախթալայի կոմբինատի նոր պոչամբարը միայն վնաս է տալու բնակիչներին

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը մտադիր է Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում նոր պոչամբար կառուցել. շինթույլտվություն դեռ չկա, բայց գյուղացիներն «իրար են անցել», նրանք վստահ են, որ համայնքի ղեկավարությունն ի վերջո նոր պոչամբարի համար թույլտվություն կտա: Բանն այն է, որ համայնքի ավագանու 3 անդամներ ստորագրել են գյուղատնտեսական նշանակության համայնքի 12 հեկտար հողատարածքի կարգը փոփոխելու եւ այն արդյունաբերական նշանակության դարձնելու որոշումը: Նոր կառուցվող պոչամբարի ընդհանուր տարածքը 40 հեկտար է լինելու, որի մեծ մասը Ճոճկան համայնքի տարածք է մտնելու:

Մեծ Այրումի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը չի ստորագրել այդ որոշումը եւ դեմ է նոր պոչամբարի կառուցմանը:

«Առավոտի» հետ զրույցում պրն Դուլգարյանն ասաց, որ նոր պոչամբարի տարածքը հիմնականում արոտավայրեր են, համայնքում արոտավայրերի դեֆիցիտ կա, սեզոնին չեն բավարարում: Դուլգարյանը «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (հ/կ) տնօրենն է, հ/կ-ի պահանջով 2 քննարկում է կազմակերպվել, որոնց ընթացքում գյուղացիների մոտ 80%-ը դեմ է արտահայտվել նոր պոչամբարի կառուցմանը:

«Քանի որ գյուղում արդեն կա Նահատակ կոչվող պոչամբարը, որը տարիներ շարունակ լուրջ խնդիրներ է առաջացրել, իսկ նոր կառուցվողը սրա շարունակությունն է լինելու՝ Նահատակի սահմանագծին է կառուցվելու, շարունակվելու ու մոտենալու է Դեբեդ գետի ավազանին: Այսինքն՝ իր ընդգրկվածությամբ վտանգը մեծացնում է: Պոչամբարի ծանր մետաղները քամու եւ ջրի միջոցով մեծ շառավղով տարածվելու են վարելահողերի, այգիների վրա, լցվելու են Դեբեդ գետը, որը ոռոգման միակ միջոցն է»,- ասաց Դուլգարյանը: Մեր հարցին՝ կա՞ նոր պոչամբարի նախագիծը, այն գուցե ժամանակակից ու անվտանգ մեխանիզմով է կառուցվելու, ավագանու անդամն ասաց. «Բազմաթիվ մասնագետներ ուսումնասիրել են ու արձանագրել ծանր մետաղների առկայությունը բնամթերքի մեջ: Որքան էլ ներկա պահին ինչ-որ բաներ խոստանան, գործողն արդեն շատ վատն է, ցանկապատված չէ, համայնքի անասունները ընկնում են մեջը՝ խորտակվում, երեխաները, մեծերը տարիներ շարունակ բողոքում են գլխացավից, սրտախառնոցներից, բժիշկներն ասում են՝ աղտոտված օդից է: Գյուղացիներն ասում են՝ մինչեւ նոր պոչամբարի մասին մտածելը, մի հատ կարգավորեք հինը, ռեկուլտիվացրեք եղած պոչամբարը, Ախթալայի պոչամբարն էլ կոմբինատը չի ռեկուլտիվացրել: Ինչպե՞ս վստահենք մի ընկերության, որն իր պարտավորությունները չի կատարում: Կուտակված ջրերը հոսել են գնացել, բնապահպաններն արձանագրել են, որ պոչամբարից ջրերի հոսքը դեպի Դեբեդ գետ է եղել»:

Պարոն Դուլգարյանը նկատեց, որ Ճոճկանն ու Մեծ Այրումը ամբողջ Լոռու մարզի միակ համայնքներն են, որոնք կանոնավոր խաղողի բերք են մատակարարում գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերություններին. նոր պոչամբարի կառուցումից հետո խաղողի բերքն այլեւս էկոլոգիապես մաքուր չի լինի, եւ այդ գործարանները կհրաժարվեն այս համայնքների բերքից: Դուլգարյանի խոսքերով՝ նոր պոչամբարի վնասից բացի, այս համայնքները ոչինչ չեն ստանա: Պոչամբարները չեն հարկվում, որ գոնե որոշակի գումար համայնքային բյուջե մտնի. ներկայիս Նահատակ պոչամբարի համար Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը Մեծ Այրումին տարեկան վճարում է 42 հազար դրամ հողի հարկ: «Այն համայնքներում, որտեղ հանք են շահագործում, բնապահպանական եւ առողջապահական փոխհատուցում են տալիս, մեզ մոտ որ պոչամբար է, ոչինչ չեն տալիս, միայն թափոններն են բերում կուտակում»,- ասաց Դուլգարյանը: Ավագանու անդամի խոսքերով՝ իրենց համայնքից 16-17 մարդ է աշխատում կոմբինատում, մնացածները անասնապահությամբ եւ գյուղմթերքների մշակմամբ են զբաղվում. «Բնակիչները պահանջում են հին պոչամբարի հարցը լուծել, ապահովել բնապահպանական, առողջապահական խնդիրների լուծումը, որպեսզի հասկանան՝ արդյոք այդ պոչամբարն իրենց տարածքում պիտի՞ լինի, թե՞ ոչ: Մեր կազմակերպության կարծիքով՝ նոր պոչամբարը այս տարածքում նպատակահարմար չէ»:

Մեծ Այրումի համայնքապետ Սահակ Նազարյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ չի հասկանում, թե ինչու է աղմուկ բարձրացրել, եթե պոչամբարի կառուցման թույլտվություն չկա. «Երեւի մի հատ ասուլիս հրավիրեմ, որ կարողանամ ինքս ինձ պաշտպանեմ: Ներկայիս պոչամբարը հատկացվել է 1965 թվականին՝ Սովետական սոցիալիստական Հայաստանի մինիստրների սովետի որոշումով: Այս պոչամբարն արդեն ֆիզիկապես իրեն սպառել էր, Ախթալա ԼՀԿ-ն դիմել է նոր պոչամբարի տարածք հատկացնելու համար, բայց դեռ որոշում չկա, չեմ իմանում՝ խնդիրն ինչումն ա»:
Մեր այն դիտարկմանը, որ բնակիչները կարծում են, որ եթե հողի կարգը փոխվել է, ուրեմն կառուցման թույլտվությունն էլ կտրվի, պարոն Նազարյանն ասաց. «Ընդամենը հողի կարգի փոփոխություն է եղել ավագանու որոշմամբ: Մնացած բոլոր որոշումները բնակիչների հետ համատեղ հանրային լսումներով կորոշենք: Մեր սխա՞լն էր, որ հրապարակայնացրել ենք հողի կարգի որոշումը, էս դեպքում հանրային լսում չեն անում»: Այս առնչությամբ Դուլգարյանն ասաց, որ ավագանու անդամները ոչ էլ լսել են բնակիչներին, ստորագրել են փաստաթուղթն ու անմիջապես հեռացել դահլիճից:

Գյուղապետի խոսքերով՝ «Ես հակված չեմ թույլտվություն տրամադրելու կամ չտրամադրելու, մենք սոցիալական ծրագրերի առաջարկներ ունենք՝ մանկապարտեզի ֆինանսավորում, ջրի խնդիր եւ այլն, եթե կոմբինատը կիրականացնի՝ կշարունակենք»: Նազարյանը զարմանք հայտնեց, թե ինչու է Օլեգ Դուլգարյանն անհանգստացած. «Պոչամբարին ամենամոտն իմ տունն է, Օլեգինը 5 կմ հեռու է լինելու»: Մեր դիտարկմանը, որ ծանր մետաղները բավականին մեծ հեռավորությամբ են տարածվում, գյուղապետն ասաց. «Հըմի ի՞նչ եք առաջարկում, փակե՞նք էդ պոչամբարները, չբացե՞նք պոչամբարներ: Ես շատ կցանկանամ, որ պոչամբար բառը մեր մոտ ընդհանրապես չլինի, չը-լի-նի, մենք մեր հողով ջրով, գյուղատնտեսությամբ ինչքան կարանք՝ կապրենք, ըհըն, սենց ասած: Բայց էդ ֆաբրիկան աշխատում է, 700 մարդ է պահում, աշխատավարձ է տալիս»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում` Մեծ Այրումի պոչամբարը:

«Առավոտ» օրաթերթ
19.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031