Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ ադրբեջանցի «ապուշների» ու պատերազմի մասին

Փետրվար 03,2016 14:00

Հարցազրույց գրող Հրաչ Սարիբեկյանի հետ

– Դեռ չհրատարակված ձեր երկրորդ վեպը (առաջինը «Երկվորյակների արեւ»-ն է)՝ «Ապուշների ուղեւորությունը», մասնագետների խոսքով՝ հաջորդ փորձարարությունն է այդ ժանրում: «Կիսո՞ւմ» եք այդ կարծիքը:

– Միշտ փորձել եմ գրել այնպիսի վեպեր, որոնք ոչ մի տեղ չեմ կարդացել: Ես անհագ ընթերցող եմ եւ հասկացել եմ նաեւ, թե ինչու: Կարդում ես՝ գտնելու համար այն վեպը, որ կյանքդ անգամ կտայիր ինքդ գրած լինելու համար: Առայժմ այնքան քիչ եմ գտել այդպիսի վեպեր՝ Մալքոլմ Լաուրիի «Հրաբխի ստորոտին», Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքին», Պրիմո Լեւիի «Պարբերական համակարգը»…էլի մի քանի գործ…վեպեր, որոնք կարդալու համար արժեր ծնված լինել: Իսկ քո գրած վեպն ի՞նչ է լինելու, եթե ոչ գոյությանդ միակ արդարացումը: Գրելու ընթացքն էլ ընթերցման ընթացք է, ինքդ քեզ կարդալով՝ գրում ես, եւ երբ «Ապուշների ուղեւորությունը» գրեցի-վերջացրի, ինքս ինձ ասացի՝ ա՛յ, այսպիսի վեպ դու դեռ չէիր կարդացել: Ոչ միայն պատերազմի նոր մոտեցումն էր գտնված՝ վեպի առանցքում Բաքվի մի «հիմարանոցում» (հոգեբուժարանը վեպում հիմարանոց է կոչվում) մնացած հայ «ապուշների» ճակատագիրն է, այլեւ հենց այդ ոճով, այդպիսի պատկերներով, ապուշների հայացքով գրված ստեղծագործություն չէի կարդացել: Ոչ մի հերոսականություն, ոչ մի ազգային մոտեցում՝ պատերազմը պատկերված է ապուշների աչքերով, որոնք հաճախ չեն էլ հասկանում, թե ինչի միջով են անցնում: Պատերազմը նրանց ուղեղում չի էլ տեղավորվում, երեւի դրա համար էլ ապուշ են: Ըստ որում, հեղինակն իր հերոսներից հասուն կամ իմաստուն երեւալու հավակնություն չունի:

Ինձ համար նոր էր նաեւ ոճը, ռիթմը…Կարճ նախադասություններ, որոնք պատումին գնացքի ռիթմ են հաղորդում, երկխոսություններ, հաճախ անհեթեթ, ներքին մենախոսությունների սակավություն…Կարճ տեսարաններ, որ «Գուշակություններ հայելիներով» վիպակիս մեջ եմ օգտագործել…Բայց դարձյալ ամենակարեւորն ինձ համար մնում է աշխարհը տեսնելու նոր կերպը, եթե դա չկա, ինձ համար չկա ինքնատիպ գրականություն…

– Մտավախություն չկա՞, որ փորձը կարող է «փորձանքով» ավարտվել, ընթերցողը պարզապես չընդունի այն, մանավանդ, որ ասում են այս վեպը հայ-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ նոր հայացք է:

– Ես երբեք ընթերցողների հետ կապված մտավախություններ չեմ ունեցել: Այս վեպը կգտնի իր հակառակորդներին կամ հակառակորդները կգտնեն այս վեպը: Բնականաբար կգտնվեն մարդիկ, որ վեպն անթույլատրելի մոտեցում կհամարեն մեզ համար ազգային նշանակություն ունեցող պատերազմի համատեքստում: Լավ եմ հասկանում, որ արցախյան պատերազմի կապակցությամբ ցույց տալ պատերազմի ապամարդկային, անհոգի, սարսափելի կամ աբսուրդ էությունը՝ անընդունելի է: Հատկապես, երբ հեղինակն է տարօրինակ հայտարարություններ անում, ասենք, զինվորի դիակի կապակցությամբ, թե «անպետք զինվորին հարկավոր է հերձել», հասկանո՞ւմ եք, պատերազմի համար մեկ է՝ հայ ես դու, թե ադրբեջանցի, ինչպես վեպում է ասվում՝ պատերազմի եւ հաստոցի միջեւ ոչ մի տարբերություն չկա: Ո՛չ մի ազգային կողմնապահություն:

Ազգությամբ հայ ապուշներից բացի, վեպի հերոսների մեծ մասը ադրբեջանցիներ են: Բայց հարկավոր է նրանց արարքների մեջ որոշ չափով ճանաչենք նաեւ ինքներս մեզ: Հատվածներ կան, որտեղ ադրբեջանցի հերոսներից մեկի բերանով ասվում է, թե մենք երկուսս էլ նույն «խորհրդային ապրանքն ենք», վեպում շատ են խորհրդային ռեալիաները, նույնիսկ հերոսների անունները ծաղրական են, խորհրդային առաջնորդների անունների հապավումներ կամ շրջած տարբերակներ՝ Վիլեն, Լենդրուշ, Մաենլեստ, Նինել եւ այլն: Եվ այդ ապուշները Բաքվից Երեւան են գալիս: Վեպը պատկերում է նրանց ուղեւորությունը գնացքով, որն աստիճանաբար դառնում է պատերազմի փոխաբերություն: Չասեմ, թե ինչ է լինում վերջում, բայց վերջն «ասում » է՝ ձեզ լինեն ձեր ապուշները, հարկավոր է ազատվել խորհրդային մնացուկներից:

– Ասում են, որ հեռացել եք հայերենից՝ ավելի տպավորիչ լինելու համար օգտագործելով բառապաշարի անվայելուչ շերտեր:

– Վեպն ընդհանուր առմամբ գրական հայերենով է գրված, բայց կան խոսակցական արտահայտություններ, գռեհկաբանություններ, օտարաբանություններ՝ ադրբեջաներեն եւ ռուսերեն բառեր: Դրանք հատուկ, այսինքն՝ գրական տեքստը անաղարտ պահելու միտումով, շեղատառով առանձնացված են տեքստից: Մի տեղ հայհոյանք կա, բայց չէի կարող չգրել, երբ հերոսն այդպես է հայհոյում, եւ հետո՝ ինչքան էլ փորձեցի, չկարողացա խմբագրել, որովհետեւ դրանից կրած վիրավորանքը հերոսներիցս մեկին՝ Հեյդարին, որ կիսով չափ հայ է, կիսով չափ ադրբեջանցի, դրդել էր արդեն գործել մի արարք, որի համար կյանքն էր վճարել: Այդ վիրավորանքը շատ խորը պիտի լիներ, ուրեմն եւ հայհոյանքն էլ՝ գռեհիկ: Եվ այսպես, որպես հեղինակ, երբեմն զգում ես սեփական տեքստիդ հանդեպ անզորությունդ եւ չես կարող թույլ չտալ, որ ադրբեջանցիների մտքով ինչ դաժանություն անցնի, չանեն քո հերոսների հետ, որովհետեւ դու հեղինակ չես, դու պատերազմն ես: Ինչեւէ, յուրաքանչյուր բառ պատճառաբանված է եւ եթե հնարավորություն է եղել մաքուր հայերենով գրել, ինչ խոսք, նախընտրել եմ մաքուր հայերենը:

Իսկ ադրբեջաներեն, ռուսերեն եւ ռուսերենի ադրբեջանական առոգանությամբ տրված բառերը կոլորիտ են ստեղծում, այդ պահին զգում ես հենց այդ եւ ոչ մի ուրիշ բառ օգտագործելու անհրաժեշտությունը, եւ ընդհանրապես՝ յուրաքանչյուր բառ, նույնիսկ հնչյուն, տեքստի տրամաբանությունից է բխում: Ադրբեջանցի մայորի կատաղած շան անունն, օրինակ, հայերենում հայհոյական բառ է, մայորի շան համար շատ սազական, բայց իրականում ադրբեջանցիներն այդպիսի շան անուն ունեն: Երբ գրեցի շան անունը, երկար ժամանակ չէի կարողանում ծիծաղս զսպել: Վեպի մեջ կան գռեհիկ հումորով գրված տեսարաններ, չգիտեմ՝ ճիշտ է արդյոք պատերազմի դաժանությունների հանդեպ ծիծաղ հարուցել, երբ մարդ սարսափ պիտի ապրի, բայց պատերազմին վերաբերող հումորը, ինձ թվում է, կարող է միայն ու միայն գռեհիկ լինել: Մյուս կողմից, թեկուզ գռեհիկ ու անպատեհ, բայց հումորը վեպը մռայլությունից փրկում է: Մի խոսքով՝ գրական մաքրամոլությունն այս վեպում անտեղի ու արհեստական կլիներ: Հաշեկն է դիպուկ ասել, թե պատերազմի մասին սալոնային չեխերենով չես գրի:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Թույլ տուր ընթերցողն ասի ինչպիսի վեպ է, ոչ թե գովաբանի ու գովաբանի սեփական գրածդ:

    • Ռւսլան says:

      Հարցազրույցում հեղինակը իրեն չի գովաբանում, սխալ եք ընկալել, ավելի լավ կլիներ մեկնաբանել միայն վեպը կարդալուց հետո։

  2. Կիմա says:

    Գրական միջակություններ լինում են ամեն դարաշրջանում:

    • Ռւսլան says:

      Օրիորդ կամ տիկին /կներեք չգիտեմ ով եք/ Կիմա, չեմ կարող ասել Ձեր ընթերցանության աստիճանը, ճաշակը, որակը, բայց Ձեր վիրավորանքները հաստատ տեղին չեն, միջակությունը դարաշրջանի հետ չի կապվում, հուսով եմ այս առումով տեղին կլինի հիշել Չարենցի խոսքերը։ Հուսամ Չարենցին կարդացել եք։ Առավել ևս առանց կարդալու կոռեկտ չէ անպատիվ մեկնաբանությունները։ Այ, ուրիշ բան եթե դուք կարդացած լինեիք։ Կտպվի կկարդանք ու հետո կխոսենք։ Իսկ, որ Հրաչյա Սարիբեկյանը, միանշանակ 21-րդ դարի հայ լավագույն գրողն է՝ դա արդենք փաստ է։ Կարդացեք նրա գործերը։ Ձեր մեկնաբանությունից առաջ ճիշտ կլիներ ցույց տայիք ձեր ստեղծածը։ Առավել ևս, մեծ մարդը երբեք իր դիմացինին միջակ չի համարում, այդ երևույթը հատուկ է միայն ու միայն միջակություններին։

  3. Կիմա says:

    Ռուսլան, եթե ձեր ճաշակը այդպիսին է, ուրեմն անիմաստ է գլուխ դնել ձեզ հետ, քանի որ հիշյալ հեղինակից ոչ թե երկակի, այլ քառակի ավելի օժտված գրողներ կան, որոնց դուք չեք էլ կարդացել: Իմ գրածի ձեր ընկալումից հասկանալի է ձեր կարդացածության մակարդակը… Միջակություններ լինում են ամեն դարում, որոնք ռեկլամի միջոցով փորձում են տաղանդավոր երևալ, բայց դա չի օգնում: Ամեն միջակ մակարդացի ստեղծագործություն դեռ արժեք չէ: Իրերը պետք է կոչել իրենց անուններով, իսկ եթե կարդացած չլինեի ու գիրքը զզվանքով մի կողմ շպրտած, հաստատ չէի ասի… դուք ով եք, որ ես պետք է ձեզ հաշվետվություն տամ իմ արածի մասին: Իսկ վիրավորանքը և սովորական բազմափորձ կարծիքն իրարից տարբերելու համար ձեզ մի քիչ գրական քիմք էր պետք:

    • Ռւսլան says:

      Կիմա, ես ինչպես հասկանում եմ մարդկանց վրա ցեխ շպրտելն ու վիրավորելը ձեր տարերքն ա, ես ձեր ոճից դուրս եմ, բայց թույլ չեմ տա ինձ վիրավորել, ես ձեզ չեմ վիրավորել, ես ձեզնից հաշվետվություն չեմ պահանջել։ Իմ գրածը մի անգամ էլ կարդա նոր նմանատիպ վիրավորական բաներ գրի։ Բայց ես ձեր ոճով չեմ շարժվի ու էլի եմ կրկնում ձեր ճաշակն ու խորհուրդները ձեզ պահեք, ու ոչ մեկին էլ մի վիրավորեք դա արդեն ձեր իրավունքը չի։ Ինչ վերաբերվում է ինձ հետ գլուխ դնելուն, ապա ասեմ, որ այստեղ ևս մեկ անգամ ես համոզվեցի, որ վերևում իմ գրածը կոնկրետ հասցեատեր ունի։ Ակնհայտ է ձեր թշնամանքը տվյալ գրողի նկատմամբ, դա ձեր իրավունքն ա, մի սիրեք, մի հարգեք մի կարդացեք, բայց մի էլ գրեք, ձեր խորհուրդների կարիք էստեղ ոչ մեկը չունի, իսկ քիմքով մարդն էլ կոռեկտության սահմաններում է իրեն պահում։ Բացի այդ էլ եթե այդ գիրքը արդեն կարդացել եք էլփոստիս հասցեն տամ ուղարկեք ես էլ կարդամ։ Ես ասեմ, որ իրոք մարդկանց վիրավորելու բազմափորձ եք, կարդալու մասին էլ ձեր մեկնաբանությունը իմ հասցեին հաստատ տեղին չէ։ Հուսամ չեք պատասխանի, որովհետև արդեն ես զգացի, որ վիրավորանքների մեջ բազմափորձ, ժամանակակից գրականությունից ու գրական ուղղություններից հեռու մարդու հետ գլուխ դնելն անիմաստ է։ Մի դատիր, որ չդատվես, սա խորհուրդ չէ։ Սա պատգամ է։

  4. Անահիտ says:

    Ռուսլան, մարդկանց վիրավորելու փոխարեն լավ կլինի ուսումնասիրեք արդի հայ գրականությունն իր բոլոր դրսևորումների մեջ և ինքներդ կհասկանաք՝ ով է գավառական միջակություն, ով շնորհալի, ով՝ ոչինչ: Այս հեղինակի գրածներն եմ միայն կարդացել և հիասթափվել, իսկ մարդուն չի կարելի մեղադրել իր անկեղծության համար…

  5. Վարդան says:

    Անահիտ, ոչ ձեզ եմ ճանաչում, ոչ Ռուսլանին, բայց նա ոչ մեկի չի վիրավորել, վիրավորողը Կիման է։ Իսկ եթե Կիման տխրահռչակ պատվերով գրող Կիմա Եղիազարյանն է, ապա կարելի է խոսակցությունը փակված համարել. նա ուրիշների վրա ավել-պակաս ցեխարձակելուց բացի ուրիշ շնորհք չունի։ Էնքան խոսեց էն Լևոն Մութաֆյանի վրա, չոռը էդ բիձուն խփեց, տարավ (նա էլ մի բարի պտուղ չէր)։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29