Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ նիստն ու «նոտան». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 23,2016 12:09

Ապրիլի 21-22-ին պաշտոնական այցով Երեւանում էր  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այս այցը որոշակի հստակություններ մտցրեց ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակում եւ պատկերացում տվեց, թե ինչ ուղղություններով են հնարավոր հետագա զարգացումները: Նաեւ երեւան եկան մինչ այժմ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված որոշ հանգամանքներ:

Մասնավորապես, հայտնի դարձավ այն «գինը», կամ դրա մի մասը, որ ռուսական կողմը վճարեց ապրիլի 13-ին Մոսկվայում ԵՏՄ նիստին Հայաստանի մասնակցության դիմաց: Սերգեյ Լավրովի Երեւան ժամանելու օրը ՌԴ ԱԳ նախարարությունը ղարաբաղյան հակամարտությանը նվիրված մեկնաբանություն հրապարակեց:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում ռուսական կողմը առաջնորդվում է նրանով, որ 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը եւ 1995 թվականի ղարաբաղյան հակամարտությունում հրադադարի ամրապնդման մասին համաձայնագիրը անժամկետ բնույթ են կրում եւ նախկինի պես կազմում են հակամարտության գոտում հրադադարի հիմքը։ Դա սկզբունքային դիրքորոշում է, որն ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ «Եռյակի» ընդհանուր մոտեցմանը։ Այն շարադրված է եղել ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության նոտայում, որը ապրիլի 12-ին հղվել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը»,- նշվում էր մեկնաբանության մեջ: Կցված էր նաեւ համապատասխան փաստաթուղթը` ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության պաշտոնական նոտան: Սա աննախադեպ փաստաթուղթ է, ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության ընթացքում միակը, որ հասցեական ուղղված է Ադրբեջանին եւ փաստացի արձանագրումն է այն բանի, որ Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցը, հիշեցնենք, հարթ չանցավ: Սերժ Սարգսյանը բավական կոշտ հայտարարություններ արեց ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, այն աստիճան, որ ռուսական կողմը դրանք խմբագրած տեղադրեց կառավարության կայքում: Ըստ որոշ գնահատականների, Սարգսյանն ակնարկեց, որ ՀՀ-ն Ռուսաստանից ակնկալում է պատերազմական գործողություններ սկսելու համար Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություն, ինչպես նաեւ` Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի դադարեցման ուղղությամբ գործնական քայլեր: Սպասվում էր, որ ԵՏՄ նիստին ՀՀ-ի մասնակցել-չմասնակցելը կախված կլինի նրանից, թե Կրեմլը ինչպես կարձագանքի այս ակնկալիքներին: Հիմա արդեն պարզ է, որ Ռուսաստանն ընտրել է դրանցից մեկը բավարարելու հնարավոր ամենաանաղմուկ ճանապարհը`պաշտոնական նոտա ԵԱՀԿ-ի «պատերի մեջ», որ փաստորեն հղվել է ԵՏՄ նիստի նախորդ օրը: Հիշեցնենք, մինչեւ վերջին պահը ՀՀ կառավարությունը չէր հաստատում վարչապետի մասնակցությունը Մոսկվայի նիստին: Նոտայի մասին հայտարարվեց Լավրովի երեւանյան այցի շրջանակներում, ինչը թերեւս նույնպես հայկական կողմի պահանջն էր:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930