Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռ Կամսարի անտիպներից

Սեպտեմբեր 07,2016 13:30

– Ռուսաստանը սաստիկ կամենում էր Թուրքիո բարեկամությունը շահել՝ չէր հաջողվում։
Հենց որ Թուրքիան տեսնում էր Ռուսաստանը իր հետեւից գալիս է՝ քայլելիս ոտը վերցնում էր։

-Թուրքի՜ա, – ձայն էր տալիս Ռուսաստանը, բայց նա պատասխան չէր տալիս։

-Թուրքիա՜, Թուրքիա՜, – երբ կրկնեց մի անգամ էլ Ռուսաստանը։

-Ցա՜վ քեզ, ցա՜վ քեզ, – պատասխանեց Թուրքիան ու առաջ անցավ։

Ու Ռուսաստանը շվարած կանգնում էր, չիմանալով ի՞նչ լեզվով խոսի, որ նա պատասխանի։

Այսօր, սակայն, թուրքական պատվիրակություն է եկել Մոսկվա Ռուսաստանի հետ բանակցելու, գնացել Լենինի դամբարանի վրա լացել ու «ա՛խ» է քաշել…
Ձեզ եմ թողնում երեւակայել Ռուսաստանի ուրախությունը։
Ստորեւ տալիս եմ այդ բանակցության պատկերը։
Ռուսաստան.- Ա՛յ մարդ, ի՞նչ եմ արել քեզ, որ հետս չես խոսում։
Թուրքիա.- Մենք իրար հետ ի՞նչ խոսելիք ունենք՝ դու քրիստոնյաներին հովանավոր քրիստոնյա, ես՝ մահմեդական։

Ռուսաստան.- Ա՞յդ էր պատճառը։ Ես Քրիստոսի հերն եմ անիծել, Աստծուն էլ վրան։ Մենք բոլշեւիկներ ենք ու Աստծուն չենք ճանաչում։

Թուրքիա.- Մահմեդական Աստծու հերն է՞լ ես անիծում, նրա՞ն էլ չեք ճանաչում։
Ռուսաստան.- Ո՛չ, քավ լիցի, նրան ճանաչում ենք…

Թուրքիա.- Ես 1915 թվին իմ ողջ հայերը կոտորեցի, ինչո՞ւ չթողիր, որ քոնն էլ կոտորեի ու հայկական հարցը վերանար աշխարհի երեսից։

Ռուսաստան.- Չթողի, որ մնացածն էլ ես կոտորեմ։

Թուրքիա.- Սուտ ես խոսում, դու հայ չես կոտորում։

Ռուսաստան.- Չե՛մ կոտորում… էն էլ ինչպես։ Սոսկալի տանջանքներով։ Ես քեզ նման համախառն կոտորած չեմ սարքում, այլ կաթի նման թողնում եմ, որ երեսին սեր կանգնի, սերը քաշում եմ թափում Սիբիրի անտառները սառելու, իսկ շտուկը դեն ածում։
1937 թվին ես Հայաստանում մի գիտնական, լեզվագետ, գրող կամ այլ կրթված մարդ թողի՞։ Ես բանտարկեցի անգամ աշխարհահռչակ գիտնական Հրաչյա Աճառյանին, տանջամահ արի մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին։ Էլ դրանից ավելին ի՞նչ ես ուզում։ Դու քո հայերին քշեցիր Տեր Զորի տաք անապատները, իսկ ես 1949 թվին մի գիշերվա մեջ 50 հազար ընտանիք քշեցի Ալթայի սառցապատ երկիրը կոտորվելու։ Դրանից հետո էլ հա մաս-մաս կոտորում ենք, էլ ի՞նչ ես ուզում։ Մենք ձեզ նման միանգամից կոտորել չենք կարող, մենք բոլշեւիկներ ենք եւ խնայողությամբ ենք վարվում, որ մինչեւ մեր կյանքի վերջը մարդ ունենանք կոտորելու։ Մենք չենք կարող ձեզ նման միանգամից կոտորել ու այնուհետեւ ձեռները ծալած նստել։ Հետո, տեսաք, չէ՞, մենք Էնվեր փաշայի հայության արյան մեջ թաթախված ձեռքը ի՛նչ ուրախությամբ սեղմեցինք ու թույլ տվինք մեր հողն ապաստանելու։ Ճիշտ է, Ջեմալ փաշային սպանեցինք Թիֆլիսում, բայց այն նրա համար, որ մեղքը դաշնակցության վրա գցեինք ու բանտերը լցնեինք։ Չէ՜, սիրելի Թուրքիա, հային կոտորելու, տանջելու մեջ դու մեզ չես հասնի։
Թուրքիա.- Լավ, համոզվեցի։ Շնորհակալ եմ։ Հիմա դու ի՞նչ ես ուզում ինձանից։
Ռուսաստան.- Ուզում եմ, որ դուրս գաս Ատլանտյան պակտից եւ չեզոք դիրք բռնես իմ նկատմամբ։

Թուրքիա.- Իսկ փոխարե՞նը։

Ռուսաստան.- Ինչ կամենաս։ Ուզո՞ւմ ես, իմ մասի ողջ հայությանը առնեմ թիակի վրա եւ մի գիշերվա մեջ ցրիվ տամ Սիբիրի սառնամանիքներում։

Թուրքիա. – Ի՞նչ մեղադրանքով։

Ռուսաստան. – Նացիոնալիզմի մեջ մեղադրելով։ Մինչեւ օրս այդ մեղադրանքով կոտորել եմ եւ շատ հաջող։

Թուրքիա.- Լավ, կմտածեմ ու կասեմ, – ասաց ու բանակցությունները դրանով էլ վերջացան։
Թուրքիան գնաց մտածելու, իսկ Ռուսաստանը հրաման արձակեց իր չեկիստներին գնացքները պատրաստ պահել, որ պահանջված րոպեին մի գիշերում հայությանը տեղահան անի Սիբիր։

 
Լեռ Կամսար,

1961թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930