Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԱՌԱՅԻՆ

Նոյեմբեր 11,2016 10:30 Share

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հիսունութերորդ

ԱՄԱՌԱՅԻՆ

Էս ընթացքում ընթերցողներիցս որոշներն էս անվերջանալի վեպիցս հոգնեցին ու ձանձրացան, եւ ձանձրացողներից ոմանք ձանձրացան էս վեպիս հատկապես էն հատվածներից, որտեղ օրթախականների սրճարանային ամենօրյա հավաքներն ու խոսակցություններն էի ներկայացնում, եւ իսկապես էդ հավաքներին ու խոսակցություններին էս վեպիս մեջ չափազանց մեծ ու ընդարձակ տեղ տվեցի, եւ դա բնական էր, որովհետեւ եթե կյանքիցս էդքան ժամանակ եմ հատկացրել էդ հավաքներին, բնականաբար էս վեպիս մեջ էլ պիտի շատ մեծ տեղ հատկացնեի, եւ եթե էդ ամենօրյա հավաքներում ամենից մեծ դերն Օրթախ Աբոյին է վերապահված, ուրեմն՝ էս շարունակական գրվածքիս մեջ էլ էդ հանգամանքը պիտի արտահայտվեր ու արտացոլվեր, եւ եթե ժամանակ առ ժամանակ էդ ամենօրյա հավաքներից բացակայում եմ, էդ բացակայություններս չէին կարող էս վեպիս մեջ արտահայտվել, որովհետեւ իմ կամ որեւէ ուրիշի բացակայություններն էդ հավաքների էությունն ու բովանդակությունը բացարձակապես չեն փոխում, ու երեւի միայն Օրթախի բացակայությունը կարող է մեր էդ ամենօրյա հավաքների բովանդակության վրա էապես ազդել, եւ էս ասածս ընդամենը ենթադրություն է, որովհետեւ Օրթախը մեջներիցս միակն է՝ ով էդ հավաքներից երբեւէ չի բացակայում, իսկ ավելի ճիշտ՝ ինքը գրեթե չի բացակայում մեր էդ ամենօրյա սրճարանային հավաքներից, բայց էս «գրեթեն» էլ է հարաբերական, որովհետեւ եթե Օրթախը հազարից մեկ բացակայում էլ է, դրանից ոչ թե էդ օրվա հավաքի բովանդակությունն է փոխվում, այլ էդ օրն ընդհանրապես որեւէ հավաք տեղի չի ունենում, որովհետեւ առանց Օրթախի մասնակցության՝ էդ հավաքները լրիվ անիմաստ են՝ ոչ միայն էն պատճառով, որ հիմնականում ինքն է էդ օրվա վիճաբանության ու խոսակցության թեման որոշում, այլեւ էն պատճառով, որ, եթե ինքը բացակայում է, էդ հավաքներն ընդհանրապես տեղի չեն ունենում, եւ չնայած ասում եմ, որ էդ հավաքներն ամեն օր են տեղի ունենում, այդուհանդերձ, ամռան ընթացքում առնվազն տասնհինգ օր դադար ու ընդմիջում է լինում, որովհետեւ Օրթախը ոչ միայն մեր էդ պերմանենտ հավաքների իմաստով է հետեւողական, այլեւ՝ ամառային իր հանգստի, եւ հիմնականում Ջերմուկ կամ Դիլիջան է հանգստի գնում, եւ էդ տասնհինգ օրերի ընթացքում «Պապլավոկի» ու «Տրիումֆի» շրջակայքում չենք հայտնվում, ու ես անձամբ իմ անունից եմ էս ասում, որովհետեւ Արիկն ու Ջոնը եւ երբեմն էլ Սադոյան Արշակն ու Անանիան Օրթախի ամառային հանգստի էդ մի քանի օրերի ընթացքում իրիկունները «Պապլավոկի» շրջակայքում առանձին-առանձին հայտնվում են, ճիշտ է, բայց իրար գլխի չեն հավաքվում, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ առանց Օրթախի մասնակցության՝ որեւէ խոսակցություն կամ բանավեճ եւ նույնիսկ բամբասանք լիարժեք չի ստացվում, եւ բոլորս էլ դա հրաշալի գիտակցում ենք, ու էդ է պատճառը, որ Օրթախի ամառային հանգստի էդ շուրջ տասնհինգ օրերին մեր իրիկնային հավաքները դադարեցնում ենք, եւ չնայած ամռան էդ մի քանի օրերին Ջոնն ու Արիկն Օրթախի բացակայության պայմաններում իրիկունները շարունակում են հայտնվել «Պապլավոկի» շրջակայքում, իրենց կողմից դա ընդամենն ինքնահաստատման անհաջող փորձ է. ուզում են իրենք իրենց համոզել, որ առանց Օրթախի էլ մեր հավաքները կարող են շարունակվել ու տեղի ունենալ, բայց հենց իրենց էդ անհաջող փորձի շնորհիվ մի ավելորդ անգամ համոզվում են, որ Օրթախի բացակայության պայմաններում մեր էդ ամենօրյա իրիկնային հավաքները չեն կարող կայանալ, մինչդեռ մյուսներս էդ պարզ ու հասարակ բանն էն գլխից գիտենք, եւ, փաստորեն, Օրթախի ամառային հանգստի էդ շուրջ տասնհինգ օրերին մյուսներս էլ իրարից ենք մի կուշտ հանգստանում, եւ որ ասում եմ՝ Օրթախը ամռանը շուրջ տասնհինգ օր է հանգստանում, մի քիչ չափազանցնում եմ, եւ հիմա՝ Օրթախի ամառային բացակայության օրերի քանակը գրելիս ու չափազանցնելիս, հիշելով մտածում եմ, որ Օրթախն առանց մեր էդ իրիկնային ամենօրյա հավաքների՝ տասը օրից ավել չի դիմանում, եւ մի քանի անգամ պատահել է, որ իր ամառային հանգիստը կիսատ թողած՝ վերադարձել է Երեւան:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930