ՊՊԾ գնդի գրավումից անցել է մոտ 6 ամիս
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններից շատերն անվճար իրավաբանական օգնություն էին ցույց տալիս այդ դեպքերին առնչված քաղաքացիներին:
Նրանցից մեկն էլ փաստաբան Արսեն Մկրտչյանն էր, ով մինչ այդ իրականացնում էր Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված նկարիչ, դիզայներ Հովհաննես Պետրոսյանի պաշտպանությունը: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործն էլ նախաքննությունն իրականացնող մարմինը դեռ չէր միացրել ՊՊԾ գնդի գործի հետ:
– Ի՞նչ է տեղի ունենում Հատուկ քննչական ծառայությունում, ե՞րբ է հանդիպել իր պաշտպանյալի հետ, առհասարակ, արդյոք, ճի՞շտ էր այս գործերի միացումն իրար:
– Որպես քաղաքացի՝ ես չեմ արդարացրել ՊՊԾ գնդի գրավումը, հուլիսյան դեպքերին մոտենում եմ խիստ բացասական: Միեւնույն ժամանակ եկեք հիշենք, որ երբ դեռ իրավապահները իրավական գնահատականներ չէին տվել արարքներին, ռուսական ԶԼՄ-ները, ռուսամետ ԶԼՄ-ները, ռուսամետ քաղաքական գործիչները շտապեցին հայտնել, թե դա ահաբեկչական խումբ է, պետք է ստանան ամենախիստ պատիժը: Նրանց կարելի էր հասկանալ այն պարզ պատճառով, որ իրենց կողմից կոչված ահաբեկչական խումբը՝ ՊՊԾ գունդը գրավողներն այն մարդիկ էին, որոնք ապստամբել էին ընդդեմ մի իշխանության, ով իր քաղաքականությամբ ցույց էր տալիս իր զարգացման վեկտորը դեպի Ռուսաստան:
Կարդացեք նաև
-Կա՞ վտանգ:
– Վտանգը, որը տեսան ռուսամետները, այն է, որ եթե գունդը գրավողները դեմ են այն իշխանությանը, որը ռուսամետ է, հետեւաբար՝ դեմ են Ռուսաստանին:
Իրականում ժամանակն է բացատրել եւ ռուս ընկերներին, եւ ամերիկացի ընկերներին, եւ եվրոպացիներին, որ հայը հայի հետ երբեք չի պառակտվելու, մենք չենք գնալու այն ճանապարհով, որ մեկս ռուսամետ է, մեկս արեւմտամետ, մենք նախ եւ առաջ հայ ենք, գերակա է օրենքը:
-Արդյոք, գերակա՞ է օրենքը: ՊՊԾ գունդը գրավողներն էլ, երբ հանձնվեցին, կարծես խոստումը օրենքի ճանապարհով հարցին ընթացք տալն էր: Ի՞նչ տեղի ունեցավ:
– Այո, հանձնվելու պահին հնչեցին իշխանության կողմից խոստումներ, թե կլինեն հրապարակային քայլեր: Արվեցին քայլեր, դրանք նոր կառավարության լույսի ներքո արված քայլերն էին, ժողովրդի մոտ սկիզբ դրվեց դրական ակնկալիքներին:
Այս պահին ունեմ խիստ անհանգստություններ. ՊՊԾ գնդի գործով միացած Ժիրայր Սեֆիլյանի գործով քննության մարմինը նախաձեռնել է խստացումներ: Այն վերաբերմունքը, որը որ կար, մինչ ձերբակալվելն ու կալանավորվելը, փոխվել է: Ուշադրություն դարձրեք, որ «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» կալանավորվածները հիպոթետիկ կերպով, ՊՊԾ գնդին առնչություն ունենալ չէին կարող: Վառ երեւակայություն պետք է ունենալ, ենթադրելու համար, թե նրանք մեկուսարանից կարող էին ազդեցություն գործել, այն դեպքում, երբ նրանք իրենց տնից չեն կարողացել ոչ մի բանի վրա ազդել ու հանկարծ ազդե՞լ են ՊՊԾ գնդի վրա:
Հովհաննես Պետրոսյանի գործով, ինչ ներգրավվել եմ որպես պաշտպան, արդեն 6-րդ ամիսն է՝ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Կալանքները երկարաձգվել են, դատարաններն անընդհատ բավարարել են սանկցիայի միջնորդությունները:
– Նշեմ, որ Հովհաննես Պետրոսյանը դեռ Ժ. Սեֆիլյանի կալանավորվելուց երկու շաբաթ առաջ էր կալանավորվել զենքի փոխադրման կասկածանքով:
– Հովհաննեսից առաջ էլ կային կալանավորված անձինք, նույն վիճակում նրանք են գտնվում: Մարդիկ փաստացի ենթարկվում են կտտանքների, զրկանքների, այդ անձինք գտնվում են անազատության մեջ, ամսական 200 000 դրամ մեր հարկատուների գրպանից ենք վճարում, որպեսզի նրանց պահեն այդտեղ: Փաստենք, որ կես տարի որեւէ գործողություն չի արվել հիմնական կալանավորված անձանց հետ:
– Դուք հանդես եք եկել ԶԼՄ-ներով: Արդյոք, հետեւանք չի՞ ունենում:
– Բացարձակապես, որեւէ հետեւանք չի ունենում: Տպավորությունս այնպիսին է, որ ոչ դատախազությունը, ոչ նախաքննության մարմինը, ոչ իրավապահ մարմինը, ոչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առանձնապես ուշադրություն չի դարձնում, որ մենք մոտենում ենք կալանավորված անձանց առաջին տասնյակը թվի առումով գրավող երկրներին:
– Նորից վերադառնանք ՊՊԾ գնդի գործին, նախաքննության մարմնի «վերաբերմունքի» փոփոխությանը:
– Սկզբում, այո, մեղմ էին, ուշադիր, խիստ էին օրենքին հետեւելուն: Հիմա միտումը գնում է հոդվածների խստացմանը: Իմ ենթադրությունն է, չնայած կուզեի սխալված լինել վատատեսությանս մեջ: ՀՔԾ-ում միտում կա այս մարդկանց նկատմամբ մեղադրանքի ծավալը մեծացնելու, խիստ պատիժներ նշանակելու համար, հետագայում ավելի վատ պայմաններում նրանց պահելու համար: Զգում եմ նաեւ, որ կա մեր բարեկամ ազգի ներկայացուցիչների ազդեցությունը, նկատում եմ, թե ինչպես են սոցիալական ցանցերում ռուսական գործիչները, պատգամավորներն իրենց գրառումներում անդրադառնում, թե ՊՊԾ գունդը գրավողները՝ ոստիկանին սպանածները, պետք է ցմահ ազատազրկվեն:
Ես չեմ ցանկանա գնահատականներ տալ սոցիալական ցանցերի գրառումներին, մանավանդ՝ դրանք չեն կարող ազդել իրավական հարթության վրա, բայց կուզեի, մեր ազգը, գնդի գրավողները, կալանավորվածները, հարազատները, քննություն իրականացնողները հասկանան, որ եթե դրական փոփոխությունների առջեւ ենք կանգնած, խիստ չենք վերաբերվելու կալանավորվածներին միայն նրա համար, որ նրանք ամերիկամետ են եղել կամ՝ Ամերիկայի քաղաքացի:
Տպավորություն է ստեղծվում, թե մեզ նախաքննության մարմինը դրդում է, որ նրանք մեղավոր են, որովհետեւ ռուսամետ չեն: Դա սխալ մոտեցում է: Ես ռուսամետ եմ եւ պաշտպանելու եմ ամերիկամետին: Մենք պետք է ավելի շատ միավորված լինենք, քան բաժանված: Այս մարդկանց մեղքն այնքան չի, որքան ուզում են նրանց վրա բարդել:
Ես չեմ կարծում, որ սպանություն կատարած անձն այն աստիճան մեղավոր է, որ նրան մեկուսարանում 5-6 ամիս անորոշության մեջ կարող են պահել: Դա անթույլատրելի, իրավական առումով անգրագետ վարքագիծ է:
Իմ պաշտպանյալը, եթե զենքի փոխադրման մեղադրանքով Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված չլիներ, այսքան երկար ժամանակ չէր մնա առանց քննչական գործուղություն կատարելու: Հսկող դատախազը հիմա վաղուց ասել էր՝ խափանման միջոցը փոխիր, ինչու ես հարկատուների միջոցները վարի տալիս:
Ով է քեզ թույլ տվել, որ քննիչ, դու 6 ամիս նույնիսկ հարցաքննություն չես անում:
Հովհաննես Պետրոսյանը, որին տեսել եմ օրեր առաջ, ծանոթացել է ՊՊԾ գնդի զենքերի կամ շորերի փորձաքննությունների եզրակացություններին: Այդ գործը կապ չունի իմ պաշտպանյալի հետ. եթե կապեն, դա կլինի Անդերսենի հեքիաթների շարքից: Ինչ իմաստ ուներ նախ այդ գործը միացնելը, ապա՝ մարդկանց հետ գործողություն չկատարելը, միտումը՝ «նախազգուշական ցուցադրվելիք» խստացումներն են:
Մեր բարեկամ երկրի ազդեցիկ ներկայացուցիչներին դուր գալու համար մենք չպիտի գնանք ավելի խիստ ճանապարհով: Մենք կլինենք ավելի լավ բարեկամ, որ ասենք, մեր երկրում կլսենք մեր ձայնը, հետո դուք տեսեք՝ կկարողանա՞ք մեզ հետ բարեկամություն անել, թե՞ ոչ:
Ցավոք, իրավական հարթության մեջ չեմ կարող բացվել, կաշկանդված եմ որոշակի նախաքննական գաղտնիքով: Իրավական տրամաբանություն չկա այսօր կատարվողի մեջ:
Կուզեի նաեւ ընկալելի լինի, որ փաստաբանական մարտավարությունից բխող հայտարարությունները, որոնք չեն արվում, ամենայն հավանականությամբ կարվեն դատաքննության ժամանակ:
Այսօր նկատելի են նաեւ փաստաբանների նկատմամբ բացասական դրսեւորումները, փաստաբանին փորձում են փաստաբանական գործունեության ընթացքում շեղել: Անազնիվ քայլեր են անում, պայմաններ են դնում կալանավորի վրա, որ փաստաբանից հրաժարվի: Այս ամենը Բերիայի, Ստալինի թվերին էր հատուկ:
Նոր դատախազն էլ գործ ունի անելու: Երբ մենք գնում ենք մեկուսարան, որպես փաստաբան, մեզ ստուգում են, հանկարծ բբջային չտանենք, խնդրում են, որ ձեւակերպենք մեր փաստաթղթերը կալանավորի հետ տեսակցելուց առաջ, մինչդեռ քննչական մարմնի ղեկավարները, քննիչները երբեմն անհասկանալի ձեւով առանց մեր գիտության ցանկացած կալանավորի հետ ունենում են այդ հանդիպումները ու այդ հանդիպումները որեւէ տեղ չի արձանագրվում:
-Կա՞ն Ձեր պաշտպանյալի վրա ճնշումներ:
-Այո, կան ճնշումներ: Հովհաննեսի մեղադրանքը ես վստահ չեմ, որ կմնա զենք փոխադրելու սահմաններում:
Ինչպես բոլորինը, մտավախություն ունեմ, թե բոլոր կատարվող գործողությունները թույլ են տալիս ենթադրելու, թե կա հանձնարարություն, խմբի անդամներին առաջադրված մեղադրանքի ծավալն ավելացնելու:
Այս գործերի միացումը կմնա հայ իրավագիտության պատմության մեջ, դա նույնն է, ինչ Քենեդու սպանության գործը միացնեին Նեմցովի սպանության գործին:
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
Նկարը՝ հեղինակի
«Առավոտ»
10.11.2016


















































