Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի հերոսական դեգերումը կամ հաջողության գաղտնիքն ըստ առասպելի

Դեկտեմբեր 26,2016 17:11

 Մասնագիտական գործունեությանս առաջին կեսը հիմնականում նվիրել եմ բժշկագիտությանը, որը գիտնականներն ինքնավստահ անվանում են ապացուցողական և որը գործ ունի միջին թվերի հետ, իսկ բացառությունները հմտորեն շրջանցվում են, պիտակավորվելով վիճակագրորեն ոչ հավաստի։ Իրականում, գիտությունն այստեղ անզոր է։ Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում են բացառությունները, որոնք հաճախ կարելի է մեկնաբանել առասպելի օգնությամբ, այստեղ բանայնական չափանիշները խամրում են, կորցնում իրենց հենքը, տեղը զիջելով Առեղծվածին։ Այլ կերպ, ինձ այլևս ԻՆՉՊԵՍ հարցի փոխարեն առավելապես հետաքրքրում է ԻՆՉՈՒՆ։

Նման բացառություն է Հենրիխ Մխիթարյանը, և ոչ միայն Հայաստանում։ Ողջ հետխորհրդային տարածքում նա հասել է եզակի հաջողության, կամ առասպելաբանական հասկացություններով` լիարժեք իրականացնում է իր հերոսական դեգերումը։ Վերջերս, անգամ, շարժել էր իր հերոսական դեգերումը փառապանծ սկսած, բայց անփառունակ ավարտած Լևոն Տեր-Պետրոսյանի նախանձը (վերջինիս մասին` մեկ այլ անգամ)։

Տաղանդ, աշխատասիրություն, փողի ու փառքի ձգտում և նման մղումներ ու առաքինություններ էլի շատերն ունեն, բայց ինչո՞ւ է հաջողությունը հենց Հենրիխին ուղեկցել։ Ենթադրել եմ, որ կարող էր դեր խաղալ նրա հոր վաղաժամ մահը, սակայն անհայր մեծացած ֆուտբոլիստները ևս եզակի չեն։ Մտածել եմ, որ, ըստ երևույթին, մանկական սթրեսը բավականին խորն ու թիրախային է խոցել փոքրիկ Հենոյի հոգին։

Եվ ահա ենթադրությունս վերաճեց համոզման, երբ մի քանի տարի առաջ գերմանական թերթերից մեկին տրված հարցազրույցում ասել էր, որ իրեն թվում է, թե «հայրը հետևում է իրեն», որ փոքր տարիքում լաց էր լինում, խնդրելով հորը իրեն ևս տանել խաղադաշտ և այլն, որոնք բացահայտում էին հորն ընդօրինակելու հզոր մղումները նրա մոտ։

«The Telegraph»-ին այս ամռանը ավելացրել էր. «Հայրս իմ ներշնչանքն էր, իմ մոտիվացիայի աղբյուրը: Երբ ես երեխա էի, հայրս ֆուտբոլ էր խաղում պրոֆեսիոնալ մակարդակով, իսկ ես երազում էի նրա հետ գնալ և հայտնվել մարզահրապարակում: … Հուսով եմ, որ հայրս երկնքից տեսնում է ինչպիսի աշխատանք եմ կատարում: Ամեն ինչ անում եմ, որ նա հպարտ լինի ինձնով»։

Վերջերս էլ ավելացրել էր բրիտանական թերթում. «Երբ դուրս ես գալիս «Օլդ Թրաֆորդի» խոտածածկի վրա, դա ուղղակի դաշտ չէ, դա բեմ է: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այդ բեմի վրա, կարծում եմ` շատ հպարտ կլիներ: Ես միշտ ինչ-որ կերպ հետապնդում էի նրան և կարծում եմ, որ թեև նա ինձ հետ չէ, նա օգնեց ինձ հասնել այստեղ»: Հենրիխի հոգու ցավն արտացոլվել և դեռ բազմիցս արտացոլվելու է նրա շատ հարցազրույցներում։

Իսկ այս մասին որոշեցի գրել, երբ Հենրիխը խոստովանեց. «Հիշում եմ՝ մայրս ու քույրս միշտ լալիս էին, երբ ես հարցնում էի. «Ո՞ւր է իմ հայրը»։

Հերոսի արքետիպի մասին մանրամասն գրել եմ «Հայերի հոգին» գրքում, վերլուծելով մեր հերոսական էպոսը։ Այդ արքետիպը մարմնավորող և, ընդհանրապես, կարևորագույն աստվածային էություն խորհրդանշող Սասնա բոլոր Ծռերին հանգիստ չի տալիս հետագա զարգացում ենթադրող «իմ հեր ո՞վ է» ամենատարբեր ժողովուրդների առասպելներում տարածված հարցը։ Էպոսի տարբերակներից մեկում, որտեղ Փոքր Մհերն անզավակ չէ, նրա որդին ևս մորը հարցնում է, թե ո՞վ է իր հայրը։ Մսրա Մելիքին, օրինակ, ընդհանրապես չի կարող հետաքրքրել իր հայրն ու, առավել ևս, հոր կողմից իր եղբայրը Դավիթը, որին ոչնչացնելը նրա գերնպատակն է։ «Սասնա Ծռեր» մուլտֆիլմում հորինված է անթույլատրելի դրվագ, երբ Իսմիլը պատմում է Մելիքին նրա հոր`Մհերի մասին, սակայն Մելիքին առասպելաբանական տեսանկյունից ոչ մի դեպքում չի կարող հուզել «իմ հեր ո՞վ է» զարգացում ենթադրող հարցը, ընդհակառակն, Մելիքը ներկայացնում է զարգացմանը խոչընդոտող իգական սկզբի ոչնչացնող կողմը կամ բնազդայինը։

Ընդհանրապես, աշխարհի առասպելներին բնորոշ դաժան հայրասպանությունը մեր էպոսը ներկայացնում է մեզ համար ավելի ընդունելի խորհրդանշական դիմակներով, բայց իմաստը նույնն է, որդին աստվածահաճո զարգացումն ապահովելու նպատակով սպանում է հորը, սակայն հայրն ու որդին, ըստ էության, մի միասնություն են, խորհրդանշելով աշխարհի վերջի ու վերածննդի հավերժական իմաստը (Մեծ շրջանն ու Հերոսական դեգերումը բոլոր էպոսների երկու հիմնական մոտիվներն են)։ Հայրասպանության Ֆրոյդյան մեկնաբանումը Էդիպյան բարդույթի համատեքստում քննադատության չի դիմանում, քանի որ առասպելներում այդքան հաճախ ներկայացվող այս դրդապատճառը մարդկային հասարակությունում հազվագյուտ հանդիպող ծանր հանցագործություն է և ոչ թե որդիների համընդհանուր մղում իրենց հայրերի նկատմամբ։

Էպոսում Սանասարն ու Բաղդասարը զոհաբերում են իրենց հայր համարվող Խալիֆային, Սանասարից անցումը Մեծ Մհեր, չնայած, համահավաք տարբերակում հարթ է ներկայացված, սակայն Մհերը գործում է հոր մահից հետո, Դավթի ծննդյան համար պահանջվում է Մեծ Մհերի մահը, և առավել մանրամասն ներկայացված է Դավթի ու Փոքր Մհերի տարօրինակ կռիվը` ավարտվող որդու էլ ավելի տարօրինակ թվացող անեծքով։

Ուշագրավ է, որ Սասնա բոլոր Ծռերը ոչ միայն թագավոր կամ իշխանավոր չեն դառնում, այլև … հայր չեն դառնում կամ գոնե ընտանիքի հոգատար հայր չեն ներկայացվում էպոսում, կարծես, դրանով իսկ, ցույց է տրվում նրանց սոցիալական գործառույթների բացակայությունը, այլ կերպ` նրանք հայրեր են միայն փոխաբերական իմաստով։

Ինչպես բոլոր առասպելներում, այնպես էլ մեր էպոսում անչափ կարևոր է արգելակող ուժերից, այդ թվում`«Ես»-ը ներկայացնող ծնողներից անջատումը` Տիեզերական Հորը հասնելու համար։ Ըստ էության նույնն է ասում Քրիստոսը. «Մի կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա, չեկա հաստատելու խաղաղություն, այլ սուր, քանի որ եկա, որ բաժանեմ որդուն իր հորից, և դստերն` իր մորից, և հարսին` իր սկեսուրից։ Մարդու թշնամիներն իր տնեցիները կլինեն։ Ով իր հորը և կամ մորն` Ինձնից ավելի է սիրում` Ինձ արժանի չէ, ով իր որդուն կամ դստերը` Ինձնից ավելի է սիրում` Ինձ արժանի չէ, և ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս` Ինձ արժանի չէ» (Աստվածաշունչ ըստ Մաթևոսի 10։34-37)։ Հոր հետ միավորումը խորհրդանշում է գիտակցության զարգացումը կամ աստվածային ամբողջության հասնելը, և ամենևին էլ պատահական չէ, որ Սասնա Ծռերն իրենց հերոսական դեգերումը սկսում են հենց «ո՞վ է իմ հեր» մորն ուղղված հարցով։

Ողջ գաղտնիքն այն է, որ Հենրիխը վաղ տարիքում կորցնելով հարազատ հորը, նրան անգիտակցաբար նույնացրել է, այսպես կոչված, Տիեզերական Հոր հետ, որի հետ միավորումը կամ, ըստ Յունգյան հոգեբանության` Ինքնության հասնելը մեր կյանքի գլխավոր իմաստն է կամ, այլ կերպ` աստվածային առաքելությունը։ Մարդիկ առավելապես զբաղված են իրենց «Ես»-ի պահանջների բավարարմամբ, սակայն ներքին պահանջների բավարարումը հրաշքներ է գործում, կարելի է ասել, աստվածները հայտնվում են կողքիդ։

Սա գրվել է ոչ թե Մխիթարյանի, այլ`մեր համար։ Խնդիրը ոչ թե նրան նմանվելն է, այլ սեփական հերոսական դեգերումը իրականացնելը։ Հերոսներին նմանակելն իրական հաջողություն չի բերում, առավել ևս, եթե ծնողներն են իրենց չիրականացած երազանքների զոհասեղանին դնում սեփական երեխային (որքան հայեր իրենց որդիներին տարան ֆուտբոլի` Ռոնալդոյի աշխատավարձը շրթերին և Մեսսիի փառքը մտքում)։ Մենք պետք է ավելի լավ գիտակցենք ու փորձենք լուծել մեր անհատական զարգացման խնդիրը։ Եթե ուզում ենք իմաստավորել «մեր կյանք» կոչվող սեփական պատմությունը, իրավունք չունենք արհամարհել առասպելներում արտացոլված առեղծվածային էությունները` տուրք տալով ծուլությանն ու վախին։ Ի վերջո, կարևորը ոչ թե ընդհանրապես լեռը բարձրանալն է, այլ` հենց ճիշտ լեռան գագաթին հասնելը։

Սիրելի հայ, իմ ու Քո խնդիրն է անել այնպես, որ Հենոն հպարտանա ինձնով ու Քեզնով։

 

 

Սամվել Մարգարյան

Հոգեբույժ, դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031