Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամավանի դպրոցում սեպտեմբերին  առաջին դասարան չի լինի

Մայիս 24,2017 12:58

Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի  Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 2 շրջանավարտ: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի համայնքապետարանը «Վերջին զանգի» կապակցությամբ Նոյեմբերյան համայնքի մեջ ներառված բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Բարեկամավանի, դպրոցներին 50 հազարական դրամ է նվիրաբերել:

Սեպտեմբերին, նոր ուսումնական տարում,  Բարեկամավանի դպրոցն, այս ուսումնական տարվա նման, առաջին դասարան  չի ունենա: Առաջին դասարան  պետք է  հաճախեին Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանի աղջիկը, նրա եղբոր տղան, Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցչի եւ նրա դասվար կնոջ թոռնիկը:  Գարիկ Աբազյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին  խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որը ներառում է նաեւ Բարեկամավան գյուղը )ղեկավարի ընտրություններում  համայնքապետ չընտրվեց:  Նա այժմ Երեւանում է բնակվում, վերջինիս  աղջիկը սեպտեմբերի 1-ին  այնտեղ դպրոց կհաճախի:  Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ Գարիկի եղբոր տղան Արտաշատում, իսկ դպրոցի պատմության ուսուցչի եւ դասվարի թոռիկն  էլ Իջեւանում առաջին դասարան կհաճախեն:  2011-2012 ուսումնական տարում Բարեկամավանի  դպրոցի առաջին դասարանում սովորում էր 5 աշակերտ:  Այժմ  կրթօջախի բոլոր՝ 5 դասարանները  երկկոմպլեկտ են: 1970-ական թվականների կեսին  Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 350 աշակերտ: Հիմա  գյուղի  միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը 21 է:

Դպրոցի շենքը եւ մարզադահլիճը  ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվել,   պատուհանները փոխվել են,որպեսզի դասասենյակները պաշտպանված լինեն ադրբեջանական զինուժի կրակից : «Հույսի կամուրջ» ՀԿ-ն  2012թ   Բարեկամավանի դպրոցում  ներառական կրթության դասասենյակ է կահավորել, 3  երեխա  ներառական կրթություն է ստանում: Դպրոցը խմելու ջրի խնդիր ունի: Ա. Ազատյանն ասաց, որ  երեք օրը մեկ   գյուղի խորքային հորից ջուր են ստանում, սակայն  այն որակյալ չէ; Դպրոցի ջրահեռացման  համակարգը չի գործում: Անձրեւաջրերը լցվում էին շենքի հիմքերը, խոնավացնում դասասենյակները:  Տնօրենն ասաց, որ իրենք ջրհորդաններ են տեղադրել, դպրոցի հիմքից թաց հողը հեռացրել, են սակայն շենքի հիմքի կենտրոնական մասը  խոնավ է: Բարեկամավանի  հողերը ադրբեջանական կրակի տակ են, հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունները քիչ են: Համայնքի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ գյուղում 5 հեկատար  հացահատիկ է ցանվել, 1.5 հեկտար՝ ծխախոտ: Գյուղի  մի շարք բնակիչներ ջերմոցներ ունեն, որտեղ բանջարեղեն են աճեցնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031