Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցազրույցներ» եւ «անալիտիկա»

Հունիս 13,2017 10:18

Ի՞նչ կարելի է հարցնել Սամվել Ալեքսանյանին, եթե դու լրագրող ես, նրան տեսնում ես որեւէ միջոցառման ժամանակ եւ որեւէ ձեւով չես պատրաստվել այդ հանդիպմանը: «Ճի՞շտ է, որ դուք հարուստ եք», «ի՞նչ արժե ձեր փողկապը, կոստյումը, մեքենան»: Հասկանալի է, որ այդ «խորիմաստ» հարցերից ու Ալեքսանյանի ասածներից նյութ դուրս կգա, որովհետեւ այդ պատգամավորը շատ լավ գիտի, թե ինչ է պետք պատասխանել նման հարցերին, եւ պատասխանների մակարդակը միանգամայն ադեկվատ է հարցերի մակարդակին:

Ի՞նչ կարելի է հարցնել Ռուբեն Հայրապետյանին, երբ դարձյալ պատահաբար ես նրան «բռնացնում», ոչինչ չես հասկանում ֆուտբոլից, Հայաստանի հավաքականի եւ ակումբների ոչ մի խաղ չես նայել, ոչ մի տող այդ թեմայով չես կարդացել եւ միայն լսել ես Հենրիկ Մխիթարյանի անունը: «Իսկ դուք չե՞ք պատրաստվում հրաժարական տալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից»: Այդ հարցից հաստատ «հարցազրույց» դուրս կգա, նույնիսկ՝ ավելի լավ նյութ, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը, ի տարբերություն Սամվել Ալեքսանյանի, չի տիրապետում իր նյարդերին եւ շատ հավանական է՝ կոպիտ պատասխան կտա:

Ի՞նչ կարելի է հարցնել վարչապետին (ի դեպ, անկախ Հայաստանի պատմության մեջ ցանկացած վարչապետի՝ ընդհուպ մինչեւ հաջորդ տարվա ապրիլը), եթե ոչ մի տնտեսական ցուցանիշ քեզ հասու չէ, եւ որեւէ նման թեմայով անգամ մեկ նախադասություն կարդալու ցանկություն չունես: «Բա ե՞րբ են ձեզ հանելու», կամ, ավելի մեղմ, «ե՞րբ եք դուք հրաժարական տալու»: Դրանից սովորաբար «հարցազրույց» չի ստացվում, որովհետեւ վարչապետի պատասխանները կարճ են, միավանկ, եւ ոչ մի հետաքրքիր «ծալք» չեն պարունակում: Իհարկե, Կարեն Կարապետյանը նույնպես երբեմն «բռնկվում է», եւ այդ դեպքում հետաքրքիր է դառնում: Բայց եթե այստեղ լրագրողներին անհաջողություն է սպասում, ապա վարչապետի թեմայով ինչ-որ մի նյութ սարքելու «ռեզերվներ» դեռ կան, որովհետեւ կարելի է խոսակցությունը շարունակել հետեւյալ երկու ուղղություններով՝ «Ճի՞շտ է, որ դուք հակասություններ ունեք նախագահի հետ», եւ՝ «Դուք վարչապետ մնալո՞ւ եք 2018 թվականի ապրիլից հետո»: Եվ այդ հարցերը երեւի հետաքրքրում են հասարակության որոշակի շերտերին՝ «Սե՞րժն ա թագավոր նստելու, թե՞ Կարենը»: Պարզապես ինձ թվում է, որ հաճախ մենք՝ լրագրողներս ենք այդ լյումպենական մակարդակի հետաքրքրությունը ստեղծում:

Այդպիսին է նաեւ «անալիտիկան»: «Ծայրահեղ սրվել են հարաբերությունը նախագահի եւ վարչապետի միջեւ»: «Սերժ Սարգսյանն այդ հարցում խորհրդավոր լռություն է պահպանում»: Կամ հակառակը՝ «Նախագահն ասել է, որ նման խնդիր չկա: Բա ինչո՞ւ է ասել, եթե ոչ մի բան չկա: Եթե ոչ մի խնդիր չլիներ, չէր ասի»:

Այդպես կարելի է անվերջ «վերլուծել»: Դա ինձ հիշեցնում է Ժվանեցկու մանրապատումը մեծ եւ փոքր խեցգետինների մասին՝ համապատասխանաբար 5 եւ 3 ռուբլով:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. araqel says:

    “լրագրողներս ենք այդ լյումպենական մակարդակի հետաքրքրությունը ստեղծում:”

    ոչ միայն “լյումպենական մակարդակի հետաքրքրությունը “: Լրագրողներն են, որ ստեղծում են ամենավատը- անտանելի գաղջ մթնոլորտ, որի մեջ խեղդվում են մասնավորապես նաև իրենք ու իրենց հարազատները:

  2. henri says:

    Ճիշտն ասած եթէ վես ձեր յիշած մարդկանց հանդիպէի անմիջապէս մայթ կը փոխէի նոյնիսկ եթէ խճողում ըլլար և կարկուտ տեղար ;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930