«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի դիտարկմամբ, ՀՀ անկախության 26 տարիների կարեւոր ձեռքրբերումը Արցախի ազատագրումն է, հաղթանակը՝ մեզ պարտադրված պատերազմում:
«Դա մնայուն ձեռքբերում է, համազգային նվաճում… բայց ցավալի է, որ չկարողացանք Հայաստան եկած ադրբեջանահայությանը տեղում ապահովել կենսաապահովման պայմաններով, որ մնային, չգնային: Այս տարիների կորուստներից է՝ բնակչության քչացումն ու արտագաղթը, տնտեսության ոլորտում գերմենաշնորհացված տնտեսությունը, օրենքի առաջ ոչ հավասարությունը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց պարոն Պապյանը:
ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ անկախության ձեռքբերումներից է համարում այն, որ Հայաստան ասելով այլեւս ոչ միայն հասկանում ենք Հայաստանի Հանրապետություն, այլեւ Հայաստան-Արցախ. «Ամբողջովին մեկ Հայաստան է , ազատագրում, ձերբազատում, պահպանում ու ընկալում, որ այդ Հայաստանի տերը մենք ենք: Մի քանի դասեր ստացանք, որ ուրիշ մեկը չի գալու պահի, ու մենք ենք պահելու եւ պետք է լավ պահենք»:
Թեւան Պողոսյանի խոսքով, անկախության 26 տարիների կորուստներից է արտագաղթը, ժողովրդագրական բոլոր խնդիրներն իրենց հետեւանքներով. «Արդարության ընկալման այն աստիճան զարգացումն է, որտեղ վստահությունը դեպի մեր պետական ինստիտուտներ, արդարադատության համակարգ՝ թույլ չտվեց ձեւավորել այն միջին խավ քաղաքացիներին, որոնք որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն արժեքներով, ոչ թե գումարով»;

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի


















































