Աշակերտին գիտելիքների տրամադրումը մեթոդաբանական յուրահատուկ հմտություններ է պահանջում, որը, ցավոք, չենք կարող գտնել ներկայիս ոչ բոլոր դպրոցական դասագրքերում: Ես էլ տանը դպրոցական երեխա ունեմ, անմասն չեմ մնում նրա դասապատրաստումից, եւ ամեն անգամ համոզվում եմ, որ որոշ դասագրքեր կարծես գրվել են ոչ թե դպրոցականների, այլ դասագրքերի հեղինակների կողմից, իրենց իսկ գործընկերներին հաճոյանալու համար՝ ընտրելով որքան «բարդ, այնքան լավ» տարբերակը:
Երբ ընթերցում ես ներկայիս գործածվող դպրոցական դասագրքերը, տպավորություն է ստեղծվում, որ նրանց մեծ մասում կարծես որոշակիորեն անտեսվում են աշակերտի գիտելիքների ընկալման կարողությունները, դասապատրաստման ժամանակային սահմանափակումները: Հիմա չեմ ուզում բարձրաձայնել այդ դասագրքերի հեղինակների անունները, բայց այս իմ հայտարարությունը մերկապարանոց չհամարելով, նաեւ կուզենայի, որ դուք էլ գոնե մեկ անգամ մտովի ձեզ աշակերտի դերում զգալով, վերընթերցեիք այն բարդ տեքստերը, որոնք գուցե ընկալելի են ուսանողի կամ գիտաշխատողի` բայց ոչ աշակերտի համար:
Իմ սուբյեկտիվ կարծիքով, դպրոցական դասագրքերը խիստ ակադեմիական են եւ չունեն «աշակերտի սիրտը շահելու» գրավչություն: Մեր իրականությունում, միայն չոր թվերով, փաստարկներուվ ու սահմանումներով դասագրքերը չեն կարող դառնալ աշակերտի ընկերն ու դպրոցական ուղեկիցը: Հիմա արդեն անհրաժեշտ է, որ դասագրքերում տեսական ոլորտից ծանրության կենտրոնը տեղափոխվի գործնական ոլորտ, հրամցվող նյութերը լրամշակվեն գործնական օրինակներով, մեզ շրջապատող իրականության վերլուծություններով, առարկայից բխող հմտությունների կիրառելի վերջնարդյունքներով, որոնք գրավիչ կդառնան սովորողի համար: Աշակերտը առավելապես հետաքրքրվում է հենց այն առարկայով, երբ հասկանում է ոչ միայն դասվանդվող նյութի տեսական մասը, այլեւ դրանից բխող կիրառական հմտությունների ու կարողությունների իր հնարավորությունները:
Հիմա անցել են այն ժամանակները, երբ հնարավորինս փորձ էր արվում դպրոցական դասագրքերի օգնությամբ տեսական գիտելիքներ փոխանցել աշակերտին: Երբ դպրոցում սովորողը դասագրքերում հանդիպում է գերծանրաբեռնված տեսական մեկնաբանումների, այն էլ բարդ, երբեմն էլ համալսարանական միջավայրի համար շարադրված, սկսում է ինքն իրեն վանել այդ տեղեկատվությունից: Իսկ երբ դասագրքերը համեմվում են գործնական առաջադրանքներով, մեզ շրջապատող օրինակներով, առավել հետաքրքիր են դառնում աշակերտի համար, որը փորձում է անում դաս սերտել ոչ թե գնահատական ստանալու, այլ աշխարհընկալումը, եւ որն առավել կարեւոր է, ոչ պարտադրաբար ու սիրով խորացնելու համար:
Մի շատ կարեւոր հիմնախնդիր էլ եմ տեսնում ներկայիս գործածվող դասագրքերում: Դասավանդվող նյութերը ոչ միայն բարդ են, այլեւ չափից դուրս լեցուն եւ գերծանրաբեռնված: Կարծես, հեղինակները անտեսել են, թե միջին կարողության տեր աշակերտը որքան ժամանակ պետք է ծախսի դասագրքի նյութը յուրացնելու համար: Իսկ փորձը ցույց է տալիս, որ մեկ դաս սովորելիս, գերծանրաբեռնված տեսական նյութը մարսելու եւ արտաբերելու համար տանը աշակերտը ժամեր է ծախսում, որը բնավ հաշվի չի առնվել դասագրքի հեղինակների կողմից: Եվ միայն դպրոցի գիտելիքներով չէ, որ մանկավարժությունը պետք է սահմանափակվի: Դասապատրաստման այս գերլարված պայմաններում՝ դպրոցականը էլ ե՞րբ պետք է ժամանակ գտնի հաճախելու մշակութային, սպորտային խմբակներ:
Իմ գիտամանկավարժական գործունեության ընթացքում շուրջ 200 ուսումնական եւ հետազոտական բնույթի հրատարակումներ եմ ունեցել: Բայց երբ փորձեցի ուսումնական ձեռնարկ գրել դպրոցների համար, պարզվեց, որ դա ամենաբարդն էր իմ պրակտիկայում: Ինչեւէ, ՀՀ ԿԳ նախարարության երաշխավորությամբ այս տարի հրատարակեցի «Հանրամատչելի տնտեսագիտություն» ուսումնաօժանդակ ձեռնարկը` ավագ դպրոցի աշակերտների համար, փորձելով վերը թվարկած հիմնախնդիրները փոքր-ինչ հարթել այդտեղ: Իսկ թե որքանով դա ինձ հաջողվեց, թող դատի ընթերցողը:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ»
10.11.2017



















































