Ծննդյան 100-ամյակի առթիվ
Լրացավ Հայաստանի առողջապահության կազմակերպման բնագավառի երախտավոր, հայ բժշկագիտության, մասնավորապես՝ կուրորտաբանության եւ աղեստամոքսաբանության զարգացման գործում առանցքային դերակատարում ունեցած գիտնականներից մեկի՝ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Ջիվան Մամբրեի Շմավոնյանի ծննդյան 100-ամյակը:
Ջիվան Շմավոնյանը ծնվել է 1918 թվականի փետրվարի 1-ին ներկայիս Կոտայքի մարզի Արգել գյուղում, սակայն միշտ իրեն ծագումով համարել է մշեցի. հայրական պապը գաղթել էր Արեւելյան Հայաստան Մուշի Բուլանըխ գավառի Հաբրի գյուղից: Անհագուրդ սերը դեպի ուսումը, դեպի մայրաքաղաքային մակարդակի կրթությունը հանգեցրեց նրան, որ նա դեռ նախադեռահասային տարիքում միայնակ տեղափոխվեց Երեւան եւ, ապրելով ազգականի տանը, ընդունվեց այն ժամանակվա առաջատար համարվող Ս. Շահումյանի անվան դպրոցը: Վերջինս գերազանցությամբ ավարտելով՝ նույն թվականին ընդունվել է Երեւանի բժշկական ինստիտուտ, որը 1941 թվականին ավարտելուց հետո զորակոչվել է եւ մինչեւ Հայրենական մեծ պատերազմի ավարտը ծառայել խորհրդային բանակում որպես գնդի ավագ բժիշկ:
1946 թ. 28-ամյա Ջիվան Շմավոնյանին վստահվել է ղեկավարել Հայաստանի կարեւորագույն շրջաններից մեկի՝ Նոր Բայազետի (ներկայիս Գավառի տարածաշրջանի) առողջապահության բաժինը: Հենց այդ ժամանակաշրջանում նա կազմակերպչական աշխատանքի հետ մեկտեղ իրականացրել է նշված շրջանի հանքային ջրերի ուսումնասիրմանը նվիրված գիտահետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները, գիտական եզրակացությունները հիմք ծառայեցին «Սեւան» հանքային ջրի լայն կիրառությանը աղեստամոքսային հիվանդությունների բուժման գործում: Նրա նախաձեռնությամբ հենց տեղում կառուցվեց հանքային ջրի տարայալցման գործարան:
1949 թ. Ջիվան Շմավոնանը նշանակվել է Հայաստանի առողջապահության նախարարությանն առընթեր 4-րդ գլխավոր վարչության գլխավոր բժիշկ, ապա 1951-1959 թթ., աշխատանքի անցնելով Կուրորտաբանության եւ ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտում, վերստին վերադառնում է իր սիրելի կուրորտաբանությանը եւ ձեռնամուխ լինում Հանքավանի հանքային աղբյուրների ըստ ամենայնի ուսումնասիրությանը: Նա առաջինը գիտականորեն ապացուցեց աղեստամոքսային հիվանդությունների բուժման ընթացքում այդ հանքային ջրի բուժական հատկությունների բարձր արդյունավետությունը եւ դրանց կիրառման կարեւորությունը: Նրա կողմից ստացվեցին արժեքավոր գիտական տվյալներ, որոնք, ըստ էության, հիմնաքարը հանդիսացան Հանքավանի հանքային աղբյուրների առավել խորը եւ համակողմանի հետազոտության համար:
Ջիվան Շմավոնյանը Հանքավանի հանքային ջրերի օգտագործմամբ ստամոքսաղիքային հիվանդների բուժման արդյունավետության նյութերը ընդհանրացրեց եւ ներկայացրեց իր թեկնածուկան ատենախոսության մեջ, որը եւ 1954թ. հաջողությամբ պաշտպանեց: Այս աշխատանքը բարձր գնահատանքի է արժանացել նշանավոր գիտնականների կողմից, այն համարվել է ծանրակշիռ խոսք այդ բնագավառում:
Նշված հանքային ջրերի բուժական հետազոտությունների արդյունքները ունեին ոչ միայն գիտական, այլեւ մեծ գործնական նշանակություն: Այդ է փաստում այն իրողությունը, որ, հաշվի առնելով նշված արդյունքների կլինիկական-փորձարարական նորույթը, ինչպես նաեւ «Հանքավան» հանքային ջրի՝ Ջիվան Շմավոնյանի կողմից հիմնավորված բուժական լայնամասշտաբ օգտագործման կարեւոր պետական նշանակությունը, Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի 1953 թ. հունիսի 11-ի թիվ Բ-403 որոշմամբ Հանքավանը ճանաչվեց առողջավայր (կուրորտ), կառուցվեցին Հանքավանի առողջարանը, «Հանքավան» հանքային ջրի տարայալցման գործարանը: Այսպիսով, ըստ էության, հանդիսանալով «Հանքավան» առողջավայրի հիմնադիրներից մեկը՝ նա հետագա ողջ կյանքի ընթացքում իր գիտական ներուժը եւ կազմակերպչական ունակությունները ի սպաս է դրել Հանքավանի հանքային ռեսուրսների առավելագույնս արգասաբեր օգտագործման համար:
Այս ժամանակահատվածում նա հետազոտել է նաեւ Հանքավանի մոլիբդենային կենսաերկրաբանաքիմիական վայրերի առանձնահատկությունները, որոնց մասին նշված է Մոսկվայում հրատարակված Բժշկական մեծ հանրագիտարանում: Մասնավորապես՝ նրա կողմից բացահայտվել է, թե «Մոլիբդենային հոդատապ» ծանր ախտը ինչ կոնկրետ նկարագիր ունի եւ հիվանդությունների որ շարքին պետք է դասվի:
Հաշվի առնելով Ջիվան Շմավոնյանի նշանակալի ավանդը կուրորտաբանության զարգացման գործում, ինչպես նաեւ նրա կազմակերպչական մեծ հնարավորությունները՝ հանրապետության ղեկավարության որոշմամբ 1959 թ. նա նշանակվում է Հայաստանի Սանատորակուրորտային գլխավոր վարչության պետ: Ղեկավարելով հանրապետության առողջավայրերի գործունեությունը՝ նա հետամուտ եղավ դրանց հեռանկարային զարգացման ծրագրի մշակմանը, մեծ ուշադրություն հատկացրեց առողջարանային պաշարների նպատակային յուրացմանը, առողջարանների կողմից հիվանդներին մատուցվող ծառայությունների որակական մակարդակի բարձրացմանը, նախաձեռնեց Հայաստանի կուրորտային ռեսուրսների օգտագործմանը նվիրված մի շարք հանրապետական գիտագործնական համաժողովների կազմակերպումը, առաջադրեց հրատապ հարցեր եւ հնարավորինս ջանաց լուծել դրանք:
1962 թ. Ջիվան Շմավոնյանը գլխավորել է աշխատանքի հիգիենայի եւ պրոֆեսիոնալ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը, իսկ 1963 թվականից՝ Կուրորտաբանության եւ ֆիզիոթերապիայի ինստիտուտի ստամոքսաղիքային հիվանդությունների բաժինը՝ այդ ընթացքում հետազոտելով քրոնիկ ստամոքսաբորբի (գաստրիտի) դեպքում «Հանքավան» շշով հանքային ջրի արդյունավետության աստիճանը, այն համեմատելով առողջարանային պայմաններում ստացված արդյունքների հետ: Հայաստանում առաջին անգամ ներդրվեց գաստրոբիոպսիայի մեթոդը: Բազմամյա տքնալից, բեղուն աշխատանքը Ջիվան Շմավոնյանը ընդհանրացրեց եւ ներկայացրեց «Հանքավան» հանքային ջրի ազդեցության ներքո քրոնիկ գաստրիտով հիվանդների մոտ ստամոքսի ֆունկցիոնալ-մորֆոլոգիական փոփոխությունները եւ էլեկտրոլիտների պարունակությունը կենսաբանական հեղուկներում» թեմայով դոկտորական ատենախոսության տեսքով, որը հաջողությամբ պաշտպանեց 1968 թ.: Նույն թվականին նրան շնորհվեց բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1969թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: Այս աշխատությունում նա գիտության ժամանակակից նվաճումների դիրքերից բացահայտեց ստամոքսաբորբի էթիոպաթոգենեզին առնչվող հիմնախնդիրները եւ ներկայացրեց դրանց վերաբերյալ գիտական նորույթով առանձնացող իր եզրահանգումները ու առաջարկությունները: Այդ աշխատությունը գործնական լայն կիրառում գտավ եւ մինչեւ այժմ էլ հաջողությամբ օգտագործվում է ստամոքսաղիքային հիվանդությունների բուժման ժամանակ:
1964 թվականից սկսած մինչեւ իր կյանքի վերջը (1982 թ.) Ջիվան Շմավոնյանը իրականացրել է նաեւ մանկավարժական գործունեություն՝ աշխատելով որպես Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական ինստիտուտի (ներկայիս՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի) բժշկության եւ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ: Տարբեր սերունդների ուսանողները նախանձելի հետաքրքրությամբ էին լսում նրա՝ ուրույն գրավչություն ունեցող դասախոսությունները, ինչի մասին խոսում են բազմաթիվ վկայություններ:
Նա միաժամանակ մշտական կապ էր պահպանում Երեւանի պետական բժշկական ինստիտուտի, հանրապետության առաջատար բժշկական կազմակերպությունների հետ: Ջիվան Շմավոնյանի նախաձեռնությամբ Հանրապետական կլինիկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիական բաժանմունքի հիմքի վրա կազմակերպվեց եւ նրա ղեկավարությամբ գործեց գաստրոէնտերոլոգիայի արդի հիմնահարցերի ուսումնասիրման գիտական լաբորատորիան: 1969 թվականից ի վեր նա առողջարանների եւ հանգստյան տների հանրապետական գիտամեթոդական խորհրդի նախագահն էր: Ամբողջ սրտով ու հոգով լինելով կուրորտաբան-աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ)՝ նա երազում էր իր մասնագիտության գծով գիտական ընկերություն ստեղծելու մասին: Եվ 1972 թ. Ջիվան Շմավոնյանի ջանքերը պսակվեցին հաջողությամբ. նա հիմնադրեց Հայաստանի Գաստրոէնտերոլոգների գիտական ընկերությունը, միաձայն ընտրվեց դրա նախագահ եւ այն գլխավորեց մինչեւ իր կյանքի վերջը: Նա նաեւ ընտրվեց Գաստրոէնտերոլոգների համամիութենական գիտական ընկերության նախագահության անդամ:
Պրոֆեսոր Ջիվան Շմավոնյանը մեծ հաջողությամբ զեկուցումներով հանդես է եկել եւ հայ բժշկագիտությունը արժանապատվորեն ներկայացրել միջազգային եւ համամիութենական գիտաժողովներում, համագումարներում, սիմպոզիումներում: Նրա գրչին են պատկանում ավելի քան 80 գիտական աշխատություններ, որոնց զգալի մասը հրապարակվել է համաշխարհային եւ համամիութենական գիտական հրատարակություններում: Դրանք աչքի են ընկել նորարարական առաջարկություններով եւ փաստարկումների համոզչությամբ: Գիտնականը ունեցել է շատ աշակերտներ, ինչով շատ հպարտանում էր, եւ եղել է մի շարք հաջողությամբ պաշտպանված դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների համապատասխանաբար գիտական խորհրդատու եւ գիտական ղեկավար: Ջիվան Շմավոնյանը պարգեւատրվել է բազմաթիվ կառավարական պարգեւներով:
Հայաստանի առողջարանների կառավարման հանրապետական խորհուրդը, բժշկական հասարակայնությունը, հաշվի առնելով պրոֆեսոր Շմավոնյանի մեծ ավանդը «Հանքավան» առողջավայրի հիմնադրման, զարգացման եւ ընդլայնման գործում, 1997 թ. որոշեցին նրա անունով կոչել «Հանքավան» առողջարանը:
Պրոֆեսոր Ջիվան Շմավոնյանը իր ողջ բովանդակալից կյանքի ընթացքում իրեն դրսեւորեց որպես Հայաստանի առողջապահության, բժշկագիտության նվիրյալ, որպես ազնիվ, բարի, բացառիկ սկզբունքայնության եւ պատվախնդրության տեր անձնավորություն, իր Հայրենիքի արժանավոր զավակ:
Վ.Պ.ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
Է.Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ ԱՆ գլխավոր աղեստամոքսաբան,
Հայկական գաստրոէնտերոլոգիական
ասոցիացիայի նախագահ,
Կուրորտաբանության
եւ ֆիզիկական բժշկության
ինստիտուտի
վերականգնողական բժշկության
կենտրոնի գիտական ղեկավար,
ՀՀ գիտության
վաստակավոր գործիչ, բժշկագիտության
դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ»
02.02.2018


















































