Մայիսի 31-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը պատգամավորական հայտարարությունների ժամին քննադատել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գործունեությունը:

«Ազգային ժողովը մնում է փակ հանրության համար: Սա անթույլատրելի երևույթ է: Սրա վերջին կաթիլն այս տարվա բյուջեի կատարողականի լուսաբանման խոչընդոտումն էր: Բյուջեի կատարողականն Ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիայի գլխավոր գործիքն է և հանրությունն առավելագույնս պետք է տեղյակ լինի թե ինչպես են ընթացել քննարկումները: Մեր բնակիչները պետք է իմանան, թե ինչպես են ծախսվել իրենց կողմից վճարված հարկերը, իրենց կողմից ընտրված պատգամավորները որ ծրագրերն են կարևորել, գումարների ծախսման արդյունավետությանն ինչպես են վերաբերվել, ինչ հարցեր ու առաջարկներ են հնչեցրել: Այս ամենի փոխարեն մենք տեսանք չլուսաբանվող կատարողական և հանրությունից կատարողականի գործընթացը թաքցնելու փաստ: 
Խանումյանն անդրադարձել է նաև Արցախի Հանրային հեռուստատեսության և բուհերի խորհուրդների խնդիրներին: Հանրայինի մասին Խանումյանը մասնավորապես նշել է. «Այս հեռուստատեսությունը մնում է որպես ավտորիտար համակարգի գործիք, չի արտահայտում բազմակարծություն, չի անդրադառնում կարևորագույն քաղաքական հարցերին և փակ է մնում քաղաքական թեմաների ու հատկապես ընդդիմության համար»:
«Վերածնունդ» խմբակցություն
31 մայիսի, 2018թ.


















































