Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ նկատում որևէ էական տեղաշարժ բյուջետային կամ ծախսային քաղաքականության մեջ». Բագրատ Ասատրյան

Օգոստոս 08,2018 16:15 Share

Տնտեսական ակտիվության և աճի ցուցանիշները, վերջին 6 ամսվա տվյալներով, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համար տպավորիչ են:

«Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանը Բագրատ Ասատրյանը նշեց. «Տնտեսական աճի ցուցանիշները համարյա բոլոր հատվածներում ավելի բարձր են, քան եղել են նախորդ տարի: Կան և՛ ակնհայտ դրական բաներ, բայց կան նաև խնդիրներ: Դրական եմ համարում այն, որ շինարարության աճի տեմպերը մեծացել են, իսկ շինարարությունը տնտեսական գործունեության բարոմետրերից մեկն է: Անհանգստացնող է արդյունաբերության աճի տեմպերի դանդաղությունը»:

Բագրատ Ասատրյանի համար անհանգստացնող է նաև արտահանման և ներմուծման հարաբերակցության շեղումը դեպի ներմուծման ծավալների ավելի բարձր տեմպեր:

Ըստ ԿԲ նախկին նախագահի՝ մայիսից հետո տնտեսական իրավիճակը կայունացել է, և դրական իմպուլսներ են ձևավորվում:

Բագրատ Ասատրյանն արձանագրեց նաև ժողովրդագրական առումով դրական ցուցանիշներ. «Նվազել է մեկնողների և ժամանողների միջև տարբերությունը: Նման պատկեր երկար տարիներ չէր եղել: Սա հնարավորություն է տալիս տարին ամփոփել ներգաղթով: Առաջին վեց ամիսների ընթացքում ժամանածների և մեկնածների թվի միջև տարբերությունը բացասական է՝ 6146, անցյալ տարի այս ժամանակահատվածում 37006՝ այսինքն՝ 31 հազարով կրճատվել է: Սա ամբողջական գնահատականն է կառավարության գործունեության»:

Բագրատ Ասատրյանի փոխանցմամբ՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի առաջին կիսամյակում, ըստ ԱՎԾ-ի տվյալների, կազմել է 8․9%։ Այս տարվա հունիսին նույն ցուցանիշը կազմել է 9․6%:

2018 թվականի հունվար-հունիսին 2017-ի հունվար-հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 5.5%-ով, շինարարության ծավալը՝ 3.5%-ով , առևտրաշրջանառությունը՝ 9.1%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 8.1%-ով։

Մինչդեռ Բագրատ Ասատրյանը տնտեսական քաղաքականության մշակման հարցում բացթողումներ է նկատում. «Եթե քաղաքական դաշտում մեր իշխանությունները նշմարել են զարգացման ուղղությունը, ինչ-որ խնդիրների լուծման եղանակները, ապա տնտեսական քաղաքականության առումով դեռ ունենք բազմաթիվ բացեր»:

Խոսելով ֆիսկալ քաղաքականության մասին՝ Բագրատ Ասատրյանը մտահոգություն հայտնեց. «Ցավոք, տեսնում եմ մեծ ոգևորություն, բայց նաև ունեմ անհանգստություն: Հարկային օրենսդրությունը անհնար է կարճ ժամանակահատվածում փոխել, պետք է մասնատել, դնել փուլերով, կան առաջնահերթություններ: Չեմ նկատում, որ էական տեղաշարժ է տեղի ունեցել բյուջետային կամ ծախսային քաղաքականության մեջ. մեր բյուջեն լցված է անիմաստ ավելորդություններով»:

Բագրատ Ասատրյանի համար անհասկանալի է, որ մեր ունեցած ՀՆԱ-ի պարագայում ունենք 30 տոկոս աղքատություն. «Անարդյունավետ, չկանոնակարգված ծախսերի խնդիրը շատ սուր է: Մեկ բան ասեմ, երբ նայում ես մեր սոցիալական ծախսերի ցուցանիշներին, հասկանում ես, որ մենք չպետք է ունենանք 30 տոկոս աղքատություն: Սոցիալական ծախսերի մեջ ունենք բազում բացեր. սա նշանակում է՝ ունենք հատվածներ, որ բավարար միջոցներ են ստանում, բայց մնում են աղքատ: Էլ չեմ խոսում անիմաստ ծախսերի մասին: Օրինակ՝ Երևանի լուսավորության և նման ծախսերի համար անհեթեթ բարձր հարկեր ենք վճարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031