Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Օպերայի շրջակայքը պետք է արեւելյան շուկայից բերել քաղաքակիրթ տեսքի»

Փետրվար 02,2019 15:52 Share

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը եւ ԵՊՄՀ գեղարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման՝ Երեւանի քաղաքապետարանի որոշման, Արամի 23 շենքի եւ «Հին Երեւան» նախագծի մասին:

Մկրտիչ Մինասյանի համոզմամբ՝ Օպերայի շրջակայքի, Օղակաձեւ զբոսայգու այգիները ուղղակի գերբեռնված են: «Քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել: Շատ լավ է, որ դրանք բեռնաթափվում են եւ  ապամոնտաժման աշխատանքները սկսվել են: Արթուր Մեսչյանի հիմնական ուղղությունն այն է, որ կարողանանք Օպերայի շրջակայքը արեւելյան շուկայից բերել քաղաքակիրթ տեսքի, ինչպես է աշխարհի քաղաքակիրթ քաղաքներում: Կարող է հավաքովի մեկ-երկու սրճարան լինել, բայց ոչ շուկայի նմանվող՝ բոլորը տարբեր ոճերի, տարբեր ծրագրերով, տարբեր երաժշտական հնչողությամբ: Այնտեղ սրճարաններ կան, որոնք կառուցված են երկաթ-բետոնից: Այսինքն, հիմնական կառույց են, որն անթույլատրելի համարվում այդպիսի տեղերում: Ոչ-ոք չի ասում, որ պետք է ստանալ քարացած միջավայր: Աշխարհի բոլոր քաղաքներում էլ դրանք կան, բայց բալանսավորված են գոյություն ունեցող նորմերի, դոմինանտ ճարտարապետական շենքի հետ եւ պետք է ենթակա լինեն այդ շենքի կերպարը ընդգծելու համար: Ես կարծում եմ, որ Արթուր Մեսչյանը եւ քաղաքապետարանը շատ ճիշտ որոշում են կայացրել: Ճիշտ է, սրճարանների տերերը բողոքում են, բայց գիտեն, որ պայմանագիր կնքելու ժամանակ կա այնպիսի կետ, որ պետք է տեղն ազատեն քաղաքապետարանի առաջին իսկ պահանջով: Ես չեմ կարող գտնել մի մարդու, որ ասի՝ այդ սրճարանների հատվածը շատ լավն է, բացի դրանց տերերից:

Տեսեք ինչ է կատարվում Օղակաձեւ զբոսայգում: Այնտեղ մեծ վարպետների արած շատ գեղեցիկ քանդակներ կան: Օրինակ, Արմեն Տիգրանյանի քանդակը, որ կերտել է Արտաշես Հովսեփյանը: Բայց այդ քանդակն ուղղակի չի երեւում: Նման բաներ թույլ տալ չի կարելի: Բայց ժամանակին թույլատրվել է: Մի բան էլ ասեմ, քանի որ այդ խնդրին տեղյակ եմ: Դիմում էին քաղաքապետարան, թե 20 քմ մի սրճարան դնենք ու շրջակայքի 150-200 քմ կանաչ տարածքը պահպանենք: Սակայն հակառակն էր կատարվում. 200 քմ զբաղեցնում էր սրճարանն իր պահեստային մասով, աղբով եւ այլն, ու ոչինչ չէր մնում կանաչ տարածքի համար», – ասաց Մ. Մինասյանը:

Լրագրողների հարցին, թե քաղաքապետարանի այդ որոշումը չի՞ վնասի գործարար միջավայրին, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Դա գործարար միջավայր չի կարելի համարել: Ամեն տեղ էլ կան այն կարգերը, թե ինչպես են ստեղծվում սրճարանները, ինչպես են շահագործվում: Դրանք պետք է ենթարկվեն քաղաքի կանոններին: Դուք գիտե՞ք, թե ինչպես են այդ գործերն արվել: Երբ նրանց ասում էին, որ այս բանը չի կարելի անել, ոչ մեկի առաջ հաշվետու չէին եւ չէին ուզում լսել: Գտնում էին հովանավորներ, որոնք լուծում էին հարցերը: Այդպես այդ բոլոր սրճարանները միմյանց հետեւից աճեցին ու զարգացան»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728