Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ խտրական ու ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ․ Հախվերդյանի մտքերը դատապարտող մի շարք հայտարարություններ են արվել

Մարտ 03,2019 22:08 Share

Բաց TV-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդման շրջանակներում Ռուբեն Հախվերդյանի՝  արցախցիների վերաբերյալ արտահայտած մտքերը հանրային մեծ արձագանք են ստացել՝ հարուցելով շատերի դժգոհությունը։ Համլետ Ղուշչյանի հետ հարցազրույցի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը մասնավորապես ասել էր․

«Վաբշե մաքրվե՛ք ստեղից, վեկալե՛ք գնացե՛ք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց․․․»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով Հախվերդյանի վերոհիշյալ մտքերին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է․

«Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։

Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»։

Երգահանի՝ վերոհիշյալ հաղորդման ժամանակ արտահայտած մտքերին է անդրադարձել նաև Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը

«Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար։

Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով:

Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը:

Հ.Գ. այս արձագանքը կատարում եմ որպես և՛ Մարդու իրավունքների պաշտպան, և՛ պարզապես հայ: Իսկ եթե այլ կարգավիճակով լինեի, ապա արձագանքս շատ ավելի կոշտ կլիներ…»։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի արձագանքը նույնպես քննաադատական է․

«Բարոյապես եւ ստեղծագործական առումով լինելով վաղուց սպառված՝ նախկին երգահան ու երգիչ ռուբեն հախվերդյանը, ով արդեն վաղուց որեւէ արժեքավոր գործ ստեղծելու ունակ չէ, կրկին վիրավորանքների հեղեղ է թափում հայ ժողովրդի վրա՝ հայհոյելով արցախահայությանը: Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում: Նրա նմաններով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները՝ ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ որեւէ հոգեբուժարան»:

Գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը ևս արձագանքել է Հախվերդյանի աղմկահարույց մտքերին՝ գրելով․

«Ձայն չի մնացել, նոր երգեր վաղուց չի գրել, սկավառակներ չի թողարկել, չեմ էլ հիշում, թե վերջին համերգը երբ է եղել: Հասարակության երբեմնի ծաղկի ընկերների զգալի մասը հեռացել է, սիրելիները պառավել են… Դե մարդը մի բան պետք է անի չէ՞, որ իր մասին խոսեն: Չի երգում, ստիպված խոսում է: Ափսոս, վաղ պատանեկությունից ամբողջ կյանքս իր երգերի ներքո է անցել: Երգերը լավն են, շատ լավը, երգիչը…

Հա, քանի չեմ մոռացել, Համլետ Ղուշչյանը ժամանակին ֆուտբոլային մեկնաբան էր: Երբվանի՞ց ֆուտբոլը փոխեց քաղաքականությամբ»։

 

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նույնպես չի անտեսել Ռուբեն Հախվերդյանի հնչեցրած տեսակետը, ավելին՝ Արցախի հայրենակիցներից ներողություն խնդրելով՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է․

«Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, ես զարհուրում եմ որոշ մարդկանց դուալիզմից: Մեկին, ում համարել ես պարկեշտ, էսթետ արվեստագետ, իրականում, պարզվում է, կյանքի ամենահատակում հայտնված վերջացած ոչնչություն է, ով այդպիսին եղել է միշտ և պետք էր դա ընդամենը նկատել: Այս հատվածը Ռուբեն Հախվերդյանի մասին չէր:

Այսօր էլ, սակայն, ինձ մեծ ցավ պատճառեցին Ռուբեն Հախվերդյանի հերթական անպարկեշտ խոսքերը արցախահայության հասցեին: Տաղանդավոր երգահան և երևանցի տղա լինելը որևէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու Արցախի մեր հայրենակիցներին: Սա այն թեման չէ, որի դեպքում կարելի է «էպատաժային քաղաքի տղա» խաղալ: Հայաստանցի և արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել: Ու երևի ես համաձայնեմ իմ ընկեր Կարեն Քոչարյանի հետ, որ որոշ մարդիկ պետք է շուտ հեռանան, որ լեգենդը չդառնա դատարկ տարածություն:

Ցավում եմ շատ և ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Լաւ լը լինէր, որ չասէր կամ աւելի զուսպ արտայայտուէր: Բայց ինչ էլ լինի, նա մեծութիւն է (ի տարբերութիւն Ղուշչեանի, որն այդպէս էլ լրագրող չդարձաւ 🙂 )
    Հախվերդյանը մեր ազգի տաղանդաւոր զաւակներից մէկն է, երեւի նրան կարելի է: Ես ուղղակի զարմացած եմ, որովհետեւ նրա ասածի մէջ նորութիւն չկայ: Ո՞ւմ յայտնի չէ, որ արցախցիները ժամանակին մի քիչ թուրքացել են, որը տարիների ընթացքում կը շտկուի: Եւ դա բնական է. տասնամեակներ շարունակ ապրել են ադրբեջանական միջավայրում: Դա աւելի քան ակնառու է ՌՔ-ի պարագայում: Ես խնդրում եմ ինձ հայրենասիրական դասեր չտալ, որովհետեւ ես եւս հեռու հեռաւոր արմատներով արցախցի եմ, որի նախնիները Շամշադին են տեղափոխուել: Ու ես անասելի հպարտ եմ իմ շամշադինա-արցախեան արմատներով:

    Հեռաւոր 1998թ.-ին, երբ դեռ մարտի 1, 2003-2004թթ. յետընտրական ծեծուջարդ չկար, գիւղում մի հատ անգոյն հեռուստացոյց ունեինք. մի ալիք էր, մի հաղորդում՝ միայն «Հայլուր» էինք նայում (հիմա չգիտեմ «Հայլուրը» դեռ կայ, թէ ոչ. 10 տարուց աւելի հեռուսացոյց չեմ նայել): Երբեմն «Հայլուրի» ժամին Քոչարեանը խօսում էր, մենք էլ թոռներով աղմկում էինք, պապս ասում էր «Տազ արէք, մի մյանանք տենանք էդ թուրքն ինչ ասըմ ա» 🙂 Այսինքն, դեռեւս Քոչարեանի «պուպուշ» տարիներին զգացւում էր, որ էդ մարդու վարքում ադրբեջանական հասարակութեանը բնորոշ տարրեր կան (լաւ, թէ վատ՝ դուք դատէք):

    Աւելին ասեմ. Բերձորեան դէպքերի կադրերը դուք տեսե՞լ էք: Էդ ծեծ ու ջարդը, էդ անասելի դաժանութիւնը, էդ ահասարսուռ տեսարանները տեսե՞լ էք: Քանի՞ հոգի Արցախում ի խորոց սրտի դատապարտեց այդ ծայրաստիճան վայրագութիւնները (ձեւական դատապարտումները չհաշուած): Դա միայն ու միայն հաստատում է Հախվերդեանի որոշ մտքեր: Արցախում ժողովրդավարութեան մեծ բաց կայ: Բերձորի ջարդի կազմակերպիչները առ այսօր շարունակում են վայելել իրենց բդեշխական պաշտօնները՝ ներառեալ նախագահ Բակո Սահակեանը: Այս առումով Արցախը պէտք է անյապաղ ժողովրդավարանայ եւ թաւշեայ յեղափոխութիւնը օր առաջ պիտի հասնի Արցախ: Արցախը Հայաստան է եւ վերջ. եթէ ՀՀ-ում ժողովրդավարութիւն է, ապա Արցախն այլընտրանք չունի:

    Բայց ինձ առաւել զարմացնում է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբեանի արձագանքը: Տիկի՛ն Զոհրաբեան, Հախվերդեանի տուած «վնասը» չնչին է ԲՀԿ-ականների տուած վնասի հետ համեմատած: Երկու օր առաջ կարդում էի ձեր առաջնորդ Գագիկ Ծառուկեանի հարցազրոյցը: Լացս գալիս էր նրա կրթական մակարդակից, նրա խօսելու անկարողութիւնից, նրա արտայայտած մտքերից: Եթէ ես իշխանութիւն ունենայի, Գագիկ Ծառուկեանին ցմահ կ’արգելէի թուղթ ու գրիչ վերցնել ձեռքը կամ ելոյթ ունենալ: Մինչդեռ նա ՀՀ պատգամաւոր է եւ նրա խզմզած օրէնքներով պարտաւոր են ապրել շարքային քաղաքացիներ՝ կիրթ եւ ուսեալ մարդիկ:

    Սիրելի՛ Ռուբէն Հախվերդեան, ես ձեր շատ մտքերի հետ համամիտ եմ, բայց խնդրում եմ մի քիչ աւելի լաւ ձեւակերպէք ձեր մտքերը:

  2. Մարինա says:

    Գյալմա բառն էլ հո էլի Հախվերդյանը չի արտասանել Արցախի խորհրդարանի ամբիոնից։

Պատասխանել Artur Lazarian

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031