Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյան. «Տնօրենի պաշտոնից ինձ ազատելը բազմամիլիոնանոց PR դարձավ օպերայի համար»

Ապրիլ 04,2019 14:14

Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում ներկայացրեց այն աշխատանքը, որ կատարել է իր պաշտոնավարման ընթացքում եւ մատնանշեց այն հեղինակավոր թատրոններին  ու անձանց, որոնց հետ աշխատել է մեր թատրոնը:

«Այնպես է ստացվել, որ մենք շատ ակտիվ ենք աշխատել վերջին 8 ամիսներին, եւ ներկայացումներ ենք արել` նոր «Կարմեն», նոր «Կախարդական սրինգ», «Մանոն», նաեւ հյուրախաղերի մեկնել: Շատ դժվար է 350 կոստյում կարել, սովորեցնել, ռեժիսուրան անել»,-նշեց մաեստրոն: Ասաց, որ արել են առավելագույնը, որ ներկայացումները գունեղ լինեն:

«Մեծ թատրոնը 8-9 ներկայացում է առաջարկում մեզ: Նոր ներկայացում ստեղծելը անհավանական թանկ է, կոստյումներ կարել, դեկորացիաներ ստեղծել, եթե հնարավոր լինի այդ պատրաստի ներկայացումները ձեռք բերել, ուղղակի հրաշալի կլինի»,-նշեց Կոնստանտին Օրբելյանը:

Մանրամասները` տեսանյութում

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից` տնօրենի պաշտոնից իրեն ազատելուն:

«Թյուրիմացություն կա այդ ամենի մեջ: Չգիտես ինչու, Նազենի Ղարիբյանը մտածում էր, որ ես ոչ լեգիտիմ եմ նշանակվել: Վերջին 8-9 ամիսներին անընդհատ այդ մասին էր խոսվում: Բայց դա իմ խնդիրը չէ…Ես հարցնում եմ`  ո՞ր ոչ լեգիտիմությունն է ձեզ անհանգստացնում: Ասում են` եղել է կառավարության որոշում, եւ ես մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կողմից նշանակվել եմ օպերային թատրոնի տնօրեն: Ասում եմ` այդ դեպքում դուք խնդիր ունեք կառավարության հետ, ուրեմն դատի տվեք կառավարությանը:

Անկախ նրանից իմ նշանակումը լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ էր, մշակույթի նախարարության հետ իմ պայմանագիրը լեգիտիմ է եղել: Ես ոչ մեկին չեմ խնդրել ինձ լավություն անել, ես չեմ խնդրել, որ ինձ տնօրեն նշանակեն, դա իմ կյանքի նպատակը չի եղել: Կրկնում եմ` այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա եւ ոչ հաջող խորհուրդ տվողներ»,-հայտարարեց Օրբելյանը

Մանրամասները` տեսանյութում

Մաեստրոն ասում է, որ  նախարարությունում միշտ ցանկացել են, որ ինքն իր կամքով հեռանա, բայց ինքը հատուկ չի հեռացել:

«Այդ դեպքում ինչպե՞ս պետք է բացատրեմ կոլեկտիվին, թե ինչու եմ վերցրել ու անսպասելի հեռացել, ինչու եմ լքել թատրոնը: Ինչ հիմքով: Ես չեմ կարող դավաճանել իմ թատրոնը, այն մարդկանց, որոնք ինձ հավատում են, դա ինձ պետք չէ: Ուրեմն կամ ինձ հանեք, կամ հանգիստ թողեք»,- նշեց նա:

Ամեն դեպքում նա իր հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Ես ի՞նչ կապ ունեմ քաղաքականության հետ, ես քաղաքական գործիչ չեմ, չեմ զբաղվում քաղաքականությամբ: Ինձ համար Հայաստանի եւ օպերային թատրոնի ծաղկումն է կարեւոր:

Մի կարեւոր բան ասեմ` օպերայի տնօրենի պաշտոնից ինձ ազատելը բազմամիլիոնանոց PR դարձավ հենց օպերայի համար: Այժմ աշխարհը գիտի, որ Երեւանում կա օպերային թատրոն, այնտեղ կա Օրբելյան, հրաշալի կոլեկտիվ: Ավելին, աշխարհի տարբեր անկյուններից լրագրողները  ցանկանում են գալ Հայաստան` եւ ոչ միայն օպերային թատրոն, այլեւ Հայաստանը տեսնելու»,- ժպտալով նշեց արվեստագետը:

Նա ասաց, որ եթե անգամ հեռանա օպերային թատրոնից, ոչ մի բան չի տանի իր հետ. «Երեւանում կա Կոնստանտին Օրբելյանի անվան դպրոց, ինչի համար հպարտ եմ: Եվ եթե հանկարծ ես օպերային թատրոնից տեղափոխվեմ, իմ աշխատասենյակի ռոյալը, որը իմ հորեղբայր Օրբելյանին է պատկանել, կնվիրեմ իր անունը կրող դպրոցին»:

Մանրամասները` տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930