Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական աճը պայմանավորված է բնակչության՝ խաղատներում ծախսած գումարներով». «Լույս» հիմնադրամ

Օգոստոս 08,2019 16:09 Share

«Լույս» հիմնադրամը հրապարակել է «ՀՀ տնտեսական աճի մտահոգիչ կառուցվածքը» խորագրով վերլուծությունը, որում ներկայացվում է, թե իրականում ծառայությունների որ ոլորտներն են նպաստել տնտեսական աճի ցուցանիշի բարձրացմանը՝ ըստ հիմնադրամի վերլուծաբանների:

Վերլուծությունում ասվում է, որ ՀՀ տնտեսական աճը 2018թ. կազմել է 5.2 տոկոս, իսկ 2019թ. առաջին եռամսյակում՝ 7.1 տոկոս: Իհարկե, բարձր տնտեսական աճը կարելի է համարել ձեռքբերում, սակայն ԵՄ երկրների հետ համեմատելիս պետք է նշել նաև, որ ՀՀ տնտեսական աճը բարձր է եղել ԵՄ երկրների միջին տնտեսական աճից նաև վերջին տարիներին:

Հենց այս տեղեկատվությունը հաշվի առնելով են ՀՀ գործող կառավարությունն ու վարչապետը բարձրաձայնում երկրի տնտեսական աճի մակարդակը՝ որպես ձեռքբերում: Սակայն այսպիսի համեմատությունները տեղին չեն, քանի որ տնտեսական աճը ՀՀ-ում և զարգացած երկրներում բավական տարբեր բնույթ ունեն: Ի տարբերություն ՀՀ-ի`  նշված երկրները, ապահովելով ներառական տնտեսական աճ, գտնվում են բնակչության կենսամակարդակի, ենթակառուցվածքների և հանրային բարիքների զարգացածության  շատ ավելի բարձր մակարդակում:

Նոր կառավարության ձևավորումից` 2018թ. առաջին եռամսյակից հետո ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը ոչ միայն չի բարելավվել, այլև ավելի է վատթարացել: Այսպես, առաջին եռամսյակից հետո տնտեսական աճի տեմպը դանդաղել է՝ 10.2 տոկոսից տարեվերջին կազմելով 5.2 տոկոս, որից 3.7 տոկոսային կետը ապահովվել է ծառայությունների ոլորտը (առևտրի հետ միասին՝ 4.7 տոկոսային կետը), իսկ արդյունաբերության նպաստումը նվազել է՝ կազմելով 1.1 տոկոսային կետ: Այնուհետև, 2019թ. առաջին եռամսյակում գրանցվել է 7.1 տոկոս տնտեսական աճ, որը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է ծառայությունների աճով: Այսպես, 7.1 տոկոսից 1.3-ը ապահովվել է առևտրի աճի միջոցով, իսկ 4.4-ը՝ այլ ծառայությունների աճի միջոցով: Գրանցված 7.1 տոկոս տնտեսական աճին արդյունաբերությունը նպաստել է ընդամենը 0.1 տոկոսային կետով, շինարարությունը` 0.3 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունն ունեցել է զրոյական նպաստում: Սա այն պարագայում, երբ 2018թ. առաջին եռամսյակում գրանցված 10.2 տոկոս տնտեսական աճին, բացի 4.6 տոկոս ծառայությունների աճից, 2.0 տոկոսով նպաստել է արդյունաբերությունը, 1.6 տոկոսով` առևտուրը, 0.5 տոկոսով շինարարությունը:

Ծառայությունների կառուցվածքում բավականին արագ աճում է «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ոլորտի ծառայությունների կշիռը, որը 2018թ. 2017-ի նկատմամբ աճել է 2.6 տոկոսային կետով, իսկ 2019թ. առաջին եռամսյակում     2018-ի նկատմամբ աճել է 2.4 տոկոսային կետով (2018-ի առաջին եռամսյակի նկատմամբ՝ 4.2 տոկոսային կետով):

Այսպիսով, 2019թ. իրական ՀՆԱ-ն աճում է հիմնականում ծառայությունների աճի շնորհիվ, իսկ ծառայություններն իրենց հերթին աճում են «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» (17.3 տոկոս աճից 8.1 տոկոսային կետը) և «ֆինանսական և ապահովագրական  գործունեություն» ենթաճյուղերի (17.3 տոկոս աճից 4.6 տոկոսային կետը) հաշվին: Խնդիրն այն է, որ «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաճյուղի կառուցվածքում մոտ 98 տոկոս կշիռ ունի «շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը»: 2019թ. առաջին եռամսյակում «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաճյուղի 42.9 տոկոս աճը, գրեթե ամբողջությամբ՝ 42.6 տոկոսային կետով, պայմանավորված է հենց շահումով խաղերի աճով:

 

Այսպիսով, ՀՀ-ում գրանցված բարձր տնտեսական աճը պայմանավորված է հասարակության կողմից  շահումով խաղերից ավելի շատ օգտվելու հանգամանքից: Ստացվում է, որ կառավարությունն անընդհատ խոստանում է տնտեսության կառուցվածքը բարելավել, խթանել արտահանելի և բարձր ավելացված արժեք ունեցող ճյուղերը, մինչդեռ փաստացի պատկերը չի արտացոլում որևէ դրական տեղաշարժ: Շահումով խաղերի, վիճակախաղերի, խաղատների և նման այլ գործունեությունները մակրո մակարդակում հանգեցնում են եկամուտների վերաբաշխմանը ցածր եկամուտ ունեցողներից դեպի հարուստներ: Սա իհարկե խորացնում է աղքատությունը և սոցիալական անհավասարությունը: Բայցի այդ, այս ոլորտի աճը չի նպաստում հարկային եկամուտների աճին, քանի որ կազմակերպություններն աշխատում են արտոնագրային հարկի ռեժիմում, ինչը նշանակում է, որ նրանց կողմից վճարվող հարկերի չափը կապված չէ շահույթի կամ շրջանառության ծավալների հետ: Այս ոլորտի աճը չի նպաստում բնակչության եկամուտների աճին:

Այն խոստումները, որ Հայաստանը պետք է վերածվի բարձրտեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը, կարծես թե չեն իրականանում, քանի որ տնտեսության շարժիչ ուժը մնում են «վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլախաղերի և  բուքմեյքերական գործունեության կազմակերպում» և «խաղատների գործունեություն» ճյուղերը: Փաստացիորեն ստացվում է, որ ձևավորված տնտեսական աճը պայմանավորված է բնակչության՝ խաղատներում ծախսած գումարներով և որևէ կերպ չի նպաստում բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը և կյանքի որակի բարելավմանը:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

[1] Ստեղծագործական, արվեստի և հանդիսավոր ներկայացումների, գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031