Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները պետք է ամրապնդեն արդարադատության համակարգի բարեփոխումները. ԵԽԽՎ զեկույց

Դեկտեմբեր 12,2019 00:04
femida

Հայաստանի իշխանությունները պետք է ամրապնդեն արդարադատության համակարգի բարեփոխումները`աչքի առաջ ունենալով դրա անկախությունը և արդյունավետության ամրապնդումը, միաժամանակ զերծ մնալով ցանկացած գործողությունից, որը կարող է ընկալվել որպես ճնշման գործադրում կամ միջամտություն դատական համակարգի աշխատանքներին, ինչպես նաև պետք է շարունակեն ամրապնդել կանանց, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձանց և այլ փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի կոմիտեի ընդունած զեկույցում, որում ամփոփված է կոմիտեի 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսների գործունեությունը և մոնիթորինգի ենթարկված երկրների, այդ թվում Հայաստանի առաջընթացի գնահատականը:

Զեկուցողները Երևան էին այցելել 2019թ. մարտի 12-ին՝ ծանոթանալու ներկայում դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին և քննարկելու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպիսիք են խտրականությունն ու ընտանեկան բռնությունը:

Զեկույցում նշվում է, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԵԽԽՎ Բյուրոյի Հատուկ հանձնաժողովը երկիր էր այցելել 2018-ի դեկտեմբերի 7-10-ը՝ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կազմում: Ըստ  Հատուկ հանձնաժողովի՝ ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների պատշաճ ուշադրությամբ: Թեկնածուները կարողացել են քարոզարշավ իրականացնել ազատորեն, իսկ քարոզարշավի ընթացքում լիովին հարգվել են հավաքների, խոսքի և տեղաշարժի հիմնական ազատությունները: Այս դեպքում բացակայում էին այն հարցերից շատերը, որոնք ստվերել էին նախորդ ընտրությունները, օրինակ՝ ձայների գնում, ճնշում ընտրողների վրա, ընտրախախտումներ: Սա լուրջ փոփոխություն է 2017թ. ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք նշանավորվել էին քվեների գնմամբ և վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքներով: Հատուկ հանձնաժողովը նաև գովաբանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թափանցիկ և պրոֆեսիոնալ աշխատանքը, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման հանգիստ և խաղաղ բնույթը: Նաև ասվել է, որ քարոզչության ֆինանսավորման շրջանակը բնութագրվում է հաշվետվողականության և թափանցիկության պակասով, որը պետք է բարելավվի:

Զեկույցում նշվում է, որ համազեկուցողների այցի ժամանակ Հայաստանը զգալի առաջընթաց էր արձանագրել մի շարք բարեփոխումներում: Նոր քրեական դատավարության օրենսգրքի դրույթների նախագծերը դրական կարծիք են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից և գնահատվել են շատ առաջադիմական: Նոր քրեական դատավարության օրենսգիրքը պետք է ուղեկցվի Վարչական իրավախախտումների նոր օրենսգրքով, նոր Քրեական օրենսգրքով և նոր Քրեակատարողական օրենսգրքով:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2019թ. մայիսի 19-ին վարչապետ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը: Ընդ որում, այդ կոչին նախորդել էր նախկին նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը: Զեկուցողները հաղորդագրություն են տարածել, որում կոչ են արել բոլոր դերակատարներին զերծ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա: «Դատարանի այդ որոշման նկատմամբ արձագանքը, այնուամենայնիվ, ցույց տվեց հասարակության վստահության ցածր մակարդակը դատական համակարգի հանդեպ»,- ասվում է զեկույցում: 2019թ. մայիսի 30-ին և 31-ին ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը Երևանում հանդիպել է վարչապետ Փաշինյանին, արդարադատության նախարարին և Ազգային ժողովի նախագահին և քննարկել Խորհրդի կողմից դատական բարեփոխումներին ցուցաբերվող օգնության ամրապնդման ուղիները և միջոցները:

Եվրախորհուրդը հետագայում օգնել է նաև «դատական փաթեթի» մշակման գործում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը խնդրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: 2019թ. հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության մարդու իրավունքների տնօրինությունը համատեղ կարծիք հայտնեցին այս փաթեթի վերաբերյալ: Նրանք նշել են, որ դատական փաթեթը «ընդհանուր առմամբ գովաբանության է արժանի»: Փաթեթի պատրաստման գործընթացում Հայաստանի կառավարությունը գործել է պատասխանատու և խոհեմ և դրսևորել երկխոսության պատրաստակամություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս »:

Առաջընթաց է գրանցվում կոռուպցիայի դեմ պայքարում, ինչը արտացոլված է Հատուկ քննչական ծառայությունից զեկուցողներին տրամադրված թվերում: Զեկուցողների այցից առաջ 12 ամիսների ընթացքում վերադարձվել է մոտ 3.2 միլիոն դոլարի պետական միջոցներ, իսկ կոռուպցիայի հետ առնչվող 7 միլիոն դոլար սառեցվել է բանկային հաշիվներում: Համազեկուցողների զրուցակիցների կարծիքով՝ հակակոռուպցիոն ապարատը շուտով կհամալրվի «հատուկ հահակոռուպցիոն մարմնով», որը կամ ստեղծվելու է որպես մեկ սուբյեկտ, կամ բաժանվելու է մի քանի սուբյեկտների, դրացից յուրաքանչյուրն իր մասնագիտացված ոլորտով:

Կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ դրական վերաբերմունքը արտացոլվում նաև իշխանությունների ցանկության մեջ՝ լուծել սոցիալական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գենդերային անհավասարությունը և ԼԳԲՏԻ անձանց իրավունքները: Այս ցանկությունը ցույց է տալիս այն փաստը, որ քաղաքացիական հասարակության խմբերը պարբերաբար խորհրդակցում են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենքների նախագծերի վերաբերյալ: Ողջունելի մեկ այլ զարգացում է գործողությունների ծրագրի և հավասար հնարավորությունների ռազմավարության ձևակերպումը, որն ամենայն հավանականությամբ կանդրադառնա գենդերային անհավասարությանը: Չնայած այս նոր վերաբերմունքը ողջունելի է,  բայց այն պետք է արտացոլվի նաև տեղում կոնկրետ գործողություններով: Չնայած որոշ ոլորտներում կատարված ոչ մեծ բարելավումներին՝ (խորհրդարանում կանանց թիվը 17% -ից բարձրացել է մինչև 24%), բայց կանայք դեռ բավարար չափով ներկայացված չեն հանրային հատվածում: Ըստ ԵԽԽՎ ընտրությունների դիտարկման զեկույցի՝ «կին թեկնածուները միայն ժամանակ առ ժամանակ էին ինքնուրույն քարոզարշավ իրականացնում և հազվադեպ էին հանդես գալիս որպես խոսնակներ քարոզարշավի երթերի ժամանակ»: Հայաստանում կանայք վաստակում են տղամարդկանցից միջինը 35.9%-ով քիչ:

Ինչ վերաբերում է Հայաստանում շատ զգայուն՝ «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, որը Հայաստանի իշխանությունները ստորագրել էին 2018թ. հունվարին, կառավարությունը խնդրել էր Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների վերաբերյալ: 2019թ. հոկտեմբերի 14-ին Հանձնաժողովը հրապարակեց իր կարծիքը՝ եզրակացնելով, որ որևէ անհամատեղելիություն Կոնվենցիայի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև չկա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031