Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փոփոխական քամիներ Բելառուսում

Փետրվար 04,2020 22:00

Ռուսական նեոկայսրեական նախագիծը, որ պետք է վաղ թե ուշ սկսեր ճաքեր տալ՝ զարմանալի չէր, նաեւ զարմանալի չէր, որ դա սկսվեց նախագծի ծնունդից հետո պատմականորեն չնչին ժամանակ անց։

Ցանկացած շղթա պոկվում է իր ամենաթույլ օղակից, եւ ռուսներն արեցին ամեն ինչ, որպեսզի թուլացնեն այդ ողջ կառույցի, թվում էր՝ ամենահուսալի օղակը։

Բելառուսն առաջինն էր նախկին ԽՍՀՄ տարածքի եվրոպական երկրներից, որտեղ 1994 թվականին տեղի ունեցավ նեոսովետական ռեւերս, ժողովուրդն ընտրեց նախկին կոլխոզի նախագահ, սոցիալ-պոպուլիստ Լուկաշենկոյին երկրի նախագահ։ Եվ Բելառուսն առաջինն էր, որի ղեկավարությունն ուղղակի սադրում էր ԽՍՀՄ փլուզմամբ ջախջախված՝ Մոսկվայի կայսերապաշտներին։

Բելառուսի ղեկավարության այդ քաղաքականությունը միայն ճաշակով չէր պայմանավորված. հումք չունեցող երկրում ձեւավորվում էր կարծր ավտորիտար համակարգ, որն էժան էներգակիրների եւ սպառման շուկայի կարիք ուներ, եւ այդ իմաստով Ռուսաստանը թվում էր անփոխարինելի։ Մնում էր համոզել Կրեմլին, թե որքան «ձեռնտու» է, մի կողմից, բելառուսական տնտեսությանը մատակարարել էժան նավթ եւ գազ, մյուս կողմից, բացել ներքին շուկան բելառուսական՝ ազատ շուկաներում գերազանցապես անմրցունակ արտադրանքի համար։

Ո՞րն էր այստեղ Ռուսաստանի տնտեսական շահը՝ պարզ չէր, հիմա էլ պարզ չէ։ Սակայն այլ է պարագան, երբ խնդրին նայում ես ապագայում «անշլյուսի» (գերմաներեն anschluss՝ կլանում, այդ եզրույթն էր կիրառվում 1938թ., երբ Երրորդ Ռայխը լուծարեց եւ բռնակցման ենթարկեց Ավստրիան) հնարավորության տեսակետից։ Իհարկե, պարզ էր, թե ով է ում «անշլյուսի» ենթարկելու, եւ ձգտելով կրկին արթնացնել այդ կայսերական գազանին, ինչի վրա էր հույսը դնում Լուկաշենկոն, գնալով «միութենական պետություն» կոչված օքսյումորոնի ստեղծմանը՝ դժվար է հասկանալ, չնայած կան տարբեր վարկածներ, ինչեւէ։

Եվ ահա եկավ ժամանակը, երբ Բելառուսին, որը նույնիսկ չէր էլ բարեհաճում Եվրոպայի Խորհրդին անդամակցել, որտեղ կոշտ ձեւով տասնամյակներով հետապնդում էին ազատական ընդդիմությանը, քաղաքացիական ազատամտությունը եւ այլախոհությունը, վաղուց գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո եւ տնտեսության կենսունակությունը պահպանվում էր շնորհիվ ոչ անվճար ռուսական «բարեհաճության»՝ Մոսկվայից սկսեցին հաշիվ ներկայացնել եւ սպառնալ։ Եվ դա ստիպեց Լուկաշենկոյին լրջորեն սրբագրել իր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արեւմուտքի ուղղությամբ։

Մոսկվայի կողմից ճնշման գլխավոր լծակները երկուսն են՝ էներգակիրները եւ բելառուսական արտահանումը Ռուսաստան։ Արտահանման մասով թվում էր, թե վաղուց գործում է ԵԱՏՄ-ն, այսինքն՝ ստանդարտները եւ կարգավորումները, որոնք այլեւս չպետք է կախված լինեին այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքից, բայց ոչ. ռուսական տարբեր «ռոս-գոս-սպեց-կոնտրոլ-նադզոր»-ների բանակը, գումարած ռեպրեսիվ ապարատը՝ վերեւից ազդանշան ստանալով կարող է ցանկացած ռուս եւ ոչ ռուս տնտեսվարողի կյանքը վերածել դժոխքի, իսկ տնտեսվարողին՝ Բուտիրկայի իրավազուրկ կալանավորի, եւ դա նորություն չէ, քանզի հենց դա է այդ պետության էությունը Իվան Ահեղի ժամանակներից։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ ստորագրած փաստաթղթերը երկու ռուսական կոպեկի արժեք չունեն եւ կարող են գցվել աղբամանը մեծ հաշվով։

Իսկ նավթի հարցով խնդիրը ձեռք բերեց արդեն միջազգային չափում։ Նախ, այդպես էլ մինչ օրս անհասկանալի պատճառով աղտոտվեց Բելառուս մտնող միջազգային նավթամուղը, ինչը խոշոր չափերի վնաս հասցրեց Բելառուսի տնտեսությանը։ Այնուհետեւ ռուսները պարզապես հրաժարվեցին Բելառուսին նախկին պայմաններով նավթ մատակարարել, եւ չէին էլ թաքցնում, որ պատճառը քաղաքական է։ Պարզապես Լուկաշենկոն հասկացավ, որ Պուտինը մտադիր է կլանել Բելառուսը, եւ որպես «լեգալիստ»՝ դա անել Լուկաշենկոյի համաձայնությամբ, նախապես ամեն ինչ անելով, որպեսզի սա դառնա մի «առաջարկություն», ըստ Մարիո Պյուզոյի, «որից հրաժարվելն անհնարին է»։ Եվ միանգամայն բնական է, որ Լուկաշենկոն պետք է հրատապ քայլեր ձեռնարկեր, որպեսզի նման «առաջարկությունից» հրաժարվելն այնուամենայնիվ դառնար միանգամայն հնարավոր, եւ սկսվեցին ինտենսիվ շփումներ Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի, արաբական երկրների հետ, իսկ քանի որ Բելառուսը նավահանգիստ չունի՝ ապա նաեւ Ուկրաինայի եւ Բալթյան երկրների հետ՝ տարանցումն ապահովելու նպատակով։

Դեպքերն արագ զարգացան. Նորվեգիան թեստային ռեժիմով նավթի առաջին մեծ խմբաքանակն ուղարկեց Բելառուս՝ լիտվական Կլայպեդա նավահանգստով, իսկ ԱՄՆ-ը Մինսկ գործուղեց պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Նա Մինսկում խոստացավ հարյուր տոկոսով ապահովել Բելառուսին էներգակիրներով, մրցունակ գներով, եւ շեշտեց, որ ԱՄՆ-ը «չի ասում Բելառուսին՝ ընտրել ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին»։ Նաեւ, Պոմպեոն հայտարարեց, որ պատժամիջոցները դեռ պահպանվելու են, դրանց վերացումը «ոտքի վրա» չի կարող լինել, բայց նախադրյալներ են ձեւավորվում, որպեսզի դա տեղի ունենա։

Ձեռքերը ծալած չէր նաեւ Ադրբեջանը, որն ինտենսիվ բանակցություններ սկսեց Կիեւում՝ ուկրաինական տարանցումը դեպի Բելառուս ապահովելու համար։ Եվ Բելառուսի ղեկավարությունը սա կոչում է «մեզ համար սովորական երթուղի»։ Այս բնորոշումը բավականին լայն համատեքստ է պարունակում։ Լուկաշենկոն լավ է հասկանում, որ երկընտրանքներից մեկն էլ իր ավտորիտար կառավարման համակարգի պահպանել-չպահպանելն է, եւ այդ իմաստով ամերիկյան էներգամատակարարումները հաստատապես քաղաքական բաղադրիչ են պարունակում։

Այսինքն, ԱՄՆ հետ հարաբերությունների սերտացումը օգնելու է պահպանել Բելառուսի անկախությունը եւ ինքնիշխանությունը, բայց ոչ ավտորիտար կառավարման համակարգը, որն էլ, մեծ հաշվով, խոցելի է եւ լծակներ է տալիս ռուսներին՝ իրենց կայսերապաշտ նպատակներին հասնելու համար։ Եվ Ադրբեջանի «սովորական» նավթը կարող է այլընտրանք հանդիսանալ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան տարբերակներին, իհարկե, եթե ռուսները ճնշումներ չգործադրեն Բաքվի վրա, արգելելով նման ակտիվությունը։

Անշուշտ, Բաքուն կարող է հույս փայփայել, որ կհամոզի Մոսկվային չխոչընդոտել այդ գործարքին, եւ գլխավոր փաստարկն է՝ օգնել Լուկաշենկոյին պահպանել ավտորիտար կառավարման համակարգը, ինչը միանշանակորեն բխում է Մոսկվայի եւ Բաքվի համատեղ շահերից։ Եվ հավանականությունը փոքր չէ, որ Մոսկվային այդ փաստարկը կարող է եւ համոզել, քանզի դրա այլընտրանքը ԱՄՆ-ի կամ Նորվեգիայի նավթն է, ինչը նշանակում է ծանր հարված Մոսկվայի երկարաժամկետ կայսերական շահերին։

Սակայն, մյուս կողմից, հասկանալի է, թե որքան խոցելի են քաղաքական առումով բոլոր պայմանավորվածությունները Բաքվի հետ, հաշվի առնելով Մոսկվա-Բաքու հարաբերությունների «քիմիայի» առանձնահատկությունները։ Թեկուզ եւ կիսատ, մեկուսի, բայց եւ այնպես դե յուրե անկախ եւ ինքնիշխան Բելառուսում անցած երեսուն տարվա ընթացքում ձեւավորվել է սերունդ, որն էականորեն փոխել է երկրի դիմագիծը, զերծ է մնացել այն հասարակական-քաղաքական մուտացիաներից, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում, Բելառուսն այլեւս Ռուսաստան չէ եւ չի ուզում դառնալ, նույն ինքը՝ Լուկաշենկոն, որը բաց տեքստով է հայտարարում. «Ես մտադիր չեմ դառնալ երկրի վերջին նախագահը»։ Իսկ քաղաքակրթական եւ մշակութային առումով Բելառուսն այլեւս առավել Բալթյան երկրների եւ Լեհաստանի «շարունակությունն» է, քան Ռուսաստանի, եւ դրանում համոզվելու համար բավական է տեղում տեսնել եւ զգալ այդ իրողությունը…

Այդ իմաստով հետագա զարգացումները կարեւոր են նաեւ Հայաստանի համար։ Բաքուն հաստատապես կաշխատի, որպեսզի իր հնարավոր տնտեսական առաջխաղացումը քաղաքականապես «ծախի» թե Մոսկվայի, թե Մինսկի վրա, ակնկալելով բալանսի տեղաշարժ՝ իր հետաքրքրությունների շրջանակում, առաջին հերթին՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Իհարկե, խոսք է գնում ապագայի մասին, այնուամենայնիվ, Երեւանը չի կարող իրեն թույլ տալ շռայլություն եւ իր հաշվարկներից դուրս թողնել նման զարգացումների հնարավորությունը։

Երեւանի խնդիրն է բալանսավորել ադրբեջանական ակտիվությունը Թբիլիսի-Կիեւ-Մինսկ ուղղությամբ, թույլ չտալ, որպեսզի այն ուղղվի ընդդեմ Հայաստանի։ Երեւանը, Թբիլիսին, Կիեւը՝ միանշանակորեն շահագրգռված են, որպեսզի «իշխանության տրանզիտը» Բելառուսում ավարտվի ժողովրդավարական բարեփոխումների մեկնարկով, ինչը էապես կթուլացնի ռուսական կայսերապաշտության ինքնավստահությունը։ Ռազմավարական առումով սա է գլխավորը, այլ ոչ թե հնարավոր կարճաժամկետ նավթա-տրանզիտային օգուտները։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ իհարկե, գլխավորապես կախված է բելառուս ժողովրդի կամքից, եւ մեզ մնում է բարոյապես աջակցել նրանց պայքարին եւ մեծ հաջողություն մաղթել։ Եվ սա հենց այն դեպքն է, երբ կարող ենք փաստել, որ մեր ազգային անվտանգության շահերը համընկնում են ժողովրդավարության շահերին եւ համապատասխանում են ազատության եւ ժողովրդավարության արժեքներին։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829