Լույս է տեսել «Ազգ» թերթի լրագրող, հրապարակագիր Մարիետա Խաչատրյանի «Կյանքի կինոն» գիրքը։
Այն հեղինակի երրորդ գիրքն է՝ «Արտաժամանակ», «Դեպի կյանք» գրքերից հետո։ Ըստ հեղինակի` գրքի վերնագիրը մի պատմվածքում նկարագրվածի փիլիսոփայական ընդհանրացումն է` հակառակ երեսից: «Կինոյի կյանքը» պատմվածքում երկու դերասաններն ու կինոբեմադրիչն իրենց իսկական կյանքն ապրում են կինոհրապարակում` սիրահարվում են, սիրում եւ ատում, իսկապես առնում կյանքի համն այնտեղ: Գրքի մնացած պատմվածքներում հակառակն է`մեր կյանքն է կինոհրապարակ, որտեղ ծավալվող սերը, ատելությունը, չարությունն ու բարությունն են դերակատարները, մեր կողքին տեղի ունեցող կյանք-կինոն է` առանց կեղծումների եւ շպարի, իրական հերոսներով: Ինչպես նույն գրքի մի քառատողում. «Կյանքը երգ չի, Սիրուն ու ռոմանտիկ, Առանց վերքի, Առանց ինտրիգ…»։
Գիրքը երկու մասից է. «Պատմվածքներ» եւ «Չափածո կյանք»։ Բացի պատմվածքներից, տեղ են գտել Մարիետայի բանաստեղծությունները;
«Կորցրած-գտած» պատմվածքում ընթերցողը հնարավոր է տեսնի իրեն, ապրի այն նույն զգացումները, ինչը կինո-կյանքում է. «Գրականություն չկա առանց սիրո, տառապանքի ու ցավի, առանց մեծ ու փոքր կրքերի, առանց մեծ ներշնչումների… վրեժխնդրությունների; Այո, այդ վերջինն էլ կար։ Կյանքում եւ գրքում։ Կինը ոչ միայն իրենց յուրօրինակ, ուրիշների համար նախանձելի, առանց սահմանազատման եւ սահմանագծման, անհաշվետու, անպարագիծ սերն էր նկարագրել, այլեւ նաեւ մարդկային դավաճանությունն ու անմարդկայինին տրվելու մարդու ընդունակությունը։ Ստացվել էր շատ անկեղծ գիրք՝ երկու մարդու մասին»։
Մ. Խաչատրյանը իր «Անհավանական սեր» պատմվածքում ներկայացնում է մի պատում, հերոսուհին ասես մի բան թաքցնում է, իրականում… չթաքցնելով. «Արաքսը մտածում է, որ այն, ինչ պատմեց մարդը, հիմա հնաոճ, անիրական ու մի քիչ էլ անհավանական կթվա՝ այլ սերունդ է, այլ կերպ է սիրում եւ այլ կերպ է նայում կյանքին։ Ու դա ոչ մեկին չի պատմի՝ հազիվ թե հասկանան։ Դա էլ թող իր գաղտնիքը մնա»։
Պատմվածքների անվանումներն անգամ տրամադրում են, որպեսզի կարդաս գիրքը. «Հին բանալիներ», «Տպարանի «Զոնան»», «Սերն ու փառքը», «Բլոտ կամ չորս կին», «Բեսեդկի մարդը», «Շշունջներ այն աշխարհից», «Առեղծվածային սրվակը» …
Մարիետա Խաչատրյանի արձակը ինչ-որ առումով հոգեբանական է, ներկայացվածը հոգեբանական պատմվածքներ են, որոնցում կա թե՛ քաղաքի «հոգեվիճակը», թե՛ մարդկանց՝ հերոսների։ «Քաղաքն ապրում էր ծույլ կյանքով։ Ամեն օր նրա փողոցներում եւ տներում առանց մեծ ցնցումների հանդարտ կյանքն էր հոսում։ Մարդիկ ծուլորեն նարդի էին շրխկացնում զրուցարաններում, կանայք փորձում էին ավանդական կյանքի ու նոր բարքերի անհավանական համադրումներ անել, նրանց ամուսինները փորձում էին հասնել նրանց հետեւից, բայց դա նրանց չէր հաջողվում, նրանց կյանքը սնուցելով կենցաղային ու սիրային սկանդալներով…այս քաղաքը տեսել էր խորհրդային բարքերը, հետո այդ բարքերից դուրս թռչելու փորձեր արել, տեսել էր սիրամարգի պես շորորացող ագռավների, արտույտի պես վետվետալ փորձող հավերի, արքա ձեւացող լաքեյների, լաքեյի վերածված արքաների։ Բայց հանդարտությունը չէր կորցրել»,-գրել էր նա իր «Արյունախմության էջը» պատմվածքում։
Նախկին ներկան դարձել է ներկա-նախկին, ներկային խառնվել է «Մեծ համացանցի ժամանակը», երբ ինչպես հեղինակն է ասում՝ «ամեն մի զրուցարանից կամ հարեւանի խոհանոցում սուրճի շուրջ բամբասելուց անցավ համացանց»։
Խաչատրյանի արձակի մեջ կա բանաստեղծական նկարագրություններ, որոշ դեպքերում բանաստեղծության տողերում… արձակ։
Գիրքը տպագրվել է «Վան Արյան» հրատարակչատանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.04.2026


















































