Լրահոս
Օրվա լրահոսը

«Միլիարդ»՝ մարզիկին, «կոպեկներ»՝ բժիշկներին, ուսուցիչներին․ ի՞նչ է սա՝ վերջին հարյուրամյակի համաշխարհային պսիխո՞զ, թե՞ մարդկային թուլություն. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 08,2020 13:07

Համաշխարհային այս համաճարակի տարածման առաջին օրերին մի բժիշկ համաճարակաբան հայտարարեց, որ կորոնավիրուսը պատիժ է մարդկանց իրենց սխալների համար։

«Միլիոններ եք վճարում Մեսիին, Ռոնալդուին, իսկ ահա բժիշկները, համաճարակաբանները, գիտնականները աշխատում են կոպեկներով։ Դե հիմա թող այդ ֆուտբոլիստները գտնեն համաճարակի դեմ դեղամիջոցները»՝ մոտավորապես այսպիսին էին բժիշկ համաճարակաբանի խոսքերը։ Իհարկե սա չի նշանակում, թե «կոպեկներով աշխատող» առողջապահության համակարգի աշխատողները չեն փորձում դեղամիջոցներ գտնել ընդդեմ կորոնավիրուսի, բայց արտահայտված միտքը ինչ-որ տեղ կարող է ահազանգ հանդիսանալ․ մարդկանց հսկայական էմոցիաներ պարգեւող սպորտի համաշխարհային աստղերը ահռելի գումարներ են ստանում, բայց նրանք չեն կարող մարդկանց օգնել օրհասական պահերին։

Հիմա ամբողջ ֆուտբոլային աշխարհում քննարկվում է ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատման հարցը, ընդ որում ֆուտբոլի միջազգային կառույցները, ազգային ֆեդերացիաները, ակումբների սեփականատերերը տարբեր կարծիքներ, մոտեցումներ են ցուցաբերում։ Մասնավորապես Անգլիայում, Ռուսաստանում առաջարկել են ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատել 30 տոկոսով, Իտալիայում՝ մինչեւ 50 տոկոս եւ այլն։ Բավական հետաքրքիր է, իհարկե, հենց ֆուտբոլիստների արձագանքը։

Անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, որը ներկայումս հանդես է գալիս Անգլիայի նշանակությամբ 2-րդ դիվիզիոնի՝ Չեմպիոնշիփի «Դերբի Քաունթի» թիմում, հայտարարել է, որ սխալ է բոլորի աշխատավարձերը կրճատել նույն չափով։ «Կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են իրենց թույլ տալ աշխատավարձի 30 տոկոս եւ անգամ ավելի շատ կրճատումներ, բայց կան մեծ թվով ֆուտբոլիստներ, որոնք նման կրճատման դեպքում չեն կարող ապահովել իրենց, իրենց ընտանիքների նվազագույն ծախսերը։ Եվ ի՞նչ է նշանակում աշխատավարձերի կրճատում։ Այս դեպքում ուղղակի կրճատվում են ակումբների սեփականատերերի ծախսերը, բայց այն օգուտ չէ համաճարակի դեմ պայքարին։ Ես ինքս պատրաստ եմ մեծ ներդրումներ անել առողջապահության համակարգում։ Ֆուտբոլիստները նույնպես պատրաստ են իրենց աշխատավարձերից մեծ ներդրումներ անել։ Բայց ոչ թե հօգուտ ակումբների սեփականատերերի, այլ հօգուտ առողջապահության համակարգի։ Մենք պատրաստ ենք փոխանցել մեր աշխատավարձերի մինչեւ 30 տոկոսը համաճարակի դեմ աշխատող բուժհաստատություններին», – հայտարարել է Ռունին։

Ֆուտբոլի, սպորտի համաշխարհային աստղերը՝ Լիոնել Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոջեր Ֆեդերերը, Պեպ Գարդիոլան եւ այլք, արդեն իսկ հսկայական գումարներ են փոխանցել կորոնավիրուսի  դեմ պայքարող տարբեր կազմակերպությունների։ Ակնհայտ է, որ Համաշխարհային պատերազմ հիշեցնող այս համաճարակը դեռ իր էական ազդեցություն է ունենալու տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ ֆուտբոլի վրա։ Սա դեռ ապագայում։ Բայց ամեն դեպքում հետաքրքիր է կրկին այն բժիշկ համաճարակաբանի հարց-պնդումը՝ ինչո՞ւ են սպորտի համաշխարհային աստղերը ահռելի գումարներ ստանում, ի՞նչն է դրդում մարդկանց վճարել անհավանական գումարներ ֆուտբոլիստներին, թենիսիստներին, բռնցքամարտիկներին, այլ մարզաձեւերի ներկայացուցիչներին։

Վերջերս «Forbes» հանրահայտ ամսագիրը հրապարակել է իր նոր վերլուծությունները համաշխարհային աստղերի եկամուտների վերաբերյալ եւ կանխատեսել, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մինչեւ տարեվերջ կկարողանա իր կարիերայի ընթացքում վաստակած եկամուտներով հատել 1 միլիարդ դոլարի սահմանը։ Ընդ որում, անգամ այն դեպքում, եթե Կրիշտիանուն համաճարակի հետեւանքով հրաժարվի իր աշխատավարձի 50 տոկոսից։ Այսպիսով Կրիշտաինու Ռոնալդուն կդառնա պատմության ընթացքում առաջին ֆուտբոլիստը, որը կարիերայի ընթացքում կարողացել է վաստակել 1 միլիարդ դոլար։ Մինչ այժմ նման ցուցանիշ արձանագրել էին ընդամենը մի քանի մարզիկներ՝ գոլֆիստ Թայգեր Վուդսը, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը եւ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։ «Միլիարդ» մարզիկին, «կոպեկներ» բժիշկներին, ուսուցիչներին․ ի՞նչ է սա՝ վերջին հարյուրամյակի համաշխարհային պսիխո՞զ, թե՞ մարդկային թուլություն։

Պարզվում է, սակայն, որ նման իրավիճակը նոր երեւույթ չէ մարդկության պատմության մեջ եւ որ էլ ավելի զարմանալի է՝ ներկայիս համաշխարհային աստղերը  իրենց վաստակով չեն էլ կարող մոտ լինել նախկինում հայտնի մարզիկների եկամուտներին։ Նույն «Forbes»-ը վերջերս մի ուսումնասիրություն էր հրապարակել, համաձայն որի մարդկության պատմության ընթացում ամենաշատ գումար աշխատած մարզիկը Հին Հունաստանում մեծ մասսայականություն վայելող ձիակառքերով մրցավազքի վարպետ Գայ Ապուլայ Դիոկլն է։ Հիշեցնեմ, որ ձիակառքերով մրցավազքը համարվում է Հին Աշխարհի գլխավոր մարզաձեւերից մեկը, եղել է Օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ Հռոմի ամենամեծ մրցատեղիում՝ «Circus Maximus»-ում, ձիակառքերով մրցավազքին հետեւում էին մինչեւ 250 հազար հանդիսական։

Մարզիկի մահից հետո նրա տաղանդի երկրպագուները ի պատիվ իրենց կուռքի հուշարձան են կանգնեցրել եւ վրան փորագրել այն գումարի չափը, որը Դիոկլը վաստակել է իր կարիերայի ընթացքում՝ ուղիղ 35 միլիոն 863 հազար 120 սեստերցես։ «Forbes»-ի մասնագետների հաշվարկով այս գումարը համապատասխանում է 2600 կգ ոսկու, ինչը ժամանակակից գներով կազմում է․․․ 19 միլիարդ դոլար»։ Իսկ «Bloomberg»-ի մասնագետները հաշվել են Հին Հռոմի ՀՆԱ-ի նկատմամբ Դիոկլի եկամուտը եւ այն կազմել է 29 միլիարդ ժամանակակից ԱՄՆ դոլար։

Էմոցիան, մարզական հույզը, մրցակցության տենդը մարդու էության անբաժանելի մասն են ու այն չի կարող վերանալ։ Սպորտն էլ, ֆուտբոլն էլ դեռ կվերադառնան մեր առօրյան, բայց հիմա էլ ավելի կարեւոր է ուղղակի վերաիմաստավորել մեր կյանքը, փորձել վեր կանգնել սեփական հույզերից, նկրտումներից։ Ամեն ինչ լավ է լինելու։

Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930