Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակը մեզ դեպի մեկ այլ աշխարհ է տանում։ Մենք նույնպես պետք է վերադառնանք հողին և վերստին պետք է սկսենք արտադրել. Ժակլին Չելիք. «Հայկական ժամանակ»

Մայիս 05,2020 11:35 Share

Թուրքիայի հայազգի գրող Ժակլին Չելիքը ծննդով Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից է։ Նա փոքր էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Ստամբուլ՝ բնակություն հաստատելով Քումքափը թաղամասում։

– Ժակլի՛ն, վերջին տարիներին ի՞նչ գույներ ստացավ հայաստանցիներով բնակեցված Քումքափը, որտեղ Ձեզ հետ միասին «Ավազե ժամին Քումքափը» գրքի հերոսներն են ապրել:

– Ըստ էության՝ 1970-ականներին և այսօր հայաստանցիների Քումքափը նախընտրելու պատճառները նույնն են՝ պատրիարքարան, եկեղեցի և դպրոց, որտեղ կարող են ուղարկել իրենց երեխաներին և, իհարկե, աշխատանք գտնելու հնարավորությունը։ Այս թաղամասը Անատոլիայի տարբեր կողմերից եկած մարդկանց մեծամասնության առաջին կանգառն էր։ Միևնույն ժամանակ այն նաև լավ ապագա ծրագրելու կամ ինչպիսի՞ն է լինելու այդ լավ ապագան հարցը տալու առաջին կանգառն էր։

1990-ականների սկզբին տեքստիլի և կոշիկի արտադրամասերի տարածման և թաղամասի բնակչության կազմի փոփոխության հետ մեկտեղ շատ հայ ընտանիքներ լքեցին Քումքափը, իսկ մենք մնացինք, մնացինք, որովհետև այս քաղաքը փոխարինել էր մեր լքած քաղաքին։ Քումքափը և հատկապես տունը, որտեղ մենք էինք ապրում, արդեն մեր նոր երկիրն էր։ Կարծում եմ՝ այնտեղ մեզ պահողը նորից ու նորից գաղթի հետևանքով կորցնելու վախն էր։ Մնալ ցանկացանք և մնացինք։ 1996 թվականին, երբ բաժանվեցինք այնտեղից՝ տեղափոխվելով այլ թաղամաս, Հայաստանից Քումքափը եկան մեր հայրենակիցները, և մեր տան մեջ նորից ոտնաձայներ լսվեցին։ Այդ ամենը նույնիսկ չէինք կարող պատկերացնել։ Այն ժամանակվանից սկսած՝ տան միջնապատերում թաքնված լեզուն մարդկանց շնորհիվ կրկին կենդանացավ։ Հայաստանցիների գալու հետ մեկտեղ Ստամբուլի հայերը (երկու տարբեր մշակույթ ունեցող մարդիկ) միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն ստացան։ Այնտեղից եկածները հանգիստ ներկայացնում էին իրենց հայ լինելը, ինչը լավ ազդեցություն ունեցավ մեր ճնշված վախերի վրա։

– Համավարակի ճգնաժամն ազդել է նրանց ապրելակերպին․ նյութական խնդիրներին գումարվել է նաև հայրենիք վերադառնալու հրամայականը։ Մի՞թե նրանք այլընտրանք ունեն։

– Դժբախտաբար, վատ է ազդել։ Թուրքիայում ապրող մյուս գաղթականների նման նրանք նույնպես անօգնական են։ Առաջնահերթությունը առողջ մնալն է, որովհետև առողջության ապահովագրություն չունեն։ Այս հարցում չգիտեմ, թե Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցը որքանով է ազդեցիկ, հուսամ՝ ոչ մեկին կես ճանապարհին չի թողնի։ Թուրքիայի պետական հիվանդանոց ընկնելիս՝ ըստ երկրների սահմանված գնացուցակ կա։ Հայաստանին հատկացվածը «սպանող» տեսակից է. այդքան թանկ ու անմատչելի է: Բոլորն անհամբեր սպասում են, թե ի՞նչ է լինելու, և այս վիճակը ի՞նչ փոփոխություն է բերելու։

Հայրենիք վերադառնալու անհրաժեշտությունը վիրուսից առաջ սկսված մի ընթացք է։ Հայտնի է, որ Թուրքիան արդեն իսկ մեծ տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Մյուս կողմից Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով ընդունած գաղթականների հետ չգիտի՝ ինչ անել և անընդհատ փոփոխության է ենթարկում գաղթականների կանոնները․ անցյալ տարի կացության և աշխատանքի իրավունք չունեցողներին հետ է ուղարկել իրենց երկրներ։ Այդ իսկ պատճառով անցյալ տարվանից սկսած՝ այդ շրջանակը արդեն նեղանում է։ Համավարակից հետո ալիքն ավելի մեծ է լինելու, և շատերը ստիպված կլինեն «փախչել» իրենց երկրներ։ Իրականում աշխարհի ոչ մի երկիր այլևս  վարդերի այգի չի խոստանալու։ ԱՄՆ-ի առողջապահական համակարգը մեկ ամսվա մեջ մեր աչքի առաջ հալեց։

Համավարակը մեզ դեպի մեկ այլ աշխարհ է տանում։ Մենք նույնպես պետք է վերադառնանք հողին և վերստին պետք է սկսենք արտադրել։ Այստեղ ապրող հայաստանցիների համար միակ ընտրությունը հայրենիք վերադառնալն ու միանալն է Փաշինյանի՝ ավելի լավ ապագա ունենալու ջանքերին՝ ասելով՝ եթե անգամ ցամաք հաց եմ ուտելու, թող հայրենիքիս հացը լինի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031