Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ շրջան

Օգոստոս 08,2020 10:20 Share

Զարմանալի բաներ են կատարվում Հայաստանում։ «Մեկ Հայաստան» կուսակցությունը դիմում է դատախազություն, կորոնավիրուսի համավարակի տարածման պատասխանատուների դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Երեք կուսակցություններ՝ ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» դիմում են նույն դատախազությանը քրեական գործ հարուցելու սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով (նկատի ունենալով ՍԴ-ի հարցը)։ ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատրաստվում է դիմել ԱԱԾ, նկատի ունենալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված պատմության դասագրքերի չափորոշիչների վտանգավորությունը պետական անվտանգության տեսակետից։

Ձեռնպահ կմնամ վերոնշյալ հարցերի իրապես քրեական հանցակազմի առկայության մասին կարծիք հայտնելուց։ Հարցը դիտարկենք միանգամայն այլ հարթության մեջ։ Դեռ կարելի է հասկանալ պարոն Աշոտ Մելքոնյանին։ Նա պատմաբան- գիտնական է, թերևս ոչ այնքան տեղյակ Հայաստանի քաղաքական-իրավական համակարգից։ Բա կուսակցություննե՞րը, որոնցից մեկ-երկուսը տարբեր ժամանակներում իշխանության մաս են կազմել, մասնակցել են սահմանադրական փոփոխություններին, նրանց անդամներից ոմանք իրավաբաններ են, նույնիսկ ԱԱԾ նախկին տնօրեն։ Հարգելիներս, ի՞նչ եք կարծում, որ վարչապետին ենթակա կառույցները նրա դեմ գո՞րծ պետք է հարուցեն։ Արդյոք դուք համարո՞ւմ եք, որ Հայաստանը իրավական պետություն է, որտեղ դատաիրավական համակարգը գործադիրից անկախ է գործում։

Հայաստանի Հանրապետության ստեղծման օրից ցույց տվեք առնվազն մեկ դեպք, երբ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել գործող իշխանության որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, կամ նրա մերձավորի նկատմամբ, առանց պետության ղեկավարի համաձայնության, ավելի ճիշտ՝ ցուցումի։ Այո, քրեական գործեր հարուցվել են և հարուցվում են պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների նկատմամբ, հիմնականում, շինծու՝ ցուցումով, բայց․․․ նախկին իշխանավորների հանդեպ։ Եվ այդ գործերը հարուցվել են և հարուցվում են այն նույն քննիչների, դատախազների կողմից, ովքեր էլ նախկինում նույն ձևով գործեր են հարուցել, այսօր իրենց կողմից մեղադրյալի կարգավիճակ ունեցողների հրահանգներով։ Թե՞ հարգելի կուսակցությունները նույնպես հավատում են, որ ի տարբերության նախորդ շրջանի, 2018թ․ մայիսից սկսած արդեն ապրում ենք նոր՝ իրավական պետությունում։ Այս երկու տարիների ընթացքում, փոխվե՞լ են արդյոք ոստիկանության, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, ՊԵԿ կառույցների կարգավիճակը, քննիչների հոգեբանությունը։

Չէ՞ որ այդ կառույցներն ինչպես նախկինում, այժմ էլ օրենսդրորեն գտնվում են վարչապետի, կամ կառավարության (որը նույն կարգավիճակն է), ենթակայության տակ և կատարում են նրա ցուցումները։ Իսկ բոլոր ժամանակներում հլու-հնազանդ գործող դատախազության մասին չխոսենք։ Եվ ինչպես նախկինում էին այդ կառույցները հանդիսանում ՀՀ նախագահի հիմնական քաղաքական հենարանը, այդպես էլ այսօր վարչապետի։ Ավելին, այդ կառույցները ավանդաբար շատ ավելի մեծ ազդեցություն ունեն դատարանների վրա, քան օրենքն ու սահմանադրությունը, դատարաններն էլ որպես կանոն (որոշ բացառություններով) «կես խոսքից» հասկանում են ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, ՊԵԿ, դատախազության ցանկությունը (ի՞նչ կարծիքի եք, պարոն Վանեցյան, հիշենք հեռախոսային գաղտնալսումները): Եվ եթե վերոնշյալ կառույցների ղեկավարները հանկարծ կասկածեն վարչապետի հանձնարարականների «ճշմարտացիության» վրա , ապա կամ պետք է հրաժարական տան, կամ կհեռացվեն, և եթե նրանց նկատմամբ քրեական գործեր չհարուցվեն, բախտները բերել է, անկախ այն բանից նոր են, թե նախկին(այնպես չէ՞, պարոն Վանեցյան)։ Եվս մեկ անգամ, հարգելի ընդդիմադիրներ, եթե դատաիրավական համակարգը ինքնուրույն, անկախ գործեր, ապա ծխախոտամաքսանենգային սկանդալային հայտարարության հետքերով արդեն քրեական գործեր հարուցված կլինեին։

Այնպես որ, վերոնշյալ գործերն ընթացք կստանան միայն հնարավոր իշխանափոխության դեպքում, արդեն նոր իշխանությունների հանձնարարականով։
Բայց և հենց այս համակարգն է պատճառը, որ Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվել և չի փոխվելու։
Հարց Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերին․

-Եթե ինչ-ինչ ձևերով դուք գաք իշխանության, արդյոք կփոխե՞ք այս արատավոր շրջապտույտը, անկախացնելով դատաիրավական համակարգը հենց ձեր իշխանությունից։
ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31