ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին կայացած «Թուրք ադրբեջանական ագրեսիան եւ Արցախի անկախության պայքարը» թեմայով գիտաժողովում, ի թիվս այլ գիտնականների, զեկուցումով հանդես է եկել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ Հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սիմոնյանն ասաց, որ բոլոր կետերով իր զեկուցման մեջ անդրադարձել է առանցքային խնդիրներին եւ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարի դասերին:
Խնդրեցինք առանձնացնել հիմնական մարտահրավերներից մեկ-երկուսը: «Առաջինն այն է, որ նախ պետք է հիմնովին վերանայենք մեր վերաբերմունքը հասարակության ներսում, ոչ թե պետք է զուտ միասնության կոչեր անենք, այլ աշխատենք այդ ուղղությամբ»,-ասաց գիտնականը:
Նրա ձեւակերպմամբ. «Մեր վերաբերմունքը պետք է շրջադարձային լինի, այսպես այլեւ հնարավոր չէ շարունակել»: Գիտնականի համոզմամբ, հայ ժողովրդի գոյությունն ու զարգացումն ապահովող ամենակարևոր գործոնը Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն և Սփյուռք եռամիասնությունն է, որի շնորհիվ հայ հասարակությունը կկարողանա դրսևորել իր հայկական էթնոսի ողջ ներուժը՝ կենսականորեն կարևոր խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարելու համար:
Արամ Սիմոնյանի զեկուցման մեջ նշվում է, որ մենք «դատապարտված» ենք ստեղծել ուժեղ հասարակություն՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյական առումով, եւ այդ հասարակությունն էլ պետք է զարգանա հայկական ազգային գաղափարախոսության, դեմոկրատական գործընթացների, չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության վրա խարսխված հայկական պետականության նպատակների եւ ձգտումների իրականացման ճանապարհով:
Կարդացեք նաև
Արամ Սիմոնյանը փաստում է, որ այսօր ողջ հայությունը ծանր ժամանակներ է ապրում իր դեմ սանձազերծված ագրեսիայի և ադրբեջանական հանցավոր կառավարության պատճառով, ու մեր էթնոսի եւ պետականության գոյության գրավականը եղել եւ մնում է հայկական ուժեղ բանակը, որը պետք է լինի մեր անմիջական հոգածության ներքո:
Ըստ պատմաբանի, յուրաքանչյուր հայի պարտքն է հենց օրորոցից կրթել նոր սերնդին, որպեսզի երիտասարդներն ունենան բարձր բարոյականություն, հայրենասիրություն, անսահման նվիրվածություն սեփական ժողովրդին, նաեւ հայրենիքը պաշտպանելու անկոտրում կամք և վճռականություն:
Պետականության առջև ծառացած մարտահրավերներին անդրադառնալիս՝ Արամ Սիմոնյանը կարծիք է հայտնում, որ հայ հասարակությունը դժվար խնդիր ունի լուծելու՝ խաղաղ գոյակցել երկու թուրքալեզու հարևանների հետ՝ չմոռանալով, որ թուրքերի գիշատիչ բնազդները, պանթյուրքական տրամադրությունները եւ կրոնական անհանդուրժողականությունը չեն վերացել:
Ըստ Արամ Սիմոնյանի զեկուցման մեջ արծարծված թեզերից մեկի, հայ մտավորականությունը պետք է մի կողմ դնի իր վախերը եւ զիջողական վերաբերմունքը՝ հնարավոր սպառնալիքների հանդեպ, նեղ, եսասիրական բնազդները՝ կազմելով գործողությունների ծրագիր՝ ժողովրդի եւ պետության մարտահրավերները հաղթահարելու համար. «Մտավորականություն պետք է գիտակցի, որ մեր դեմ ուղղված քարոզչությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը եւ այդ փաստն անտեսելը կամ այն լուրջ չընդունելը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների»:
Պարոն Սիմոնյանը փաստում է, որ Արցախյան ճգնաժամի ընթացքում Հայաստանի ղեկավարությունը հետևողական էր միջազգային իրավունքի և համընդհանուր բարոյականության սկզբունքներին, ինչն արդարացված չէր Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում, որոնք բարոյականության մասին գաղափար անգամ չունեն, ինչի վառ ապացույցն էլ այն է, որ հարմար պահի երբեք չհապաղեցին ոտնահարել այդ սկզբունքները:
Ինչ վերաբերվում է հարևան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, պատմաբանը համոզված է, որ պետք է սերտ բարեկամական հարաբերութուններ ստեղծել հարևան Իրանի հետ, ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ եւս զարգացնել հարաբերությունները, որովհետեւ ամեն տեսակի հակառուսական տրամադրություններն անհանդուրժելի են:
«Պետք է գիտակցել, որ Ադրբեջանը բոլոր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակներում միշտ հանդես է գալու Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ տարածքային պահանջներով եւ փորձելու է հագեցնել մեր ունեցվածքի, մշակութային ժառանգության յուրացման առումով իր քաղցը»,- ասում է Արամ Սիմոնյանը: Նաեւ ընդգծում է, որ Իրանի հետ սերտ եւ բարիդրացիական հարաբերությունների զարգացման համատեքստում պետք է հասնել նրան, որ ապահովի նրա չեզոք, իսկ լավագույն դեպքում՝ Արցախի հարցի եւ Հայաստանի հանդեպ բարենպաստ դիրքորոշումը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































