Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, տղամարդ հասկացողությունը վերջացա՞վ Հայաստանում… Եթե ես հիմա չպայքարեմ, ես չեմ կարող գիշերները քնել, չեմ կարող նայել իմ ախպոր նկարին՝ նրա աչքերի մեջ». «Սեւ հովազի» եղբոր կոչը

Դեկտեմբեր 12,2020 19:34

«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում կասկած էր հայտնել, որ իր եղբայրը զոհվել է դավաճանության արդյունքում, որովհետեւ 4 հոգու համար «Բայրաքթար» չէր աշխատի, հակառակորդը հարվածից 20 րոպե անց արդեն «տոնում» էր Ռուստամի մահը, որովհետեւ հստակ գիտեին՝ ում են խփել:

Սերոբ Գասպարյանը վարչապետին հստակ պահանջներ էր ներկայացրել՝ հրապարակել դավաճանների անունները, եթե ոչ, ուրեմն դավաճանը ինքն է:

Այս հարցազրույցից հետո տարբեր հարթակներում Ռուստամ Գասպարյանին վարկաբեկելու գործընթաց է գնում: Ոմանք պատերազմի օրերից դեպք են պատմում, թե թուրքի են տեսել, ուզել են կրակել, Ռուստամ Գասպարյանն ասել է՝ ինչի՞ եք կրակում, ափսոս չի՞ փամփուշտը: Սերոբ Գասպարյանը պարզաբանեց, որ պատվեր են կատարվում. «Հայաստանում չկա մի մարդ, ով հավատա, որ Ռուստամ Գասպարյանը տեսներ թուրքի ու թույլ չտար կրակել: Նախ, երիտասարդ, երբ որ դու ուզում ես այդ զենքով 1 կմ-ի վրա տանկ խփես, այլ ոչ թե բացահայտես դիրքը, կամ ասենք ПК-ի ствол-ը մարտական դիրքում կարմրացնել եւ երիտասարդներին թողնել ու գնալ այդտեղից, որ քեզնից հետո հրետանին կարողանա աշխատել մեր տղաների վրա, բոլոր այն անձինք, ովքեր մարտական դիրքում գտնվել են, դա շատ լավ գիտեն, շատ լավ գիտակցում են՝ գալ ուրիշի դիրք, կարմրացնել մարտական դիրքում ПК-ի ствол-ը ու դրանից հետո հրետանի կաշխատի քո վրա, դա դեռ հետաքննելու թեմա է:

Դեռ կլինի հանձնաժողով ու կհետաքննի ձեր արարքները մարտական դիրքում: Գիտենք, որ պատերազմ է գնում, բայց ուղիղ մեր դիրքի վրա ինչ հանձնարարություններ էիք կատարում դուք, դա դեռ կհետաքննվի: Մարդիկ կան, 150 հոգի վկաներ կան, թե դուք ինչով էիք զբաղված ու այդ փամփուշտներն ինչի համար են նախատեսված: Ամբողջը կքննվի: Մի կատարի ուրիշի պատվեր»:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի արձագանքին՝ նա ասաց. «Ես հաստատ համոզված եմ՝ իմ հարցեին չկարողացավ պատասխանել կոնկրետ վարչապետը, որովհետեւ չունի դրա պատասխանը, լղոզված պատասխաններ է տալիս, որ դրա հետ կապ չունի: Հիմա ուրիշ հարց ունեմ վարչապետին: Պարո՛ն վարչապետ, որ դու ասում ես՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, կարո՞ղ ես մատնանշել, թե ո՞ր ժողովրդի մասին է խոսքը, պատկանում է ընդամենը սորոսականների՞ն, թե՞ պատկանում է այն ծնողներին, որոնք այսօր փնտրում են իրենց զավակներին ու դուք ոչինչ չեք անում՝ որպես իշխանություն:

Իշխանությունը պատկանում է այն ժողովրդին, ովքեր հողերը հանձնելուց հետո մնացին այն կողմո՞ւմ: Մինչեւ այսօր ունենք զինվորներ, որ պատերազմ են տալիս ու իրենք չգիտեն, որ պատերազմը վերջացած է, հողերը հանձնված են: Այդ ժողովրդի՞ն է պատկանում իշխանությունը, թե՞ ում: Ես ուզում եմ հասկանամ՝ ինձ պատկանո՞ւմ է իշխանությունը, որ այդ իշխանությունը ուզեմ ձեզնից: Եթե պատկանում է՝ շատ ասելիք ունեմ, թե՞ ձեր համար իշխանությունը միայն ձերն է, այդ մի քանի հոգունը:

Ասեմ ձեր իշխանությունը ում է պատկանում՝ այն մարդուն, որին համազգեստ էիք հագցրել ու նա չէր տարբերում Քարվաճառը Քյալբաջարն է, Ջաբրայիլն է… Դա է քեզ պահելու: Շորեր եք հագցրել այդ մարդկանց, հանել եք, գոնե լավ սովորացրեք իրենց դասերը, որ տարբերեն, թե որն է Ջաբրայիլը, գոնե Արցախ աշխարհի քարտեզը դրեք դեմները, որ կարողանան խոսել:

Դու կառավարիչ ես քո ու քո խմբի համար: Եթե քո համար 1000 իրական հայրենիքի պաշտպան տղաները, ովքեր արյուն են տեսել, խրամատում գնդակոծության տակ են եղել, թուրքի արյուն են թափել, եթե քո համար իրենք ժողովուրդ են, ես վաղը կհավաքեմ իրենց: Ասա քանի հոգի՝ ես կհավաքեմ ու դու արի մեզ պատասխան տուր՝ ո՞ւր ես տանում այս ժողովրդին: Դու անգամ մեզ՝ կռվածներիս, արյուն տեսածներիս չես ասում՝ մինչեւ որտե՞ղ ես տվել: Այսօր գյուղապետն է սեփականաշնորհման գրքույկներով գնում ու ասում՝ մեր տարածքն է, թուրքն եկել, ասում է՝ դուրս արի այստեղից, ո՞վ ես դու, եթե գյուղապետն է անում, սա՛ ես դու… Դու այնքան սրբություն չունես, որ մի օր դուրս չեկար ու չասեցիր քո ֆեյքերին, քո աջակիցներին՝ լսեք, երբ որ խոսում են զոհվածի մայրեր, երբ որ խոսում են զոհվածի ընտանիքներ, մի՛ հայհոյեք նրանց, մի՛ հակառակվեք նրանց, նրանք ողբում են, լացում են, փնտրում են իրենց զավակներին»:

Սերոբ Գասպարյանը քննադատեց Փաշինյանի այն արտահայտությունը, որ պայմանագիրը ստորագրելով՝ փրկել է շատ զինվորների. «Դու սերմանեցիր դավաճանությունը, թե այսքան մարդ փրկել եմ: Սո՛ւտ եք ասում: Ես Հադրութից, «Թութակներից» 75 կմ եղբորս մինչեւ հասցրել եմ հոսպիտալ, 75 կմ մի զինվոր չեմ տեսել, կարային թուրքերը կալոնայով գային: Ի՞նչ 25 հազար զինվորի մասին եք ասում, 75 կմ մի զինվոր չեմ տեսել, ո՞ւր էր քո զորքը: Այսօր մարդիկ կանգնում ու ասում են՝ լավ է, որ մենք փրկվեցինք: Բա մե՞նք ինչ ասենք, մենք հանուն հայրենիքի պատրաստ էինք կյանք դնելու, իսկ այսօր քո աջակիցն ասում է՝ բա արժե՞ր Շուշին, որ մի զինվոր մեռնի: Վաղը կասես՝ բա արժի՞ Երեւանը, որ մի զինվոր մեռնի: Այսօր ուրախանում եք: Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ չզոհվեցին, սրտանց ուրախ եմ նրանց համար, բայց մի՛ անարգեք մեր արյունը, մի՛ տրորեք մեր արյունը, վարչապե՛տ: Քո աջակիցը կարող է ասի՝ հանուն Երեւանի մի հոգի չարժեր զոհվել, ո՞վ ես դու…»:

Սերոբ Գասպարյանը առաջնագծից գալուց հետո վստահ է՝ այնտեղ՝ սահմանին, կյանքը մեր ղեկավարների համար արժեք չուներ, ու այդ անկազմակերպ վիճակը նույնպես դավաճանություն էր. «Հադրութում նման դեպքեր շատ են եղել ու ոչ միայն Հադրութում, որ հայը հայի վրա է կրակել՝ չիմանալով, որ հայ է: Եթե մարդուն տանես մի տեղ գցես ու թողես փախնես: Մեր կռվողները, մեր զինվորները արժեք չեն ունեցել այս պատերազմում ընդհանրապես: Ես եմ իմ զինվորին օգնել, բայց վերեւից հրամանատարական կորիզը, որ կա, գերագույն գլխավոր հրամանատար, ոչ մի բան չենք տեսել, չի եղել: Անկազմակերպ, կապի միջոց չկա: Մարդիկ կան, որ խոսում են, ծիծաղելի է, ասում է՝ մինչեւ վերջ կրակեցի, փամփուշտ չկար, թողի փախա ու մեղադրում է ուրիշներին:

Լսի՛, եթե փամփուշտ չկա, դու մինչեւ վերջ կրակել ես, նշանակում է քո հրամանատարն է մեղավոր, որ դու փամփուշտ չես ունեցել կրակելու, դավաճանել է քեզ թիկունքից, չի մատակարարել: Ասում է՝ ես սպառազինության պետն էի եւ փամփուշտները վերջացան, դուք պատկերացնո՞ւմ եք այս նիկոլական ֆեյքի աբսուրդը՝ սպառազինության պետ ու փամփուշտ չկա: Այս ամեն ինչը կեղծ է, բերում եք մարդկանց եք կանգնացնում, որ կան, բայց չկան, ֆեյք են… Սրանք պղծում են մեր հայրենասիրությունը, հայրենիքը, գողացան մեզանից մեր հավատը: Ես ավելի լավ է աղքատության մեջ ապրեմ, քան թե այսօր կոտրված լինեմ: Այսօր իմ ոխերիմ թշնամին՝ թուրքը կարող է ինձ անարգի, ես նվաստացած եմ ինձ զգում:

Ու կոչ եմ անում այն զինվորներին, այն մարդկանց, ովքեր պատրաստ են եղել հանուն հայրենիքի կյանք դնելու, ոչ թե Շուշիի համար մի հոգու կյանք չզոհելու, միանալ: Մենք պատրաստ եղանք, իմ ամբողջ ընտանիքը՝ եղբայրս, ես, իմ եղբոր տղան, գնացինք ռազմադաշտ՝ մտածելով, որ մեր գերդաստանը կարող է վերջանա մեզնով, բայց չմտածեցինք՝ ո՞նց անենք, որ հետ գանք: Իսկ դուք այսօր համազգեստի մեջ գոռում եք՝ վայ, ինչ լավ է: Լավ չի: Դու նվաստացած ես, չունես բանակ, չունես հայրենիք, դու չունես հպարտություն, այն հպարտության մասին չեմ ասում, որը վարչապետը գլխարկի վրա գրել էր:

Լավ, տղամարդ հասկացողությունը վերջացա՞վ Հայաստանում: Այսօր կանայք այնպիսի մեկնաբանություններ են գրում, որ մտնում նայում ես՝ ամուսնացած կին կարող է ուրիշի տղամարդուն հայհոյի, վերջին խոսքը ասի, լավ, դուք տղամարդ չե՞ք տներում նստած, ոչնչացե՞լ եք: Բա որ ես գամ ձեր դուռը ծեծեմ, ասեմ՝ քո կինն ինձ հայհոյել է, եկել եմ քո կնկան գրկեմ, ողջագուրվեմ նրա հետ, դու՝ որպես տղամարդ, ի՞նչ ես անելու: Ես չեմ ուզում ձեր նման դառնամ, սիրելի հայ ազգ: Այն մարդիկ, որոնք իրոք հայրենասեր են, կոչ եմ անում, միավորվենք, գտնենք իրար՝ փրկելու հայրենիքը»:

Սերոբ Գասպարյանի խոսքով՝ «եթե ես հիմա չպայքարեմ արդարության համար, ես չեմ կարող գիշերները քնեմ, չեմ կարող նայել իմ ախպոր նկարին՝ նրա աչքերի մեջ: Չեմ կարող: Ես կորցրեցի մարմնավոր կյանքում եղբայր, եղբորորդի, տղայիս վնասվածքով հետ բերեցի: Ես չեմ կարող նայել նրանց աչքերի մեջ, եթե չպայքարեմ: Ես կոչ եմ անում բոլորին պայքարելու՝ հանուն արդարության, հանուն ազգի ու ընտանիքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031