Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հանդիպումը․ որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային եւ համակցված փոխադրումների հարցերով եւ փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ այլ տիպի հսկողության հարցերով:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ տարածաշրջանային ապաշրջափակման անվան ներքո քննարկվել է բացառապես Ադրբեջանին եւ Թուրքիային հետաքրքրող տարբերակը՝ Սյունիքի տարածքով կոմունիկացիոն միջանցքը։ Իրական ապաշրջափակման մասին խոսք չի գնացել, չեն քննարկվել Հայաստանի համար պակաս վնասակար տարբերակները՝ Իջեւան-Ղազախ, Երեւան-Թբիլիսի-Բաքու-Մախաչկալա եւ Գյումրի-Կարս երկաթգծային ուղղությունները։
Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը մեզ հետ զրույցում արձանագրում է՝ հայկական կողմը հետաքրքրված է առկա կոմունիկացիաները վերագործարկելու, իսկ Ադրբեջանը՝ նորերը կառուցելու հարցում, եւ կողմերի այս հետաքրքրությունը հասկանալի է։
«Եվ, մասնավորապես, Զանգեզուրի ճանապարհը՝ իմ հայացքով, ամենակարեւոր, ամենաառաջնահերթ ուղղությունը չէ։ Շատ ավելի կարեւոր է Արցախ տանող հյուսիսային ճանապարհը, որը հիմա Քելբաջարի շրջանի հետ գտնվում է Ադրբեջանի ձեռքում։ Խոսքը հայերի կողմից նոր կառուցված, կարճ եւ շատ լավ ճանապարհի մասին է, սա կվկայի յուրաքանչյուր ոք, որն այնտեղ եղել է։ Բայց այս ճանապարհը հիմա չի օգտագործվում։ Գուցե՝ մասամբ, մինչեւ Դադիվանք, ուր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորներ են գալիս։ Բայց որպես միջանցիկ տրանզիտային ճանապարհ՝ այն հիմա չի օգտագործվում։ Եվ ահա՝ ես լսել եմ լուրջ փորձագետների կարծիքը, որ կոմունիկացիաների վերաբացումը կողմերը կարող են մեկնաբանել լրիվ հակադարձ համեմատական տեսանկյունից։ Եվ մասնավորապես՝ Հայաստանին բոլոր առումներով ձեռնտու է օգտագործել արդեն առկա կոմունիկացիաները, որոնք կառուցվել են նրա կողմից Քելբաջարում։ Իսկ ադրբեջանական կողմն ուզում է զրոյից կառուցել այդ ճանապարհները, որպեսզի դրանք ի սկզբանե հանդիսանան Ադրբեջանի սեփականությունը։ Սա կարող է վերաբերել դեպի Արցախ հնարավոր հյուսիսային ուղղությանը, եւ այստեղ, իհարկե, Հայաստանի հարավի միջով տրանզիտային կոմունիկացիաների շուրջ լուրջ բանակցություններ են լինելու»։
Կարդացեք նաև
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































