Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվության դեֆիցիտ գումարած պոպուլիզմ

Ապրիլ 04,2021 22:13

Օրերս Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կարեւորագույն նիստը տապալվեց, որովհետեւ ՀՀ կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրված անդամները այդպես էլ չբարեհաճեցին ներկայանալ, ինչպես վաղօրոք կանխատեսվում էր:

Փոխարենը հրապարակ նետվեց քաղաքի կենտրոնում բուհական շենքերը վաճառելու եւ այդ գումարով քաղաքից դուրս ակադեմիական քաղաք ստեղծելու պոպուլիստական ու վտանգավոր թեզը:

Մայր բուհի արժեզրկման գործընթացը նոր չէ. այն արդեն քանի տարի սկսված է «ռեստարթական» կադրերի գործողություններով, նախկին նախարար, վարչապետի ներկա խորհրդական Արայիկ Հարությունյանի՝ պրոֆեսորադասախոսական կազմի վրա մատ թափ տալով, «100-ամյակն առանց Արամի» (Արամ Սիմոնյանի՝ Գ.Հ) լոզունգներով ու առողջական խնդիրներ ունեցող նախկին ռեկտորին հիվանդանոց հասցնելով, ԵՊՀ հոբելյանը ստվերելով, նախարարի՝ իր հրաժարականը պահանջող  եւ հայագիտական առարկաների համար կռիվ տվող ուսանողների վրա կարմիր բերետավորներ բերելով եւ այլն:

Այժմ էլ իշխանական բոյկոտն համալսարանական շրջանակների կողմից իրավացիորեն ընկալվեց որպես ԵՊՀ-ն եւ բուհական համակարգը կազմաքանդելու փորձ:

Կառավարության լրատվականում այդպես էլ հարմար պատասխան չգտան իրենց կողմից առաջադրված անդամ պաշտոնյաների բացակայությունների համար, ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը կարճ-կոնկրետ ասաց, որ նախարարության ներկայացուցիչների որոշելիքն է ներկա գտնվել-չգտնվելը, իսկ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր չգալը պատճառաբանեց զբաղվածությամբ: Ասինքն զրո պատասխանատվություն:

Ժամանակին, երբ նախկին նախագահը, տարբեր պաշտոնյաները բուհերի խորհուրդների անդամներ էին ընտրվում, այսօրվա քաղհասարակության ներկայացուցիչները, որոնցից շատերը հարմարավետ  սերտաճել են իշխանությունների հետ, կամ տարբեր պաշտոններ են զբաղեցնում, երեսով էին տալիս, թե ինչպե՞ս են ծանրաբեռնված պաշտոնյաները ժամանակ գտնելու եւ ժամերով ներկա գտնվելու բուհերի հոգաբարձուների խորհուրդների նիստերին, ասում էին՝  նրանց ներկայությունը ձեւական է:

Այսօր նույնն է կատարվում, բայց այդ մասին նախկինում աղմկողներն այլեւս ձայն չեն հանում՝ «կերակրատաշտից» չկտրվելու վախով պայմանավորված: Այսօր տարբեր պաշտոնյաներ «հավես չունեն» կամ պատվեր չունեն ներկա գտնվելու Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստին, ասում են՝ զբաղված ենք, եւ տպավորություն է, որ ոչ թե ԵՊՀ-ի կարեւոր հաշվետվությունը պետք է ներկայացվեր, այլ ձեւական ժապավեն կտրվեր, ապա ինչ-որ անկարեւոր ֆուրշետի պիտի մասնակցեին, դրա համար էլ ավելի ճոխ սեղանի մասնակցելուց առաջ չցանկացան ախորժակ փչացնել:

Տեւական ժամանակ անտեսված անռեկտոր, երբեմնի փառահեղ պատմություն ունեցող Մայր բուհի շուրջ ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ փաստում է երկրում տիրող համակարգային անտարբերության եւ պատասխանատվության բացակայության մասին: Ու խնդիրը զուտ կրթական չէ: Այն ամենը,  ինչ կատարվում է երկրում, խարխլում մեր երկիրը, պրոյեկտվում է կրթական համակարգի ու բուհերի վրա:

Չնայած վաղուց ոչինչ չի զարմացնում, երբ պատերազմը պարտված վարչապետը վարչական ռեսուրսի գործադրմամբ կազմակերպված հանրահավաքում ներողություն է խնդրում ու ողջ շուքով շարունակում չհայտարարված քարոզարշավը՝ «կեցցեն մեր զոհերը» կարգախոսով: Չէ՞ որ ինչպես ինքն է ասում՝ թիվ 1 պատասխանատուն է, բայց ոչ միակ մեղավորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930